Փայտե մատանին, ընտանեկան բիզնեսն ու արտաքին շուկա տանող ճանապարհը. DH handmade

Փայտե մատանին, ընտանեկան բիզնեսն ու արտաքին շուկա տանող ճանապարհը.  DH handmade

«Ամեն ինչ սկսվեց այս փայտե մատանուց, որն ամուսինս պատրաստել էր աղջկաս՝ Գոհարի համար»,-պատմում է Հրաչյա Դարբինյանի կինը՝ Նաիրա Սարոյանն ու ցույց տալիս ընտանեկան բիզնեսի «առաջնեկին»։

Խորհրդանշական մատանին եղավ «DH handmade» ապրանքանիշի առաջին` փոքր ինչ տարբերվող նմուշը, և միակը, որը Հրաչյան հեղինակել է միայնակ: Դրանից հետո ստեղծված բոլոր գործերը ունեն ոչ թե մեկ, այլ երկու հեղինակ՝ Հրաչյա և Գոհար Դարբինյաններ։ Ոսկերիչ հոր փորձառությունն ու դիզայներ դստեր ստեղծագործական միտքը միավորվեցին և ընդունեցին ընկեր-բարեկամների «մարտահրավերը»։ Դարբինյանների մտերիմները թերահավատ էին, որ արծաթի ու փայտի համադրությունը հաջողություն կունենա։ Այն, ինչ եղավ 2015թ. մարտին, թերահավատներին հաճելիորեն զարմացրեց. առաջին անգամ ներկայացվելով ցուցահանդեսի՝ «Նվերների աշխարհ»-ին, «DH handmade»-ը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների շրջանում։ Անսպասելի մեծ արձագանքը ոգևորեց Դարբինյաններին և հաստատեց, որ ճիշտ ուղղությամբ են ընթանում։

Առաջին ցուցահանդեսին հաջորդեցին երկրորդը, երրորդը. հետո «DH handmade»-ը ներկայացվեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։ Հենց այստեղ հանգրվանելու ընթացքում ապրանքանիշի մասին իմացան բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Պարզվեց, որ ընկուզենու փայտի ու արծաթի համադրությունը բավականին հավանում են առանձնապես եվրոպացիներն ու ամերիկացիները։ Ժամանակի հետ ընդլայնվեց թե´ «DH handmade»-ի սիրահարների շրջանակը, թե´ տեսականին։ «Սկզբում մոտ 20 զարդ ունեիք, հիմա` 50: Եթե նախնական փուլում զարդերը միայն փայտի ու արծաթի համադրությամբ էին, հիմա դրանց ավելացել են բնական քարերը, կաշին ու համաձուլվածքները, որի բաղադրիչներից մեկը պարտադիր արծաթ է»,-ասում է տիկին Նաիրան, ով ամուսնու և աղջկա համատեղ ստեղծագործությունները փորձում է ճանաչելի դարձնել դրանք գնահատողների շրջանում։

Նաիրա Սարոյանը չի ժխտում՝ ժամանակակից աշխարհում մարդկանց զարմացնելը դժվար գործ է։ Առաջարկել մի բան, որը կհետաքրքրի տարբեր ճաշակների տեր ու տարբեր արժեհամակարգեր կրող մարդկանց, իրականում, բավականին բարդ է, բայց, ինչպես ինքն է ասում՝ ոչ անհնար. «Մենք փորձում ենք ստեղծել գործեր, որոնք կունենան հետաքրքիր լուծումներ և կլիներ ինքնատիպ։ Երբևէ չենք մտածել մեծաքանակ արտադրության և տարբեր ոճերի մասին։ Մեր ոճը սա է, և շատ հաճելի է, որ թե´ քո երկրում, թե´ արտասահանում տարբերվում ես ինքնատիպ ձեռագրով»։

Հայաստանից դուրս «DH handmade»-ը ներկայացնելու հնարավորություններն առայժմ շատ սահմանափակ են, իսկ ցանկությունը` մեծ: Տեղում վաճառք իրականացնելուն նպաստող գործոններ, քիչ թե շատ, կան` ինչպես պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսները, »Tre Gufo» խանութը, որտեղ ներկայացված են «DH handmade»-ի գրեթե բոլոր նմուշները և իհարկե, ֆեսյբուքյան էջը: Իսկ արտաքին շուկա դուրս գալը շատ ավելի բարդ է. դրա համար առնվազն պետք է մասնակցել արտագնա ցուցահանդեսների: Տիկին Նաիրայի խոսքով` նման մի ցուցահանդեսի մասնակցության հրավեր արդեն ստացել են. «DH handmade»-ը կներկայացվի սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք «Junvex 2017» միջազգային ոսկերչական ցուցահանդեսին: Այդ ցուցահանդեսից մեծ սպասելիքներ ունեն բրենդի հիմնադիրները և` լիովին արդարացված, քանի որ Հայաստան եկող ռուս զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «DH handmade»-ի գործերի նկատմամբ:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում