Հետաքրքիր դեպքեր մեր մեծերի կյանքից

Հովհաննես Շիրազ.
Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ’ ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:
Շիրազը զարմանում է.
– Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է…

Մի անգամ Շիրազին հարցնում են.
– Վերջերս ինչո՞ւ չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:
– Եթե Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:

Մի անգամ Շիրազը որդու՝ Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան’ հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.
– Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ…
– Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:

Մի անգամ Հովհաննես Շիրազը’ կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.
– Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
– Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:

Համո Սահյան.
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
– Սերոն տա՞նն է:
– Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին:
Հետևում է Համոյի ստուգող հարցը.
– Ո՞վ ասաց…
– Ինքը,- լինում է պատասխանը:

Վիլյամ Սարոյան.
Մեծ ու տարօրինակ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:
– Ամերիկա’ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
– Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…
– Ինքնաթիռով պիտի տանիմ…
– Ինչո՞ւ համար…
– Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

Եղիշե Չարենց.
Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով՝ ասում է.
– Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
– Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
– Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
– Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

Հովհաննես Թումանյան.
Թումանյանի կինը բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
– Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ… (նրանք տաս երեխա ունեին):

Հետևեք մեզ նաև Telegram-ում