Հայկական արտադրության բնական օճառները մեծ պահանջարկ ունեն արտասահմանում

Հայկական արտադրության բնական օճառները մեծ պահանջարկ ունեն արտասահմանում

Համալսարանից բիզնես` մեկ քայլով

Ապագա դեղագետների հետ աշխատելուն զուգահեռ, Երևանի պետական համալսարանի դասախոս Նելլի Ավետիսյանն անընդհատ մտածում էր` ի՞նչ կարելի է անել, որ քաղցրահամ ջրի պաշարների հետզհետե նվազման պայմաններում հնարավորինս քիչ աղտոտվի շրջակա միջավայրը: Այդ մտահոգությունը ծագեց այն բանից հետո, երբ Արարատյան դաշտը ոռոգող ջրի մաքրությունը ստուգելիս նրանում հայտնաբերվեցին դեղեր, լվացանյութեր, որոնք վերջնական արդյունքում կարող էին վնասել մարդկանց առողջությանը:

Խնդիրը լուծելու տեսականորեն ամենահեշտ ճանապարհը քիմիական լվացանյութերը բնականով փոխարինելն էր, բայց թե որքանով դա հնարավոր կլիներ իրականացնել, դժվար էր կանխատեսել:

Նախ և առաջ, կար տեղում բնականը գտնելու և երկրորդ` այդ մշակույթը հասարակության մեջ ձևավորելու խնդիր:

Երկրորդ խնդրով պայմանավորված` ռիսկային էր Հայաստանում բնական օճառների մեծածավալ արտադրություն կազմակերպելը: Մշակույթի բացակայությունը մի կողմից, բնակչության վճարունակության ցածր մակարդակը` մյուս, մտածելու տեղիք էին տալիս. Հայաստանում բնական օճառների արտադրությունը կարդարացնի՞, արդյոք, իրեն, թե ոչ: Այդուհանդերձ, Նելլի Ավետիսյանը ռիսկի դիմեց. ամուսնու և որդու (ովքեր ևս մասնագիտությամբ դեղագետներ են) աջակցությամբ` սկսեց արտադրել բնական օճառներ: Սկզբնական փորձերը դրական արձագանք ունեցան թե´ Հայաստանում, թե´ առավելևս` արտասահմանում: Դրանից ոգևորված` աստիճանաբար զարգացրեց արտադրությունը, բայց, ինչպես ինքն է ասում, ոչ թե բիզնես անելու, այլ` հայկականը դրսում ցույց տալու համար:

Միջազգային շուկայում «Արտադրված է Հայաստանում» պիտակը ինքնանպատակ չպետք է լիներ: Նախ` հումքը պետք է լիներ բացառապես տեղական, երկրորդ` այն պետք է արտասահմանցուն որոշակի տեղեկություն տար հայ ժողովրդի մասին, ինչն էլ ստիպեց նրան անդրադառնալ հին ձեռագրերին:

«Յուրաքանչյուր նորը՝ լավ մոռացված հինն է»

Մասնագիտությամբ պայմանավորված` Նելլի Ավետիսյանը ձեռագրերի ընտրության հարցում դժվարությունների չի հանդիպել: Ամիրդովլաթ Ամասիացու, Մխիթար Հերացու, Ղևոնդ Ալիշանի աշխատություններում նա հանդիպել է ինչպես օճառների, այնպես էլ դեղաբույսերի նկարագրությանն ու կիրառմանը վերաբերող տեղեկությունների, որոնք փորձել է վերակենդանացնել իր աշխատանքներում:
Այսպես ծնվել է հայ մեծերի անուններով օճառների շարք ստեղծելու գաղափարը, որը հիմա ընթացքի մեջ է: «Հասկանո՞ւմ եք, շատ կարևոր է, որ աշխարհն իմանա, որ, հին ազգ լինելով, մենք ունեցել ենք աշխարհահռչակ գիտություն և գիտնականներ, ինչի շնորհիվ էլ պահպանել ենք մեր գոյությունն առայսօր: Այսինքն՝ օճառն ինձ համար, նախ և առաջ, միջոց է` պատմելու մեր ժողովրդի անցյալի մասին»,-ասում է տիկին Նելլին:

Դեղագետի մասնագիտությունը, ինչպես ինքն է ասում, շատ է օգնել այս գործում: Բնական օճառների պատրաստման մեթոդների այս նոր մոտեցումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, քանի որ, բացի լվացվելու միջոց լինելուց, այն ձեռք է բերում որոշակի դեղաբանական ու կոսմետիկ նշանակություն: Այն, որ բնական հիմքով պատրաստված օճառները մաշկային տարբեր խնդիրներ կարող են լուծել, փորձն արդեն ցույց է տվել: Այդուհանդերձ, դեղագետը ինքնաբուժմամբ զբաղվելու կողմնակից չէ. «Բուժում նշանակելու իրավունք ունի բացառապես բժիշկը: Սխալ է ասել, որ օճառով կարելի է բուժել. այն կարող է լինել օժանդակող միջոց, որը բժիշկը կնշանակի դեղերի հետ զուգահեռ: Տարբեր բաղադրատոմսերով պատրաստված օճառների կիրառության հարցով ինքս պարտադիր խորհրդակցում եմ բժիշկների հետ: Նրանց հետ նաև համագործակցում եմ»:

Մի քանի դեղատներում, որտեղ ապահովված են համապատասխան պայմաններ, ներկայացված են Նելլի Ավետիսյանի օճառները, որոնք ունեն ցավազրկող, հանգստացնող ազդեցություն, որոշ տեսակներ պսորիազի դեմ են, որոշները` մազաթափության և այլն: Դրանց արդեն իսկ հայտնի ազդեցություններին, դեղագետի խոսքով, ավելանում են նորերը. «Օճառները տեսակավորելը շատ դժվար է, քանի որ գրեթե բոլոր օճառներն ունեն մեկից ավել ազդեցություններ»:

«Հայկական բեզոարը»` բեսթսելլեր

Արդեն իսկ «Verde Pharm» ապրանքանիշի շուրջ 30 տեսակ օճառ կա, որոնցից յուրաքանչյուրի հետ ներկայացված է օգտագործման ուղեցույց: Ավանդական դեղատոմսերով ու տիկին Նելլի մշակած տեխնոլոգիայով պատրաստվող օճառների հիմքում բացառապես բնական բաղադրչիներ են` հայկական մրգեր, խոտաբույսեր, ծաղիկներ, ինչպես նաև` այծի կաթ: «Հայկական բեզոար» անվամբ օճառը պատրաստված է հենց այծի կաթից: Ինչպես կատակում է արտադրողը, ուղղակի կատարյալ կլիներ, եթե հենց բեզոարի կաթից ստեղծվեր, սակայն դա իրատեսական չէ: Բայց ինչպես այծի կաթը,այնպես էլ բույսերը, պատահական սկզբունքով չի ձեռք բերում, այլ` միայն Հայաստանի էկոգոտիներից:

Վերջնական դիզայն ունեցող «Հայկական բեզոար»-ը դարձել է «բեսթսելլեր»: «Երբ որոշեցի լրջորեն զբաղվել այս գործով, իմ մեջ հայը խոսեց: Այսինքն` ես ընտրեցի ամենաբարդ ճանապարհը: Սզբից մինչև վերջ անում եմ ինքս. հումքը սինթեզում եմ, որի հիման վրա ստանում եմ կատարյալ բնական ապրանք: Կատարելության ձգտումը հասցրեց նրան, ինչ ունեմ այսօր»,-ասում է Նելլի Ավետիսյանը: Արտադրության ծավալները հնարավոր է մեծացնել, սակայն պետք է մտածել «handmade»-ը պահպանելու մասին: Իսկ ապրանքային նշանը`«Verde Pharm»-ը, հատուկ է ընտրված բժշկական լեզվով, որպեսզի շեշտվի կապը բժշկության հետ: Սակայն միջազգային շուկայում ընդգծված հայկականությամբ իր տեղն ամրագրելու համար Նելլի Ավետիսյանը մտածում է ապրանքանիշը հայկական դարձնելու մասին:

2011 թվականից արտադրվող հայկական բնական օճառները մեծ հետաքրքրություն են առաջացրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում, Վրաստանում:

Հայկական արտադրության օճառներով հետաքրքրվողները տիկին Նելլիին գտնում են ծանոթ-ընկերների միջոցով կամ ցուցահանդեսներում: Սակայն ձեռներեց կինը փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործում կարևորում է նաև պետական աջակցությունը: Այն, որ լավագույն արտադրողների համար արտագնա ցուցահանդեսների կազմակերպումը կխթանի արտահանումը, կասկած չի հարուցում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում