USD
EUR
RUB

«Երազ». Սոմերսեթ Մոեմ

Պատահեց այնպես, որ 1917 թվականի օգոստոս ամսին ես ստիպված էի մեկնել Նյու Յորքից Պետրոգրադ՝ աշխատանքի բերումով: Ինձ խորհուրդ տվեցին ճանապարհորդել Վլադիվաստոկի ճանապարհով՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ես վայրէջք կատարեցի այնտեղ առավոտյան և անցկացրեցի այդ պարապ օրն այնքան լավ, ինչքան հնարավոր էր: Որքան հիշում եմ անդր- Սիբիրյան գնացքը պետք է շարժվեր երեկոյան մոտավորապես ժամը իննին: Ես միայնակ ճաշեցի կայարանի ռեստորանում: Այն լցված էր մարդկանցով: Ես նստեցի մի մարդու մոտ, ում արտաքինն ինձ զվարճացրեց: Նա ռուս էր. բարձրահասակ և ապշելու աստիճան գեր մի երիտասարդ: Փորն այնքան մեծ էր, որ ստիպված էր նստել սեղանից բավականաչափ հեռու: Նրա ձեռքերը, որոնք իր չափերի համեմատ փոքր էին, թաղված էին ճարպագնդի մեջ: Մուգ, բարակ և երկար մազերը խնամքով սանրված էին գլխի լայնքով մեկ՝ ճաղատությունը թաքցնելու նպատակով, իսկ նրա մաքուր սափրված, հսկայական կրկնակզակով ահռելի, գունատ դեմքը թողնում էր անվայելուչ մերկության տպավորություն: Նրա քիթը փոքր էր. մի զվարճալի, փոքրիկ կոճակ այդ մսակույտի վրա: Սև, փայլուն աչքերն էլ չափազանց փոքր էին: Բայց նա ուներ մեծ, կարմիր և զգայական բերան: Նա բավականին կոկիկ տեսք ուներ և կրում էր սև կոստյում: Այն մաշված չէր, բայց հին էր. այնպիսի տեսք ուներ, կարծես գնվելու օրվանից հետո ոչ արդուկվել էր, ոչ էլ մաքրվել:

Սպասարկումը վատն էր և գրեթե անհնարին էր մատուցողի ուշադրությունը հրավիրել դեպի մեր սեղանը: Շուտով խոսակցության բռնվեցինք: Ռուսը խոսում էր շատ լավ և սահուն անգլերենով: Շեշտված առոգանություն ուներ, բայց ոչ հոգնեցուցիչ: Նա ինձ շատ հարցեր տվեց իմ և իմ ծրագրերի մասին, որոնց ես պատասխանում էի կեղծ, ցուցադրական անկեղծությամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ այդ պահի իմ աշխատանքը պահանջում էր զգուշություն: Ես ասացի նրան, որ լրագրող եմ: Նա հարցրեց ինձ, թե արդյոք գրում եմ արձակ գործեր և երբ ես խոստովանեցի, որ ազատ ժամանակ գրում եմ, նա սկսեց խոսել ուշ շրջանի ռուս վիպասանների մասին: Նա խելացի էր խոսում: Ակնհայտ էր, որ կրթված մարդ էր:

Այդ ընթացքում նա համոզեց մատուցողին մեզ համար բերել կաղամբով ապուր, և գրպանից հանեց օղու մի փոքրիկ շիշ ու հրավիրեց ինձ միանալ իրեն: Չգիտեմ օղին էր, թե իր ազգին բնորոշ շատախոսությունը, որ նրան դարձրեց շփվող, բայց շուտով պատմեց իր մասին շատ բաներ՝ առանց իմ խնդրանքի: Նա ազնվական ծագում ուներ: Պարզվեց, որ մասնագիտությամբ իրավաբան էր և արմատական հայացքների տեր: Իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով՝ նա ստիպված էր ավելի շատ լինել արտասահմանում, բայց հիմա գնում էր տուն: Որոշ գործեր նրան Վլադիվաստոկում էին պահել բայց նա ակնկալում էր, որ կմեկնի Մոսկվա մեկ շաբաթից և եթե ես գնայի այնտեղ, նա ուրախ կլիներ տեսնել ինձ:

-Դուք ամուսնացած ե՞ք,-հարցրեց նա ինձ:

Ես մտածեցի, որ, իհարկե, դա նրա գործը չէ, բայց պատասխանեցի, որ ամուսնացած եմ:

Մի փոքր հառաչեց:

-Ես այրի տղամարդ եմ,-ասաց նա, -Կինս շվեյցարուհի էր, բնիկ Ժնևցի: Նա շատ կիրթ կին էր: Գերազանց խոսում էր անգլերեն, գերմաներեն, իտալերեն: Ֆրանսերենն, իհարկե, նրա մայրենի լեզուն էր: Նրա ռուսերենը օտարերկրացու համար միջինից շատ ավելի բարձր մակարդակի էր: Համարյա թե առոգանություն չուներ:

Նա կանչեց մատուցողին, ով անցնում էր կերակուրներով լի սկուտեղով և հարցրեց նրան, ինչպես ենթադրում եմ, քանի որ այդ ժամանակ ես ռուսերեն չգիտեի, թե ինչքան ժամանակ պետք է սպասեինք հաջորդ կերակրատեսակին: Մատուցողը արագ, բայց հավանաբար հանգստացնող բացականչությամբ շտապեց առաջ, իսկ ընկերս հառաչեց:

-Հեղափոխությունից հետո ռեստորաններում սպասելը զզվելի է դարձել:

Նա վառեց իր քսաներորդ ծխախոտը և ես, նայելով իմ ժամացույցին, մտածում էի, արդյո՞ք ես պետք է ուտեի երկրորդ կերակրատեսակը, նախքան մեկնելս:

-Կինս նշանավոր անձ էր,-շարունակեց նա,- Լեզուներ էր դասավանդում ազնվականների աղջիկների համար նախատեսված Պետրոգրադի լավագույն դպրոցներից մեկում: Բավական երկար տարիներ մենք միասին ապրում էինք հրաշալի, ընկերական հարաբերությունների մեջ: Բայց, այնուամենայնիվ, նա խանդոտ բնավորություն ուներ և դժբախտաբար, սիրում էր ինձ խելագարի պես:

Ինձ համար դժվար էր դեմքս չծամածռել: Նա ամենազզվելի մարդկանցից մեկն էր, ում ես երբևիցե տեսել էի: Վարդագույն դեմքով և սրտաբաց գեր մարդիկ երբեմն ունենում են մի յուրահատուկ հմայք, բայց այս մռայլ գիրությունը շատ նողկալի էր:

-Ես չեմ ձևացնում, որ հավատարիմ էի նրան: Նա երիտասարդ չէր, երբ ես ամուսնացա նրա հետ: Մենք ամուսանցած էինք տաս տարի: Նա փոքրամարմին էր, վտիտ և շատ վատ կառուցվածք ուներ: Նա շատ սուր լեզու ուներ: Կին էր, ով տառապում էր իշխանության մոլուցքով և չէր կարողանում հանդուժել, որ բացի իրենից, ուրիշ մեկով տարվեի: Նա խանդում էր ոչ միայն այն կանանց, ում ես ճանաչում էի, այլ նաև ընկերներիս, իմ կատվին և գրքերիս: Մի առիթով, իմ բացակայության ժամանակ նա շպրտել էր իմ այն վերարկուն, որը ես ամենաշատն էի սիրում իմ բոլոր վերարկուներից: Բայց ես հավասարակշռված խառնվածքի տեր եմ: Չեմ ժխտում, որ նա ինձ ձանձրացրել էր, բայց ես ընդունում էի նրա այդ թունոտ հակումները որպես Աստծո կամք և չէի ընդվզում դրա դեմ, ինչպես չեմ ընդվզում վատ եղանակի և մրսածության ժամանակ: Ես հերքում էի նրա մեղադրանքներն, այնքան ժամանակ, ինչքան հնարավոր էր հերքել, իսկ երբ արդեն անհնար էր դառնում, ուսերս էի թոթվում և ծխախոտ ծխում:

Այն մշտական տեսարանները, որ նա սարքում էր իմ գլխին, այնքան էլ չէին ազդում ինձ վրա: Ես իմ սեփական կյանքն ունեի: Երբեմն, իսկապես, ինձ հետաքրքրում էր, արդյո՞ք նա ինձ կրքոտ սիրով սիրում էր, թե նույն կրքոտությամբ ատում: Ինձ թվում էր, որ սերն ու ատելությունը ամուր թելերով կապված են:

