Մեր մանկության խաղերը. «Հոլ»

Մեր մանկության խաղերը. «Հոլ»

Մասնակիցների թիվն անսահմանափակ է: Ատրիբուտներ՝ փայտե հոլ՝ կոնանման մետաղե ծայրով և խայտան՝ ոլորած պարան հանգույցով: Հանգույցը անցկացվում է մատին, իսկ պարանը փաթաթվում է հոլի վրա: Խաղացողը կտրուկ առաջ է նետում ձեռքը, պարանը բացվում է, և հոլը սկսում է պտտվել գետնին: Նախապես գետնի վրա փոքրիկ փոս է փորվում և դրանից որոշակի հեռավորության վրա դրվում է կոճ՝ հոլ առանց ծայրի: Խաղացողների մասնակցության հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Խաղի իմաստը նրանում է, որ, հերթով պտտեցնելով հոլը, այն դեռ պտտվելու ընթացքում ափի մեջ վերցնեն ու հարվածեն կոճին՝ այնպես առաջ տանելով այն, որ փոսի մեջ ընկնի:

Յուրաքանչյուր կոճի հայտնվելը փոսում միավոր է բերում: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկին հաջողվում է հավաքել նախապես պայմանավորված միավորների քանակը:

Մրցանակը, որպես կանոն, հակառակորդի հոլն է: Թեև ամեն բակում իրենց խաղի կանոնները կային: Իսկական վարպետները տիրապետում էին հոլը պտտեցնելու ամենատարբեր հնարքներին՝ ուժեղ նետում վերևից, պարանի ձգում դեպի հետ, հոլի նետում դեպի օդ և այլն: Հոլերն էլ տարբեր ձևի ու տարբեր նյութից էին լինում, իսկ պատրաստում էին դրանք ճշմարիտ վարպետները, որոնց ամեն թաղում անունով գիտեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում