USD
EUR
RUB

Կընտրե՜մ, կընտրե՜մ…

Երեկ շատ էր խմել, գլուխն էր, ինչպես սովորաբար լինում է այդ դեպքերում, նորմալ ցավում էր: Ընդ որում, գլխի վրայի ամեն մի գալար ստիպում էր հայհոյել Ղազարին, որ երեկ համոզել էր մի վերջին անգամ՝ մինչև թարգելը, խմել: Հազար անգամ չեմ ու չում էր արել, բայց դե օղու շշի կասկածելի հրապուրիչ պարունակությունը հաղթել էր բժիշկների խորհրդին: Դե հերն էլ անիծած, մեկ է՝ վաղվանից թարգում եմ՝ մտածել էր ու անցել գործի: Շան տղա Ղազարն էլ, դե բնականաբար, փող չէր ունեցել ու առել էր հերթական շքեղ շշով կեղծված արաղը, որից էլ, երևի առավոտյան խայտառակ գլխացավ ուներ:

Մի կերպ, քթի տակ Ղազարի տունուտեղը հայհոյելով, անկողնուց կիսասողալով դուրս եկավ, հազիվ լվացվեց՝ նայեց գորտի աչքերի նման ուռած դեմքին, կրկին հայհոյեց, բայց այս անգամ ինքն իրեն, մտավ խոհանոց ու անապատում հայտնված եվրոպացի փափկասուն տուրիստի պես սկսեց իրար խառնված աջ ու ձախ նայել՝ ստամոքսի դատարկությունը լրացնող և ուտելու պիտանի ցանկացած բան գտնելու հույսով:

«Էն լիրբն էլ վախտ գտավ հորանց տուն գնալու»,- մտքում այս անգամ կնոջը հայհոյեց ու աչքերի փայլը շաղ տալով՝ սառնարանից հանեց անհիշելի ժամանակներից այնտեղ հայտնված թթվասերն ու սկսեց արագ-արագ ուտել, որպեսզի չզգա ակնհայտ թթվածությունը: Հետո հագավ արդեն չորրորդ օրը չլվացված ու քրտնքի մեջ կորած շորերն և տնից դուրս եկավ, որ նստի մեքենան՝ Բղդոն տաքսու վարորդ էր:

Դեռ նոր էր ուզում շենքի մուտքից դուրս գալ,երբ նկատեց, որ լիազոր օպեր Կորյունը՝ հայտնի մի սրիկա, թղթի ծրարները թևի տակ, իրեն է մոտենում:

«Էս շան տղեն առավոտ գիշերով որտեղից ռաստ եկավ, օրս հաստատ հարամ կլինի»,- ինքն իրեն մռլտաց ու դեմքին հնարավորինս քաղաքավարի ժպիտ տալով, որոշեց բարևի ու շառն իրեն քաշած գարաժ գնա: Երբ արդեն մոտեցել էր Կորյունին, հասկացավ, որ սա ուղիղ իր հետևից է գալիս:

-Բարլուս Բղդո՛:

-Հազար բարև, նաչալնիկ:

-Արա՛, քեզ հազար չեմ ասել, նաչալնիկդ գաղութիդ կլյուչնիկն էր, որ քեզ ամեն օր քացու տակ էր գցում, ես քո համար պարոն Սերաֆիմյան եմ:

-Հա, պարոն Սիմաֆիրյան…

-Սերաֆիմյա՛ն:

-Ոնց ասես, ասածդ ասա, ինձնից ինչ ես ուզում:

-Գիտես չէ, դեպուտատ ենք ընտրում, երեք օրից ընտրություններ ա:

-Չէ, չգիտեմ, ասածդ ասա:

-Ասածս էն ա, որ պասպորտիդ կոպիան մեր մոտ կա:

-Է հա, ուզում ես ես էլ տամ, ասածդ ասա:

-Ասածս էն ա, որ պտի Գեղամին ընտրես:

-Ո՞ր Գեղամին, էն որ մերը…

-Սուս արա, ուզում ես քաղմաս տանեմ, գլուխդ ջարդե՞մ, ինչե՞ր ես քեզ թույլ տալիս:

-Լավ, հա կընտրեմ, թող գործիս գնամ, վռազ եմ, հիմա սերվիզի տերը վրես կխոսա:

-Բղդո, Գեղա՜մ, հիշեցիր, չէ՞:

Վերջին բառերն արդեն չլսելու տալով մի կերպ իրեն գցեց գարաժի ուղղությամբ ու սկսեց մեքենան տաքացնել: Ինքն առավոտից մտածում էր, թե երեկվա խմելու գլխի ցավը ոնց անցկացնի, էս մլիցեն էլ՝ թե Գեղամ հա Գեղամ: «Վայ, Ղազար, ես քո մերը, ասի չխմեմ»,- գլխի ցավից էլի ոռնաց ու մի կերպ նստեց ավտոն, որ գարաժից դուրս գա: Հազիվ էր հին 07-ը դռդռալով դուրս եկել, ինքն էլ դեռ չէր հասցրել գարաժի ժանգոտած դռները փակել, մեկ էլ ծոծրակին զգաց ինչ-որ հևացող ձայն: «Հաստատ էս մլիցեն ա»,- մտքում արտասանեց ու կատաղած պտտվելով՝ ընթացքում նետեց:

-Լսի՛, ասի կընտրեմ, թող գործի… վայ, Անժիկ ջան, էս դու՞ ես:

Դիմացինը ոչ թե օպեր Կորյունն էր, այլ համատիրության նախագահ Անժիկը, ով հայտնվում էր ամիսը մեկ անգամ, երբ ինչ-որ անհասկանալի գումար էր հավաքում՝ ծառայությունների մատուցման համար:

-Բարև՛, Բաղդասար եղբայր, տեսա դուրս ես գալիս, ասեցի բարևեմ:

-Անժիկ ջան, էդ համատիրության փողը վաղը կտամ, էսօր տունն եմ մոռացել:

-Չէ, վայ, Բաղդասար եղբայր, ի՞նչ փող, բա ամոթ չի, հետդ գործ ունեմ,- այս ասելով Անժիկը դեմքին այնպիսի կարևորություն տվեց, որ Բղդոն, ում, ինչ խոսք, շոյել էր Բաղդասար եղբայր դիմելաձևը, անգամ մոռացավ մտքում Ղազարին հայհոյելու սովորությունը և ինքն էլ իրեն շտկեց ու Շտիռլիցի պես սկսեց աջ ու ձախ նայել:

-Ասա, Անժիկ ջան, ինչ կարամ անեմ քո համար:

-Բաղդասար եղբայր, ուզու՞մ ես ոչ թե փող չտաս, մի բան էլ դու փող աշխատես:

-Իա, էդ ի՞նչ պտի անեմ որ..

-Դե որ ասեմ, պտի մեր մեջ մնա:

Բղդոյի մի քանի օր չլողացած մարմնով տաք հոսանք անցավ, դեմքին սիրամարգի արտահայտություն տվեց ու սկսեց ուսումնասիրել Անժիկի արդեն չորացած մարմինն ու մտքում գնահատել «սոված ժամանակ քյալամն էլ ա միրգ» հանրահայտ ժողովրդական առածը, բայց քանի որ բնույթով ջենթլմեն էր, փորձեց Անժիկին շանս տալ, որպեսզի ինքն անցնի բուն թեմային:

-Դե Անժ ջան, բա ո՜նց, բայց էդ ինչ ա, որ մարդ չպիտի իմանա: Թե հարցն էն բանում ա,-Բղդոն արդեն տաքացել էր ու ամբողջովին մոռացել Ղազարի ու գլխացավի մասին:

-Հա՜, հա՜, էս մենակ ես ու դու պետք ա իմանանք:

-Մենակ ես ու դու,- Բղդոն արդեն հայացքով մերկացնում էր Անժիկին, որի վրայի խալաթն ու հաստ գուլպաներն անգամ տաքսու վարորդին հասցնում էին խելագարության:

-Ուզու՞մ ես, գնանք տուն, ասես:

-Չէ, հա, ստեղ էլ կարող ենք:

-Ստե՞ղ, դե արի գոնե գարաժի դռները փակենք:

-Հա, արի, որ մարդ չլսի:

Անժիկը զգուշորեն մտավ գարաժ, Բղդոն էլ հետևեց նրան, ծածկեց գարաժի դուռն ու ջենթլմենին վայել հանդարտությամբ ձեռքը դրեց Անժիկի 60 տարեկան հետույքին ու կայծակնային ապտակից նորից վերհիշեց գլխացավն ու շան տղա Ղազարին…

-Այ տականք, էս ի՞նչ ես անում,- Անժիկը փրփրել ու քիչ էր մնում խեղդեր անօգնական շան ձագի պես խեղճացած Բղդոյին:- Ես ընտրությունների մասին եմ եկել խոսալու այ հիմա՛ր:

-Արա ինչ ընտրություն, ինչ եք առավոտից ինձնից ուզում, ասի կընտրեմ էն Գեղամին, ում մերը կարգին կնիկ էր:

-Ի՞նչ Գեղամ, ոչ մի Գեղամ, ոչ մի դեպքում: Լսի, Բղդո տղա՛,- Անժիկն արդեն պատրաստ էր սպանել իր զրուցակցին,- ես քեզ Գառնիկի համար եմ եկել ասեմ, համ էլ 10.000 դրամ փող կտամ, եթե իրան ընտրես:

-Գառնի՞կ, է՞դ ում շունն ա, մեկդ Գեղամ, մեկդ Գառնիկ:

-Գառնիկ Գալստյան, բիզնեսմեն ա ու համ էլ դաբրո ունի:

-Ու՞մից դաբրո:

-Ոնց ու՞մից,- Անժիկը այնպես խղճալով նայեց Բղդոյին, որ վերջինս ինքն իրեն ծալապակաս զգաց ու էլի հիշեց Ղազարին:

-Կընտրե՜մ, կընտրե՜մ, թողեք գործի գնամ, կընտրե՜մ,- Բղդոն արդեն ոչ միայն մոռացել էր մի քանի րոպե առաջ իր էրոտիկ երազների մասին, այլև վայրկյան շուտ ցանկանում էր պրծնել Անժիկի կատաղած ճիրաններից:

Հազիվ կարողացավ աշխատանքի դուրս գալ, բայց դե օրը թարսված էր՝ ուղևորներն էլ մեկը մյուսից թարս: Նախ, հենց առավոտյան գայիշնիկները կանգնացրին, ու ինչքան էլ համոզեց, որ վրայից եկող անտանելի հոտը երեկվա հետևանք է, մեկ է, մի 10.000-ի չափ պոկեցին: Էն միտքը, որ դրանց 10.000 է տվել, Բղդոյին հասցնում էր կատաղության՝ սպասում էր գիշերը գա, որ Ղազարին ոտքերի տակ առնի: «Ես քո մերը, Ղազա՛ր, ասի չխմենք, համ խմացրիր, համ էլ էդքան փող տվի դրանց, սպասի ռաստ գաս»,- մտքում անընդհատ կռվում էր բաժակակցի հետ ու ջղայնացած փոխում փդած 07-ի՝ մի կերպ աշխատող փոխանցման տուփը: Ամեն ինչ իրար էր խառնվել, Բղդոն արդեն չէր էլ հասկանում, թե ամեն ինչ ինչու՞ է էսքան վատ՝ Ղազարի արաղը, գլխացավը, թթված ուտելիքը, օպեր Կորյունն ու Անժիկի 60 տարեկան…

-Ձյաձ, օպերա կտանե՞ս,- Բղդոն դիմապակու օգնությամբ սկսեց ուսումնասիրել նոր ուղևորին: Սրա հանած ունքերը, նուրբ մաշկն ու ճղած ջինսերը Անժիկի 60 տարեկան հետույքից ավելի գրավիչ էին, բայց մի տեսակ կասկածելի՝ ինչ-որ բան էն չէր:

-Հա, աղջիկ ջան, հեսա,- Բղդոն սթափվեց մտքերից, աշխատացրեց շարժիչը և ճռռալով ուզում էր պոկվել տեղից, մեկ էլ հետևի պատասխանը ստիպեց կտրուկ արգելակել 07-ը:

-Ձյա՞ձ, գժվար, ինչ աղջիկ, կարո՞ղ է գիշերը լավ խմել ես:

«Տո բա ինչ զահրումար եմ արել, Ղազար, ես քո տիրոջ մերը, արա, բայց ի՞նչ էլ նման էր աղջկա, Բղդո՛, խայտառակ էղար»,-մտքում ինքն իրեն մրթմրթաց, բայց չարձագանքեց ու շարունակեց դեպի Օպերա ընթանալ՝ հայելիով նայելով ուղևորին . «Շան տղեն ոնց որ էգ լինի»:

-Ձյաձ, բա դու ինչի՞ հիմա Օպերայում չես,- կնաբարոն խոսեց:

-Ինչի՞ պտի լինեմ որ,- Բղդոն խոսելու ոչ զահլա ուներ, ոչ էլ ցանկություն:

-Հիմա Դեմոկրատական Ալյանսի միտինգն ա, երկիր ա պետք փրկել, սրանք մեզ կերան, գիտե՞ս ինչքան փող ունեն, սաղ քեզնից ու ինձնից են պլոկել, պետք ա գնալ միտինգներին, ես հավատում եմ, որ Ջեյմս Կարայանը կփրկի էս երկիրը: Եթե տանը մնանք, սրանք բոլորիս կուտեն, սրանք մարդ չեն,- կնաբարոն շուտասելուկի պես անընդհատ կրկնում էր կարծես անգիր արած տեքստն ու Բղդոյի մոտ ավելի ու ավելի մեծ ցանկություն առաջացնում իջնել ու սրան ռադ անել մեքենայից՝ Ղազարի արաղը, օպեր Կորյունն ու Անժիկի 60 տարեկան հետույքը քիչ էին, հիմա էլ սա իր պրոպագանդայով:

-Օրինակ՝ դուք լսե՞լ եք Ջեյմսի ելույթները,- կնաբարոն չէր հանդարտվում ու շարունակում հատուկ խաղալ խեղճ Բղդոյի արդեն վերջնական քայքայված նյարդերի հետ:

«Ի՞նչ էլ անուն ունի, Ջե՜յմս»,- մտքում մրթմրթաց Բղդոն, իսկ կնաբարոն արդեն հասցրել էր հեռախոսով միացնել սրա ձայնագրությունն ու ավելի խառնել Բղդոյի ներաշխարհը:

«Թու քո տիրոջ մերը, թող հանգիստ տեղ հասնեմ»,- կրկնում էր Բղդոն և ուզած-չուզած, վայելում Ջեյմս Կարայանի ելույթի ազգափրկիչ մի հատված, որին շունչը պահած լսում աչքերը դեպի անհայտ հորիզոնները չռած կնաբարոն:

-Արա, սրա ձենը որտեղից ա ծանոթ, հլա տուր էդ գործիքդ,- Բղդոն մեքենայի ընթացքը դանդաղեցնելով՝ մի կերպ շուռ եկավ և վերցրեց հեռախոսն ու սկսեց ուսումնասիրել խոսողին:

«Վա, սպասի, էսի ախր էն մեր դիմացի շենքի Երջանիկն ա: Շան տղեն ե՞րբ դարձավ Ջեյմս: Սրա հերը կարգին մարդ էր՝ խմելուց մեռավ: Վայ, Ղազա՜ր, ես քո… Էս լակոտին փոքր ժամանակ էնքան հայաթում ծեծեցին, որ դարդից ոստիկանության ակադեմիա թղթերը տվեց, բայց չընդունվեց՝ այ էդքան դեբիլ էր: Հիմա էս ի՞նչ ա խոսում՝ փրկենք, հեռացնենք… Վայթեմ էն Գեղամի, որի մերը… սա էլ ա տենց մի բան, Ջե՜յմս»,- մտքում էս անվերջանալի մոնոլոգը չէր ավարտվի, եթե հետևի կնաբարոն չարթնացներ.

-Պիտի անպայման իրեն ձայն տաք, անպայման…

-Կընտրե՜մ, կընտրե՜մ,- Բղդոն արդեն կատաղությունից խելագարության էր հասնում՝ մենակ շուտ ավտոյից շառը քաշի գնա…

Ղազարն էդպես էլ չհասկացավ, ի՞նչ կատարվեց: Առաջին հարվածը մռթին ստացավ, հետո ընկավ Բղդոյի ոտքերի տակ և միայն հիվանդանոցում հիշեց, որ հարվածների հետ միասին ընկերը գոռում էր՝ «քեզ չասի՞, չխմենք, արա՛, կյանքս կերաք, դու էլ, օպեր Կորյունն էր՝ իրա Գեղամով, բոզ Անժիկն էլ իրա Գառնիկով, բա էն ղզիկ Ջեմսը, վայ ես ձեր, ասի կընտրե՜մ…»:

Նարեկ ԳԱԼՍՏՅԱՆ

Լրահոս
«Երազ» «Խարիսխը» «Արտիստին» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 25» Մեր մանկության խաղերը. «Թաշկինակ» «Փողոցի երգը» Թե ինչպես ինձ նահանգապետ ընտրեցին «Ճանապարհը» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 24» Մեր մանկության խաղերը. «Մուկ–կատու» «Պատուհանիս տակ» «Գունդը ափի մեջ» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 23» Մեր մանկության խաղերը. «Գայլն ու ոչխարը» Իմ գնալուց հետո դու աչք չփակես. վերև չնայես «Սովորականն անսովոր է» «Ազատություն» «Դու որ կարող ես» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 22» Մեր մանկության խաղերը. «Գայլ, թող գիշերենք քեզ մոտ» Ավետիք Իսահակյանի մասին «Ծառա Սիմոնը» «Մի մկան պատմություն» «Կյանքից թանկ բանը» «Արևի մոտ» «Արջն ու օձը» «Պանդուխտ որդին» «Կտակ» «Ասպետի սերը» «Ռավեննայում» «Մեկը չեղավ» «Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ» «Ահմեդի ուղտը» «Համբերանքի չիբուխը». Համառոտ «Քնքուշ լուսնի շուշան-փոշին» Սպիտակը ցուրտ է «Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ» «Ալագյազ» «Քու՛յր իմ նազելի» «Թաթիկներըդ լուսեղեն»
website by Sargssyan