Ամենայն սրտով բողոքում եմ ես

Ամենայն սրտով բողոքում եմ ես մարդու անարդար վճիռի համար
Անիծում եմ ես մարդուն նենգավոր, որ նա ընտրել է պղծված ճանապարհ.
Ատում եմ հոգով օրենքներ շատ-շատ, որ ծանրացել են մարդկանց ուսերին
Եվ ստիպում են կեղծել, քծնվել, գովել անարժան, տգետ բարքերին:

Ես բողոքում եմ, իրավունք ունեմ գանգատ գրելու ամբողջ աշխարհին,
Որ հայոց հողը ետ վերադարձվի և տրվի պանդուխտ, տառապող հային,
Ես ցանկանում եմ մեկ անգամ տեսնել քարտեզը հայոց անծայր երկրի,
Դրանից հետո եթե մեռնեմ էլ, իմ հոգին ուրախ և հավերժ կապրի:

Ինչո՞ւ է հայը պանդուխտի ցուպով, այսօր թափառում ամբողջ աշխարհում
Օտարի հողում կեղծված ու տանջված, հեռու հյուսիսում կամ անապատում,
Ի՞նչ է նա կորցրել Սուդանում կիզիչ, կամ Հնդկաստանում հեռու հեռավոր,
Ինչո՞ւ է հայը բեկորներ դարձել, նա չունի հանգիստ, նա չունի անդորր:

Խեղճ պանդուխտ հային հող է հարկավոր, ոչ օտար երկրում, այլ իր սեփական,
Եւ երբ ունենա նա հողը նորից, դուրս կշպրտի ցուպն օտարության,
Անհուն հրճվանքով կշտապի հեռվից դէպի Ղարս, իգդիր, Վան կամ Արդահան,
Նորից կլսվի հորովելը հին, նորից կծխա ծուխը հայկական:

Օտարի ձեռքից հինգ հարյուր տարվա հողերը այսօր ետ են գրավում,
Օրէնք է, ու մենք էլ ասում, որ հողը տիրոջն է միայն պատկանում.
Բայց ինչո՞ւ խոսել ուրիշի մասին և միշտ մոռանալ ցավը սեփական,
Ինչո՞ւ վաստակել որ ուրիշն ուտի, մոռանալ քաղցը հարազատ մանկան:

Ոչ, բավական է, չպետք է լռել, երազելը քիչ է, պետք է պայքարել,
Քառասուն տարին դեռ նոր է անցել, հայոց հողերը պետք է պահանջել,
Քարտեզի վրա դեռ շատ անուններ մինչև օրս էլ հինն են մնացել
Նոյնն են մնացել քաղաքներ, գյուղեր, շեներ ու գետեր և հին ամրոցներ:

Սահմանին թիկնած Արարատն է սեգ, իրեն լանջերով, զմրուխտ կուսական,
Արարատն է սիմվոլը հայոց, միշտ թովչանքով լի, քաղցր մայրական,
Իսկ այն կողմ հեռվում, Բինգյոլն է լքված, սգվորի նման, սև ամպերի մեջ,
Վանա և Նազիկ լճերն են նիրհում, Ախթամարն է մեր արտասվում անվերջ:

Այս բոլորը դուք տեսնում էք հայեր և այն թողել էք բախտի պատմության,
Լոկ ցանկանալով հարցեր չեն լուծվում, այս է մեզ ասում կյանքը այժմյան,
Պետք է պայքարել, պետք է պայքարել և պետք է սոսկալ մահից սեփական,
Մահվան գնով էլ պարտավոր ենք մենք միացյալ տեսնել հողը հայկական:

Հովհաննես ՇԻՐԱԶ

Հետևեք մեզ նաև Telegram-ում