USD
EUR
RUB

Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային

Դստրի´կս.

Հիմա գիշեր է: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբարդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչև կհասնեի իմ այս լուսավորված սենյակը: Շա՜տ հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այստեղ է' սրտիս մեջ:

Այդտեղ' հեքաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա: Ես դա լավ գիտեմ, և թվում է' գիշերվա լռության մեջ լսում եմ քո քայլքերը,

Տեսնում աչքերդ, որ փայլում են, ինչպես աստղերը ձմեռային գիշերում:

Լսել եմ, որ այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին:

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…: Իսկ երբ քունը իջնում էր ծերացող աչքերիս, ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Մտովի տեսնում էի երազանքներդ, Ջերալդի՛նա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, թե ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք՝ ինչ էր նրա անունը՝ Չարլի»:

Այսօր հերթը քոնն է: Պարի´ր: Ես պարում էի լայն, պատառոտված անդրավարտիքով, իսկ դու՝ արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի´ր: Բարձրացի´ր այնտեղ, աղջի´կս, բայց և վերադարձիր երկիր: Դու պետք է տեսնես, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում ծայրամասերի փողոցային պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդի´նա:

Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր՝ օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Նայում էի դեմքիդ, լսում սրտիդ զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի´, մի՞թե այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում , Ջերալդի´նա: Ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, ի´մ հեքիաթը չեմ պատմել: Իսկ դա նույնպես հետաքրքիր է: Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, ապա… ողորմություն հայցում…

Ահա նա՝ իմ հեքիաթը: Ես գիտեմ՝ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին՝ ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…: Եվ չնայած այդ ամենին՝ ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:

Ավելի լավ է խոսենք քո մասին:

Քո անվանը, Ջերալդի´նա, հետևում է իմը՝ Չապլին: Այդ անունով ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես լաց եմ եղել ավելի, քան նրանք ծիծաղել են: Ջերալդի´նա, աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյութուն ունեն: Կեսգիշերին, երբ դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հպարտ երկրպագուներին, բայց մի´ մոռանա տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու´ նրա կնոջ մասին… Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն այդօրինակ ծախսերդ: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի´ր մարդկանց, նայի´ր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ . «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո´, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրի´կս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է ոտքերը: Եվ եթե գա այն պահը, երբ քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո´ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:

Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիներին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկ, ավելի նազելի, ավելի հպարտ, քան դու: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

Նայի´ր, ուշադի´ր նայիր: Չի՞ թվում արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում: Խոստովանի´ր, աղջի´կս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշի´ր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

Ես պիտի մեռնեմ, իսկ դու դեռ պիտի ապրես…: Ուզում եմ, որ երբեք չիմանաս՝ ինչ բան է աղքատությունը:

Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի´ մոռացիր հիշեցնել քեզ, որ երկրորդը քոնը չէ, պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Քեզ հետ փողի մասին եմ խոսում, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Մի´ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքով, գիտցի´ր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ մի գեղեցիկ օր սիրահարվես մեկնումեկին, նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որ այդ մասին գրի քեզ:

Նա սերը ավելի լավ գիտի, քան ես, նրան ավելի է վայել խոսել այդ մասին…

Քո աշխատանքը ծանր է, գիտեմ: Մարմինդ ծածկված է միայն մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված և մաքրված:

Գիտեմ, որ հայրերի ու որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջի´կս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել տողերի վրա, ուզում եմ հավատալ, որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

Չարլին արդեն ծերացել է, Ջերալդի´նա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքսի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի այցելես իմ գերեզմանին: Առայժմ չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն պահին, երբ արյունը կսառչի իմ երակներում, դարձյալ մի մոռանա հորդ՝ Չարլիին:

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ լինել մարդ:

Փորձիր և դու:

Համբուրում եմ քեզ:

Չարլի

Լրահոս
«Սովորականն անսովոր է»․ Լեոնիդ Ենգիբարյան «Մի մրահոն աղջիկ տեսա». Իսահակյան «Հոգևոր Հայաստան». Վահան Տերյան Մեր մանկության խաղերը. «Արդար–մեղավոր» Հեքիաթ. «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ». Թումանյան «Դու». Պարույր Սևակ «Հոգևոր Հայաստան». Վահան Տերյան Մեր մանկության խաղերը. «Հինգ այծատեր» Հեքիաթ. «Անբան Հուռին». Թումանյան «Իմ ընկեր Հրանտը». Նարեկ Գալստյան «Միշտ նույն խոհերի շշուկին հլու». Վահան Տերյան Հայ գուսանական երգեր. «Հայրիկ» Մեր մանկության խաղերը. «Մանկական զինվորական խաղ» Հեքիաթ. «Եդեմական ծաղիկը». Թումանյան «Երկխոսություն երկխոսության մասին». Խորխե Լուիս Բորխես «Կատուն». Լեոնիդ Ենգիբարյան Հայ գուսանական երգեր. «Սարի սիրուն յար» «Մատյան Ողբերգության». Գրիգոր Նարեկացի Մեր մանկության խաղերը. «Գող և փաշա» Հեքիաթ. «Բարեկենդանը». Թումանյան «Քեզանից հետո». Արփի Սիրադեղյան «Ապրել». Պարույր Սևակ «Մատյան Ողբերգության». Գրիգոր Նարեկացի Մեր մանկության խաղերը. «5 քար» Հեքիաթ. «Սուտլիկ որսկանը». Թումանյան «Աղոթք». Կարեն Կարապետյան «Տրտունջք». Դուրյան «Մատյան Ողբերգության». Գրիգոր Նարեկացի Մեր մանկության խաղերը. «Զիլինա» Հեքիաթ. «Անհաղթ աքլորը». Թումանյան «Քնքուշ լուսնի շուշան-փոշին». Իսահակյան «Պապն ու թոռը». Ստեփան Զորյան «Մատյան Ողբերգության». Գրիգոր Նարեկացի Հեքիաթ. «Պոչատ աղվեսը». Թումանյան Մեր մանկության խաղերը. «Թզուկներ և հսկաներ» «Կանաչ դաշտը». Հրանտ Մաթևոսյան Հայ գուսանական երգեր. «Սարեր կաղաչեմ» «Մատյան Ողբերգության». Գրիգոր Նարեկացի Մեր մանկության խաղերը. «Ստոպ» Հեքիաթ. «Կռնատ աղջիկը». Թումանյան
website by Sargssyan