-Այսպիսով մենք այդպես էլ կշարունակեինք մինչև կյանքի վերջ, եթե մի գիշեր մի շատ հետաքրքրիր դեպք չպատահեր: Ես արթնացա կնոջս ճչոցից: Վախեցած հարցրեցի նրան, թե ինչ էր պատահել: Նա պատմեց ինձ, որ սարսափելի մղձավանջ էր տեսել: Երազում տեսել էր, որ ես փորձել էին նրան սպանել: Մենք ապրում էինք մի մեծ տան վերնահարկում և բազրիքը, որի շուրջ աստիճանները կառուցված էին, լայն էր: Նա երազում տեսել էր, որ երբ մենք բարձրացել ենք մեր հարկը, ես բռնել եմ իրենից և փորձել եմ նետել ճաղերի վրայից: Վեցերորդ հարկից քարե հատակի վրա ընկնելը նշանակում էր անխուսափելի մահ:

-Նա ցնցված էր: Ես ամեն ինչ արեցի՝ նրան հանգստացնելու համար: Հաջորդ առավոտ նա կրկին անդրադարձավ այդ թեմային, և չնայած իմ ծիծաղին, ես տեսնում էի, որ այդ միտքը բույն էր դրել նրա ուղեղում: Ես չէի կարող չմտածել դրա շուրջ, քանի որ այդ երազը ցույց էր տալիս մի բան, որի մասին ես երբեք չէի կասկածել: Նա մտածում էր, որ ես ատում էի իրեն: Նա կարծում էր, որ ես ուրախությամբ իրենից կազատվեի. իհարկե գիտեր, որ ինքն անտանելի էր և հնարավոր է նրա մոտ միտք էր հղացել, որ ես ընդունակ եմ իրեն սպանել: Մարդու մտքերն անկառավարելի են, և երբեմն մենք այնպիսի գաղափարներ ենք ունենում, որ ամաչում ենք խոստովանել: Երբեմն ես երազում էի, որ նա փախչեր սիրեկանի հետ, երբեմն, որ անցավ ու հանկարծակի մահը հետ վերադարձներ իմ ազատությունը, բայց երբեք, երբեք ես չէի մտածել , որ պետք է մտածված կերպով ազատվեի այդ անտանելի բեռից:

-Այդ երազը շատ արտասովոր տպավորություն գործեց երկուսիս վրա էլ: Այն վախեցրեց կնոջս և նա դարձավ մի փոքր ավելի քիչ թունոտ և ավելի հանդուրժող: Բայց երբ ես անցնում էի մեր շենքի աստիճանների մոտով, ինձ համար անհնարին էր չնայել ճաղերին և չմտածել, թե ինչքան հեշտ կլիներ անել այն, ինչ նա տեսել էր երազում: Ճաղերը վտանգավոր աստիճանի կարճ էին: Մի արագ շարժում և ամեն ինչ վերջացած էր: Դժվար էր դուրս հանել այդ միտքը գլխիցս: Հետո մի քանի ամիս անց կինս արթնացրեց ինձ մի գիշեր: Ես հոգնած էի և զայրացած: Նա գունատ էր և դողում էր: Կրկին նույն երազն էր տեսել: Նա արտասվում էր և հարցրեց, թե արդյո՞ք ես ատում եմ իրեն: Ես բոլոր ռուս սրբերով երդվեցի, որ սիրում եմ իրեն: Վերջապես կրկին քնեց: Դա ավելին էր, քան ես կարող էի անել: Ես արթուն պառկած էի: Պատկերացնում էի նրան բազրիքից ընկնելիս և կարծես լսում էի նրա սուր ճիչն ու թրմփոցը, երբ ընկնում էր քարե հատակի վրա: Ես չէի կարող չդողալ:

Ռուսը կանգ առավ, քրտինքի կաթիլները ծածկել էին նրա ճակատը: Նա լավ ու սահուն ձևով էր պատմությունը պատմում, այսպիսով ես նրան ուշադրությամբ էի լսում: Շշի տակ դեռ օղի կար, նա լցրեց այն և մի շնչով կուլ տվեց:

-Իսկ վերջ ի վերջո քո կինն ինչպես մահացավ, -հարցրեցի ես որոշակի դադարից հետո:

Նա հանեց մի կեղտոտ թաշկինակ և սրբեց ճակատը:

– Տարօրինակ զուգադիպությամբ նրան գտան մի ուշ գիշեր աստիճանների ներքևում՝ կոտրված վզով:

– Ո՞վ գտավ նրան:

– Նրան գտել էր կենվորներից մեկը, ով դժբախտ պատահարից քիչ անց ներս էր եկել:

– Իսկ որտե՞ղ էիք դուք:

Ես չեմ կարող նկարագրել այն չար, խորամանկ հայացքը, որով նայեց ինձ: Նրա փոքրիկ, սև աչքերը փայլում էին:

– Ես այդ երեկոն անց էի կացնում ընկերոջս հետ: Ես գնացի մի ժամ ավելի ուշ:
Այդ պահին մատուցողը բերեց մսով ճաշը, որ պատվիրել էինք և ռուսը հարձակվեց դրա վրա մեծ ախորժակով: Նա մեծ պատառներով սկսեց ուտել կերակուրը:
Ես ապշած էի: Նա իսկապե՞ս պատմում էր ինձ, գրեթե անթաքույց ձևով, որ սպանել էր իր կնոջը: Այդ գեր ու դանդաղաշարժ մարդը նման չէր մարդասպանի: Ես չէի կարող հավատալ, որ նա քաջություն կունենար դա անելու: Թե՞ իմ հաշվին չար կատակ էր անում:

Մի քանի րոպեից իմ գնալու ժամանակն էր, քանի որ պետք է հասցնեի գնացքին: Ես հեռացա և այդ ժամանակվանից ի վեր չեմ տեսել նրան: Բայց երբեք չկարողացա վճռել արդյո՞ք նա լուրջ էր, թե կատակում էր:

Սոմերսեթ ՄՈԵՄ

Լրահոս
Խելագարի մարգարեությունը Գիտակ ձևանալու փորձ Սևանա լճի ընդերքում կտեղադրվի System of a Down խմբի քանդակը Թուրք գրող․ «հայ-թուրքական հարաբերությունները չպետք է թողնել մի բուռ քաղաքական գործիչների» Հայ ժողովրդի ներկա ու ապագա սպասումները՝ «մեղքերի պարանին» Բիրգյուլ Օղուզ․ «Սուգն անճարության է մատնում, բայց միեւնույն ժամանակ հնարավորություն է» Ամուսնաընտանեկան հարաբերությունների քրիստոնեական մոդելը ներկայացնող մի քանի հիմնահարցեր Թատրոնի ականատեսն այս անգամ էլ օպերային անդրադարձավ «Նկարիչները հայոց բանակին» Տաք ձյուն Ձյունը «Քանի դեռ կռվողներ կան, լուծում միշտ էլ լինելու է»․ Ժիրայր Շալյան Մշակութի նախարարը, առաջին տիկինն ու ԱՄՆ և ՌԴ դեսպանները հաջողություն են մաղթել Տիգրան Մանսուրյանին ու Կոնստանտին Օրբելյանին «Գրեմմի» մրցանակաբաշխությունում Ձյուն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի և Կիպրոսի պատվիրակություններին Մշակույթը պետք է հասանելի դառնա բնակչության բոլոր խավերին․ Սերգեյ Շահվերդյան Փորձում ենք գտնել միջոցներ՝ Ստեփանակերտի պետական թատրոնը վերականգնելու համար Մնջախաղի թատրոնի նորամուտը հետաձգվում է. Ժիրայր Դադասյան Տխուր հեռու Այնտեղ, ուր հատվում են զուգահեռները Մի դատեք, որ Աստծուց չդատվեք Հայ տենորը դարձել է Տեներիֆեում մեր յուրատեսակ դեսպանը Սպենդիարյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ կարող են «վիրտուալ» նվագախումբ ղեկավարել Աղտոտ մեղքից բազում ախտեր Դու ես միակը Պույ-պույ մկնիկը Արմեն Ամիրյան․ «կինոյի մահանալու մասին լուրերը խիստ չափազանցված են» Կռնատ աղջիկը Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի» Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում դիմացինի ցավին վշտակից և հաջողություններին ուրախակից մանկատան սաներ Երաժշտական դպրոցների վարձերը հնարավոր է թանկանան Ազգային կինոկենտրոնի գեղխորհրդի անդամներին ստիպում են «ստորացուցիչ պարտավորագիր» ստորագրել. մեկնաբանում է Արսեն Բաղդասարյանը Նախ Բարձրյալի, հետո ձեր ներողամտությունն եմ հայցում Մայր Աթոռում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը Բնապահպանություն Ձյուն-ձյուն Յուրաքանչյուր վախից կարելի է ազատվել Նրա միջոցով «Զվարթնոց» վոկալ քառյակը տուրիզմ է զարգացնում Գեներալը, ներքինին և «Ազգ փրկելը»
website by Sargssyan