Հայ գիտնականը փորձում է գտնել այն կոմպոնենտը, որը կկանխի քաղցկեղի զարգացումը

Հայ գիտնականը փորձում է գտնել այն կոմպոնենտը, որը կկանխի քաղցկեղի զարգացումը

«Այն, ինչ կարող է ձեզ սպանել, կարող է և բուժել»

2008թ. ԱՄՆ-ի Բրաունի լաբորատորիայում արված հետազոտությունը երկրորդ շնչառություն բացեց կենսաբանական գիտությունների թեկնածու Նարինե Ղազարյանի կարիերայում: Հայաստանում գիտության անհեռանկարայնության մեջ համոզված, ֆիզիկապես բժշկության, իսկ հոգեպես գիտության մեջ գտնվող երիտասարդ գիտնականին Բրաունի լաբորատորիայում արված հետազոտության մասին հոդվածը վերջնականապես տարավ գիտություն:

Հոդվածը, որում ներկայացված էր անդրկովկասյան գյուրզայի թույնի մեջ պարունակվող օբտուստատին սպիտակուցի հակաուռուցքային ակտիվության մասին, հեղաշրջում արեց երիտասարդ գիտնականի կյանքում: Այս մասին կարդալուց հետո, թերևս, Նարինե Ղազարյանի կարգախոսը դարձավ` «այն, ինչ կարող է քեզ սպանել, կարող է և բուժել» արտահայտությունը: Այս բացահայտումը գաղափար ծնեց երիտասարդ գիտնականի մոտ. «Ես մտածեցի ստուգել` ավելի ագրեսիվ ուռուցքների վրա օբտուստատինն արդյո՞ք ազդեցություն ունի և երկրորդ. քանի որ թույնը 38 բաղադրիչից է կազմված, արդյո՞ք նրա մեջ կան այլ սպիտակուցային միացություններ, որոնք ավելի արդյունավետ են ազդում ուռուցքների զարգացման վրա: Ամբողջական թույնն ու օբտուստատինը փորձեցինք S-180 սարկոմայով հիվանդ մկների վրա (արագ զարգացող չարորակ ուռուցքի տեսակ): Շատ հետաքրքիր արդյունք ունեցանք. փորձերը ցույց տվեցին, որ ամբողջական թույնի ազդեցությամբ սարկոմայի աճը 50 տոկոսով նվազում է, մինչդեռ առանձին օբտուստատինի դեպքում ճնշման աստիճանը 33 տոկոս է»: Մկների վրա փորձարկում անելուց և դրական արդյունք ստանալուց հետո, այդ մասին տպագրվեց նաև «European Journal of Pharmacology» պարբերականում (Եվրոպական ֆարմակոլոգիական պարբերական):

Համոզվելով, որ, անդրկովկասյան գյուրզայի թույնը կարող է ճնշել քաղցկեղի զարգացումը, Նարինեն հանգիստ նստել չէր կարող: Հայաստանում այդ առումով որևէ նվաճման հասնելու մասին մտածելն անգամ անիմաստ էր. միակ տարբերակը Եվրոպա տեղափոխվելը կամ, առնվազն, եվրոպացի գիտնականների հետ համագործակցելն էր: Ընտրեց երկրորդ տարբերակը. կապ հաստատեց սկզբից Գեմանիայի (Գյոթինգեն) Մաքս Պլանկի անվան ինստիտուտի պրոֆեսոր Լուիս Պարդոյի հետ: Այստեղ որոշ ժամանակ աշխատելուց հետո տեղափոխվեց Պորտուգալիայի Պորտոյի համալսարանի պրոֆեսոր Էլզա Լոգարինիոյի լաբորատորիա և մեկ տարի աշխատեց նրա լաբորատորիայում: Հենց այստեղ աշխատելու ընթացքում պարզեց, որ օձի թույնը մոտ մի քանի անգամ ավելի է ճնշում անգիոգենեզի (անոթագոյացման) պրոցեսը, քան օբտուստատինն առանձին. «Էնդոթելային բջիջների թաղանթներում գոյություն ունի մի սպիտակուց`ալֆա 1 բետա 1 անվամբ, որը մեծ նշանակություն ունի անգիոգենեզի գործում: Իսկ օձի թույնի մեջ պարունակվող օբտուստատինն, ինչպես նաև օձի թույնը, ազդում են ալֆա 1 բետա 1 սպիտակուցի վրա, նրանց հետ փոխազդելով` կանխում նոր անոթների ձևավորումը: Այսինքն, եթե մարդ ուռուցք ունենա և անոթագոյացման պրոցեսը չընթանա, ապա այդ ուռուցքը չի սնվի, հետևաբար և` չի մեծանա»,- բացատրում է կենսաբանը:

Քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղը` վերջնական նպատակ

Առաջին հերթին էնդոթելային բջիջների թիրախավորումը, Նարինեի խոսքով, շատ կարևոր է քաղցկեղի բուժման մեջ, քանի որ բուժման ընթացում նրանց թիրախավորումը կարող է լինել շատ ավելի արդյունավետ ռազմավարություն, քան ուռուցքային բջիջների թիրախավորումը: Մյուս կողմից, պայմանավորված այն հանգամանքով, որ ուռուցքի բոլոր տեսակների դեպքում էնդոթելային բջիջները նույնն են, նման հակաանգիոգենեզային դեղամիջոցը կարող է օգտակար լինել ցանկացած ուռուցքի բուժման համար:

Տարեկան հազարավոր կյանքեր խլող ու տարիք չհարցնող քաղցկեղի դեմ դեղամիջոց ունենալու ցանկությունը, ինչ խոսք, մեծ է ինչպես բոլորի, այնպես Նարինեի մոտ: Սակայն մինչ այդ, դեռ ահագին անալիքներ կան, որոնք, նրա խոսքով, և´ շատ ծախսատար են, և´ ժամանակատար: Սակայն դա չի վախեցնում Լ.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Նարինե Ղազարյանին. պատրաստվում է աշխատել այդ ուղղությամբ առաջատար գերմանական և պորտուգալական լաբորատորիաների հետ. «Հետագայում պարզել է պետք` օձի թույնի մեջ գտնվող այլ սպիտակուցներ ուժեղացնո՞ւմ են, արդյոք, օբտուստատինի ազդեցությունը, թե ոչ, ինչպես նաև հասկանալ` նրա բաղադրության մեջ կա՞ մեկ այլ սպիտակուց, որը ևս ունի հակաուռուցքային ազդեցություն»: Հարցականները շատ են և լուծելու համար Նարինեն պատրաստվում է Գերմանիայում և Պորտուգալիայում տարանջատել թույնի բաղադիրչներն ու փորձարկել դրանք `և´ առանձին-առանձին, և´ համակցված:

Փորձարկումներից հետո, շատ հավանական է, ստեղծվի այնքան սպասված ու պահանջված դեղամիջոցը, որի ակունքներում կանգնած կլինի ազգությամբ հայ գիտնականը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում