Հայ գուսանական երգեր. «Սարի սիրուն յար»

Հազար նազով յար, հովերի հետ եկ,
Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ:
Սև ձիուս վրա ձեր գյուղն եմ եկել,
Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել:

Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Հազար մի ծաղկի, մեջ ես մեծացել,
Ծաղկանց ցոլերով մազերդ թացել:
Մազերիդ բույրը հեռվից է գալիս,
Զեփյուռը բերում, սրտիս է տալիս:

Սարի սիրուն յար…

Երբ քո հայացքը երկնին ես հառում,
Վառ աստղերն ասես նոր լույս են առնում:
Քո ձայնն են առնում հավք ու հովերը`
Ախ, ե՞րբ կառնեմ ես քո մատաղ սերը:

Սարի սիրուն յար…

Սարից է գալիս, էս առվի ջուրը,
Բերում է, յա՜ր, քո բույրն ու համբույրը:
Աշո՛տ, թե կարաս քո երգ ու հանգով
Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով:

Սարի սիրուն յար…

Գուսան Աշոտ

Կատարում է Լուսիկ Քոշյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում