Zangi-ն կդառնա աշխարհում ամենաարագ տեքստային հաղորդագրություն փոխանցողը

Zangi. հայկական արտադրության միջազգային բրենդը

Ութ տարի առաջ Վահրամ Մարտիրոսյանի մոտ ծնված գաղափարը ոչ միայն իրականություն է դարձել, այլև` մարտահրավեր նետել համաշխարհային ճանաչում ունեցող Skype-ին, Viber-ին և WhatsApp-ին: Zangi-ն ծնվել է հեռահաղորդակցության նշված միջոցների հետ միաժամանակ, ուղղակի առաջ է գնացել փոքր քայլերով. «Ռեսուրսների սահմանափակությունն ու գիտելիքների պակասն էր պատճառը, որ մենք ավելի դանդաղ էին զարգանում, քան մեր «հասակակից» մրցակիցները` Viber-ն ու WhatsApp-ը: Zangi-ն ո´չ իր տեխնոլոգիայով, ո´չ էլ որակով երբեք չի զիջել այդ ծրագրերին»-հավաստիացնում է հայկական արտադրության «Zangi» հավելվածի հիմնադիր-տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

2015թ. համաշխարհային շուկա դուրս գալու առաջին` անհաջող փորձը ոչ թե ընկճեց Վահրամ Մարտիրոսյանին ու իր թիմին, այլ հնարավորություն տվեց լրացնելու բացերն ու օգտատերերի համար կարևոր լուծումներով մուտք գործել 2016-ին: «2015թ. վերջին հաջողությամբ մտանք համաշխարհային շուկա, 2016թ. արդեն լուրջ հաջողություններ ունեինք: Մի քանի տասնյակ ընկերություններ` աշխարհի տարբեր երկներից, սկսեցին օգտագործել Zangi-ի պլատֆորմը: Իսկ այն փաստը, որ աշխարհի մակարդակով հայտնի ընկերություններն են օգտագործում մեր պլատֆորմը, նշանակում է, որ մենք ունենք աշխարհում լավագույն լուծումներից մեկը»,-ասում է Վահրամ Մարտիրոսյանն ու հավելում:-Մենք երբեք չենք ասում օգտագործեք Zangi, քանի որ այն հայկական է, այն ստեղծված է ոչ միայն հայկական շուկայի համար: Պոտենցիալ օգտատերերին, ընդամենը, ցույց ենք տալիս նրա առավելությունները»:

Zangi-ի առավելություններն արդեն հասցրել են գնահատել նրա` շուրջ 1.5 միլիոն օգտատերերը` աշխարհի տարբեր երկրներից: Երկու ամիս առաջ Բարսելոնայում կայացած հեռահաղորդակցության ոլորտի կարևորագույն` «Mobile Word Congress»-ի ժամանակ ևս Zangi-ի մասին իմացան ու հայկական բրենդով հիացան նորարարական տեխնոլոգիաների մեծ թվով սիրահարներ ու ոլորտի ներկայացուցիչներ:

Ինչո՞ւ Zangi, ոչ թե Viber կամ WhatsApp. փաստերով ու թվերով

Նախքան սովորական օգտատերերին վերաբերող առավելություններին անցնելը` նշենք, որ Zangi-ն ունի երկու ուղղություն. մեկը կորպորատիվ ուղղությունն է, որը տրամադրվում է տարբեր ընկերությունների` մեսենջերը որպես պլատֆորմ օգտագործելու համար, և սովորական օգտատերերի համար նախատեսված մեսենջեր, որը բոլորովին անվճար է:

Ներբեռնելու և անսահմանափակ օգտագործելու համար Zangi-ն սովորական օգտատիրոջից ոչինչ չի պահանջում, միայն կետ առ կետ նշվում է, թե ինչու օգտագործել Zangi: Նույն ֆունկցիոնալությամբ հայտնի Viber-ի և WhatsApp-ի համեմատ` նորագույն ժամանակակից մեսենջերը.

1.Ամենաքիչ ինտերնետն է օգտագործում. աշխատում է 2G/EDGE ինտերնետ կապի կամ ծանրաբեռնված Wi-Fi-ի դեպքում:

2.Խնայում է տրաֆիկ. թանկ կամ դանդաղ արբանյակային ցանցում հնարավոր է միացնել «խնայել տրաֆիկ» ռեժիմը:

3.Թույլ ինտերնետի դեպքում ապահովում է մաքուր ու չկտրտվող ձայն` հատկապես միջազգային զանգերի դեպքում:

4.Ապահովում է անձնական տվյալների անվտանգությունը. օգտատիրոջ տվյալները կոդավորվում են, իսկ նամակներն ու կոնտակտները Zangi-ի սերվերներում չեն պահվում:

5.Ունի տեղայնացված անվճար ստիկերներ` առայժմ միայն հայկական, որոնց շուտով կմիանան այլ երկրներում թողարկվող տեղայնացված ստիկերները ևս:

6.Ունի ձախլիկների համար նախատեսված ինտերֆեյս:

Սրանց շատ շուտով կմիանա ևս մեկը. Zangi-ն կդառնա ամենաարագ տեքստային հաղորդագրություն փոխանցողը` գերազանցելով այդ ուղղության ռեկորդակիր Telegram-ին: Ամսվա վերջին կթողարկվի նաև դա: Իսկ տարվա վերջին, Վահրամ Մարտիրոսյանի վստահեցմամբ, հնարավոր կլինի Zangi-ի միջոցով երկու անգամ ավելի արագ փոխանցել նաև նկարներն ու տեսանյութերը:

Սկզբից մինչև վերջ` դիզայն ու մարքեթինգ, անելով տեղում ` Zangi-ի թիմը նոր մշակույթ ձևավորեց Հայաստանում: 30 հոգանոց թիմը, որի մի մասը Zangi-ի հետ է նրա ծնված օրվանից, բացառապես սեփական ուժերով ոչ միայն թողարկել է միջազգային մակարդակի արտադրանք, այլև պատրաստ է նոր անակնկալներով անընդհատ զարմացնել օգտատերերին:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում