USD
EUR
RUB

«Ապրել». Պարույր Սևակ

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը… հզոր Հանրությունը…

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան…

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
Որ նրանց հետ մթնես – ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ…

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել…

Պարույր ՍԵՎԱԿ

Լրահոս
«Ինքնահեռացում» «Աբովյան փողոց» «Էրվում Եմ, Էրվում» «Կացինն ու ծառը» «Հող հայրենի» «Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող» «Այն ո՞վ է ասում » «Խոսք իմ որդուն» Ամեն բան չէ, որ ոգևորել, ուրախացրել է ինձ Սիլվա Կապուտիկյան. Կենսագրություն «Երազ» «Խարիսխը» «Արտիստին» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 25» Մեր մանկության խաղերը. «Թաշկինակ» «Փողոցի երգը» Թե ինչպես ինձ նահանգապետ ընտրեցին «Ճանապարհը» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 24» Մեր մանկության խաղերը. «Մուկ–կատու» «Պատուհանիս տակ» «Գունդը ափի մեջ» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 23» Մեր մանկության խաղերը. «Գայլն ու ոչխարը» Իմ գնալուց հետո դու աչք չփակես. վերև չնայես «Սովորականն անսովոր է» «Ազատություն» «Դու որ կարող ես» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 22» Մեր մանկության խաղերը. «Գայլ, թող գիշերենք քեզ մոտ» Ավետիք Իսահակյանի մասին «Ծառա Սիմոնը» «Մի մկան պատմություն» «Կյանքից թանկ բանը» «Արևի մոտ» «Արջն ու օձը» «Պանդուխտ որդին» «Կտակ» «Ասպետի սերը» «Ռավեննայում»
website by Sargssyan