USD
EUR
RUB

«Հոգևոր Հայաստան». Վահան Տերյան

Մեր մտավորականության մեջ մի խոշոր ու այժմ իշխող հոսանք մշակել է մի տեսակետ, ըստ որի թուրքահայ խնդրի լուծման հետ է կապված հայության ամբողջ ապագայի հարցը: Ճիշտ է՝ կան որոշ վերապահումներ, սակայն ներկա դեպքում նրանք կարեւոր չեն, էական դեր չեն կատարում:

Այդ հասարակական հոսանքի թեորիան գրեթե համատարած ու իշխող է հանդիսանում մեր երկրում. այդպես է եղել գրեթե միշտ, չնայած արտաքին խանգարիչ զորություններին, չնայած ներքին՝ մեր երկրում ծագած հակամարտ հասարակական հոսանքներին: Այդ ուղղությունը այսպես թե այնպես գրավել է մեր ոչ միայն միջին հասարակական խավերի համակրությունը, այլեւ ներքին՝ ժողովրդական, դեմոկրատ դասերի համակրությունն ու գործակցությունը: Ներկա դեպքում ինձ հետաքրքրողն այդ ուղղության թեորիաների մանրամասները չեն, ոչ էլ նրանց մտածողության ամբողջական կոնցեպցիան: Ինձ զբաղեցնողն այժմ միայն մի հիմնական կետ է, որ շատ կարեւոր դեր է կատարում նրանց ամբողջ հասարակական աշխարհայացքի նկատմամբ: Հայություն եւ Հայաստան ասելով՝ այդ ուղղության ներկայացուցիչները գրեթե միշտ թուրքահայությունն են ըմբռնում եւ Թուրքաց Հայաստանը:

Մտածողության այդ ձեւը շատ բնորոշ արտահայտություն էր գտել դեռ անցյալ տարի կարդացված մի դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ գրականությանը, եւ մի այլ դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ կուլտուրայի ապագային: Այդտեղ շատ պարզ ցոլանում էր այն գերագույն հավատը, որ տածում էին դասախոսները դեպի թուրքահայերի կուլտուրական վճռական դերը հայության կյանքում: Հայության գլխավոր կուլտուրական կենտրոնը ներկայանում է, ըստ այդ տեսակետի, Էրզրումը, Վանը, Մուշը, մի խոսքով՝ Թուրքաց Հայաստանի կենտրոնները:

Ընդհանուր առմամբ՝ դասախոսները լավատեսությամբ էին տոգորված հայության կուլտուրական ապագայի վերաբերմամբ: Սակայն, երբ ես կարդացի լրագրում այդ դասախոսությունների բովանդակությունը, չտոգորվեցի նույն լավատեսությամբ, որովհետեւ նրանց լավատեսությունը հիմնված էր թուրքահայ խնդրի լուծման վրա եւ այն հավատի վրա, որ տածում էին նրանք դեպի թուրքահայերի կուլտուրական ապագան, մինչդեռ ինձ զբաղեցնում էր ամբողջ հայության կուլտուրական ապագայի խնդիրը:

Մինչդեռ ինձ համար միանգամայն անընդունելի էր այդ կոնցեպցիան՝ ոչ միայն իբրեւ մտածողություն, այլեւ իբրեւ զգացողություն: Բայց դա կարեւոր չէ, որովհետեւ ուղիղ թե սխալ՝ վերը հիշածս իդեոլոգիայի ներկայացուցիչներն այնուամենայնիվ ունեին իրենց առջեւ մի ուղեցույց աստղ՝ հայության ապագան, որ ինձ համար էլ կենսական ու կարեւոր, այժմեական ու հրատապ էր թվում, ինչպես թվում է եւ այժմ: Դրա համար ես հասկանում եմ, երբ այդ ուղղության մարդիկ զայրույթ են զգում կարդալով այն հոդվածները, որոնց հեղինակները մտահոգվում են թուրքահայերի եւ առհասարակ հայերիֆիզիկական գոյությունը ապահովելու մասին: Ո՛չ, ասում են նրանք, հարցը հայության ֆիզիկականի մասին չէ, այլ նրա ամբողջ ապագայի, նրա կուլտուրական ստացվածքների, նրա հոգեկան ինքնության մասին: Պետք է միջանկյալ նկատեմ, որ հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության մասին խոսողները, իհարկե, պակաս չեն շահագրգռված հայության կուլտուրական եւ հոգեկան ստացվածքների վերաբերմամբ, միայն այս անգամ եւս տարբերությունն այլ տեղ պետք է որոնել: Բանն այն է, որ ֆիզիկականի մասին մտահոգվողներն այնպիսի գերագույն ու վճռական հույսեր չունեն ներկայիս հայության ապագայի նկատմամբ, ինչ հույսեր անտարակույս տածում են նրանք, որոնք ամբողջ հայության ապագայի հարցը կապում են թուրքահայերի հետ:

Չընծայելով թուրքահայությանն այդպիսի վճռական դեր, այնուամենայնիվ, բնականաբար, ամեն մի հայ պիտի շահագրգռված լինի թուրքահայերի ազատագրումով, ինչ ձեւով էլ լինի այդ ազատագրումը: Ուրեմն պարզ է, որ հակադրություն չկա այստեղ, այլ ընդհակառակը՝ համադրություն կա, քանի որ ֆիզիկականի մասին հոգացողները եւս հայության ապագայի խնդրով են զբաղված: Ուրեմն էական խնդիրը մեկ է՝ հայության կուլտուրայի ապագայի ապահովումը: Վերը հիշածս ուղղության մարդիկ ազգի այդ կուլտուրական ապագայի հարցի լուծումը որոնում են թուրքահայկական հարցի լուծման սահմաններում:

Վահան ՏԵՐՅԱՆ

Շարունակելի...

Լրահոս
Շքանշանների հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Երեքնուկ Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Հայրս դաշտից տուն եկավ Գտնված երազ «Զվարթնոցում» կրկին «Հայկական ավանդական հարսանիք» է լինելու Դսեղում բացվել է Թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը Երկնքից թաքուն… Արի ուղղակի... Մեր մանկության խաղերը․ «Խաշիլ ճաշ» Ջան, իմ գնդակ, իմ գնդակ Վախը Տէր ողորմեա «Որպեսզի ֆիլմը ստացված լինի, անհրաժեշտ է հետաքրքիր պատմություն ունեցող հերոս» Թերրի Ջորջ Մենք ձեզ հետ ենք Նոր ծաղիկ Երեխաների դաստիարակության մասին. Ս. Հովհան Ոսկեբերան Անհաղորդության պոետը Տիգրան Համասյանը մեծ համերգով կներկայանա հայրենի քաղաքում Մեռնելու օրը… Արև-արև եկ, եկ Ինձնից մինչև Ես Թռչնաձուկը «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում բացվել է Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը Օրորոցային` Մշո բարբառով Այս մանկան հավատքից է պետք համայն մարդկությանը. Հանուն խաղաղ երկնքի․․․ Դու ինձ սովորեցնում ես սիրել Մշակութային քաղաքականությունը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում Նոր գրքեր․«Երկնքից երեք խնձոր ընկավ» Մեր մանկության խաղերը․ «Պուտ-պուտ» Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես Բարին հաղթում է։ Էսպես է կարգն աշխարհի Ծնկաչոք եկա քեզ մոտ Օ, ՍԻՐՏՆ ԻՄ… Ազգային պատկերասրահում բացվեց երազանքի ցուցադրությունը Հերման Հեսսեի երկու վեպերը դարձյալ ընթերցողի սեղանին են Նկարիչ-անիմատոր Հայկ Սայադյանի խոհերը կյանքի և դրա զանազան դրսևորումների մասին Մեր մանկության խաղերը․ «Ես բարձր եմ, դու` ցածր»
website by Sargssyan