USD
EUR
RUB

Հեքիաթ. «Խելոքն ու հիմարը». Թումանյան

 
 

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը՝ հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին; Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,— ասում է խելոքը,— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

― Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․

— Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

— Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։

— Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, ուրիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
«Թափառող պատեր»-ը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Անքուն գիշերին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Գաղտնագիր հղումներ Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին․ «Դա սարսափելի քայլ էր» Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը Գա ու գնա Քիշնևից և Մինսկից հետո՝ նույն նպատակով Երևանում Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը Նոր հրատարակություններ Թողեք ճախրեն Հավքի երգը Լացող ուռենին Հայր մեր Արևոտ անձրև Թանգարանների գիշերվա ընթացքում «Էրեբունի» թանգարանի այցելուները կճաշակեն ուրարտական խոհանոցի ճաշատեսակներ Որպեսզի մշակույթը ինքնահոսի չմատնվի և չհանձնվի ազատ շուկայի քմահաճույքներին Նոր նախարարից շատ դրական տպավորություն ստացա. Զգացի` շատ է ուզում օգտակար լինել մշակույթին. Վահան Արծրունի Վիկտոր Ուզուր. «Խաչատրյանի մրցույթն ապացուցել է, որ կազմակերպչական և գեղարվեստական առումներով ամենաբարձր մակարդակն ունի» Այս տարի կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից Շիրակի մարզում անցկացվեցին «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով համերգ-դասախոսույուններ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի վերաբերյալ պարզաբանում Մոլախոտի բողոքը Ագռավը Մետաքս Ճակատամարտ պատի հետ Տուր բռնեմ քո ձեռքը Թանգարանների գիշերն այս տարի նաև ոչ ավանդական միջոցառումների շարքով կներկայանա Ամենայն Հայոց Կաթողիկոսը hանդիպում ունեցավ Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ Կառավարական մակարդակով ո՛չ մի առաջարկ ու քննարկում չի եղել. Վահան Արծրունին՝ Մշակույթի նախարար դառնալու առաջարկի ու ներքաղաքական զարգացումների մասի ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ղեկավարին Ինչ է տվել ՀՀ նախագահի մրցանակը օպերային երիտասարդ երգիչներին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի դեսպանին Քույրիկիս Խաղողի որթը Երանի․․ Մի կյանք արժե Չինար ես
Ամենաընթերցված
website by Sargssyan