Սերս վանքում Տաթևի

Սերս վանքում Տաթևի մոմեր վառած կաղոթեր,
Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա, ամոթ է,
Ասի երդվիր, քո սերն եմ, սրբի դուռը անարատ,
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:

Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:
Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:

Վանքի վառվող մոմերը շլացրին ինձ մի պահ,
Սրտիս խոսքը չավարտած, նայեմ տեսնեմ նա չկա:
Ասի աստված փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր,
Չլինի թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:

Նորեն տեսա հանդեսում սրբուհուն իմ երազի,
Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ
Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ:

Նա իր զմրուխտ թևերով բարձրունքները ինձ տարավ,
Ասաց, դու լավ կերգես, թե մնաս սիրուս ծարավ:
Գուսան Աշոտ քո յարի սուրբ մաղթանքը կատարվեց,
Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:

Գուսան Աշոտ

Կատարում է Նորայր Մնացականյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում