«Հոգևոր Հայաստան». Վահան Տերյան

Այդ Հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ եւ գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը:

Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը:

Մի՞թե անվերջ չարչարանքի եւ գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների եւ վսեմ մի հավատի պայծառ պատկերը չէ մեր Հոգեւոր Հայրենիքի ասպետ-զավակների կյանքը:

Եվ եթե այսօր մեկը ոչինչի տեղ է դնում նրանց՝ այդ ոգու ասպետներին ու միեւնույն ժամանակ ծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջեւ, ես չեմ հավատում նրան, ես զզվում եմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից:

Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան եւ Մուշ եւ Էրզրումին:

Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ եւ անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկի այդ Հոգեւոր Հայրենիքի վերակառուցման:

Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:

Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր:

Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլեւ մեզ եւ ուրիշների համար…

Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերությունների մի նոր դասավորում ստեղծեն, այլեւ գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն:

Եվ հիրավի: Այսօր մեր առջեւ կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մեր հոգու համար, նրանք իրենց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան:

Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ: Սակայն ես կուզեի որոշ հետեւողականություն գտնել իրերի ընթացքում եւ որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր է անել:

Մեր մեռած կյանքն այսօր կարծեք թե կենդանության նշաններ է ցույց տալիս: Թող լինեն այդ նշանները տարօրինակ եւ երբեմն այլանդակ, բայց այդ տարօրինակություններն ու այլանդակությունները ես կուզեի վերագրել անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա:

Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ Հոգեւոր Հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող Հոգեւոր Հայաստանին: Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է:

Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել:

Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար:

Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը:

Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը:

Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի եւ Հոգեւոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:

1914

Վահան ՏԵՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում