Ազգային ավանդական խաղեր։ Լախտախաղ

Լախտի կամ լախտ կոչվում են թելերից հյուված կամ կաշվե գոտիները, որ ունենում են բոլոր խաղացողները: Խաղում են թե’ կանայք, թե’ տղամարդիկ Բարեկենդանին, իսկ սովորական օրերին` գլխավորապես երիտասարները: Խաղացողների թիվը որոշակի չէ: Կարող է խաղալ մինչև 20-30 մարդ: Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Նախօրոք գծված կլոր շրջանի մեջ մտնում է մի խումբը` յուրաքանչյուրը իր լախտով, իսկ մյուս խումբը իր լախտերով շրջապատում է շրջանը: Շրջանի մեջ գտնվողները կլոր շրջանով գետնին շարում են իրենց լախտերը, նրանց խնդիրն է`թույլ չտալ շրջանից դուրս գտնվողներին փախցնել իրենց լախտերը: Դրսիններն իրենց լախտերով հարձակվում են ներսինների վրա` ջանալով փախցնել վերջիններիս և տիրանալ նրանց լախտերին: Դրսիններն իրավունք չունեն խախտելու սահմանը և անցնելու շրջանից ներս, ներսիններն էլ դուրս գալու իրավունք չունեն: Ներսինները գետնին դրված իրենց լախտերը պաշտպանում են` ոտքը նրա վրա դնելով, իսկ դրսինների լախտերի հարվածներից պաշտպանվում են խուսանավելով կամ ձեռքերով, և եթե կարողանան` ոտքի հարվածներով հեռու են մղում նրանց: Ներսինների յուրաքանչյուր լախտի գրավում դրսինների կողմից` այդ լախտի տիրոջ` խաղից դուրս գալ է նշանակում: Դրսինների հաղթանակը ներսինների բոլոր լախտերը փախցնելն ու նրանց տերերին գերի վերցնելն է, իսկ ներսինները դրսիններին հաղթում են` նրանց ոտքի թաթը տրորելու դեպքում: Շրջագծի վրա կամ նրանից ներս հայտնված ոտքը անմիջապես տրորվում է ներսինների կողմից, և հարձակվող խմբի այդ անդամը դուրս է գալիս խաղից: Հարձակվողներին այդպես հերթով չեզոքացնելուց հետո պաշտպանվող խումբը վեր է ածվում հարձակվողների, վերջինս` պաշտպանվողների:

Լախտախաղերի ինչպես անունները, այնպես էլ պայմանները հայոց տարբեր գավառներում ունեն իրենց տարբերակները: Հայտնի էին «լախտի», «ճղլախտի», «գծալախտի», «կարապետ լախտի», «չվանոցիկ», «գոտու խաղ» և այլ անուններ:

Խաղի մեկ այլ տարբերակում ներսինները նստում են իրենց լախտերի վրա, դրսիններն առանց լախտերի, միայն ոտքերով հարվածելով` փորձում են խլել նրանց լախտերը: Խլված լախտերը դառնում են հարվածելու գործիքներ:

Մեկ այլ տարբերակում ներսինները պաշտպանում են միայն մեկ լախտ` դրսինների հարձակումը ետ մղելով աքացիներով: Ըստ պայմանի բոլոր հարվածները հասցվում են միայն գոտկատեղից ներքև: Միաժամանակ ներսինները փորձում են շրջանի ներսը քաշել հարձակվող խմբի անդամներից մեկին, և հաջողության դեպքում խմբերի դերերը փոխվում են, իսկ եթե դրսիններին է բախտը ժպտում և նրանց հաջողվում է փախցնել լախտը, ապա այդ լախտով սկսում են հարվածել ներսիններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում