Հեռավորության վրա երեխայի լացը լսելի դարձնող և սարքավորումները կառավարող Moon-ը

Հեռավորության վրա երեխայի լացը լսելի դարձնող և սարքավորումները կառավարող Moon-ը

Երկու տարի առաջ Moon-ն ընդամենը գաղափար էր, այսօր արդեն` պատենտավորված, 10 սմ տրամագծով փոքրիկ սարք, որին կարելի է վստահել տան անվտանգությունը և հանգիստ գնալ աշխատանքի կամ քաղաքից դուրս: Դրա համար ընդամենը պետք է տեսանկարահանող ավտոմատացման սարքին տալ համապատասխան ցուցումներ և հեռախոսի մեջ ունենալ համապատասխան հավելված:

Հավելվածի մեծ ստեղծված վիրտուալ վահանակի օգնությամբ կկարողանաք ձեր նախընտրած ժամին միացնել կամ անջատել օդորակիչը, որոշել բնակարանի ցանկալի ջերմաստիճանն ու խոնավությունը, երեխաներին մուլտֆիլմից կտրելու համար անջատել հեռուստացույցը և` ոչ միայն: Ըստ էության` կենտրոնացված ավտոմատացման համակարգ համարվող Moon-ը տեղադրելով, ասենք, բնակարանում, հնարավոր է հեռավորության վրա ոչ միայն կառավարել հեռակառավարման վահանակով աշխատող սարքավորումները, այլև հետևել տան անցուդարձին:

ՏՏ ոլորտում փորձն ու նորարարության հանդեպ սերը նպաստեցին, որ մասնագիտությամբ տնտեսագետ Սերգո Օգանովի մոտ ծնվի Moon-ի գաղափարը: Մտահղացումը հայտնեց ընկերոջը` գերմանահայ Իգոր Խաչատուրյանին, ու սկսվեց հայկական ստարտափի նախագծումը: «Մտածում էինք ավտոմատացման համակարգ ստեղծել, բայց պետք էր հասկանալ, թե կոնկրետ ինչ գործառույթներ պիտի աներ այն, որպեսզի շուկայում պահանջարկ ունենար: Ի վերջո հասկացանք, որ լայն սպառման շուկա ապահովելու համար պետք է բնակարանների անվտանգության ուղղությամբ մտածել: Միևնույն ժամանակ, շատ լավ էինք գիտակցում, որ անվտանգության համակարգերը բազմազան են ամբողջ աշխարհում: Մեր առաջարկը պետք է ունենար հնարավորինս շատ գործառույթներ և լիներ գրավիչ: Եվ այն, ինչ ստացանք, կարող ենք ասել, որ հնարավորություն է տալիս կառավարել տան գրեթե բոլոր սարքավորումները»,-ասում է Moon-ի համահեղինակ Սերգո Օգանովը:

Անլար սնուցվող Moon-ը հնարավորություն է տալիս, տնից հեռու գտնվելով, ոչ միայն կառավարել տան սարքավորումները, այլև տպավորություն ստեղծել, թե տանը մարդ կա: Եթե ածխաթթու գազի տվիչը հուշում է, որ պատուհան բացելու ժամանակն է, ապա լույսի տվիչը պարբերաբար միացնում և անջատում է սենյակների լույսերը:

Բայց եթե անգամ գողերը չեն խաբվում տանը մարդկանց ներկայության պատրանքով, Moon-ը ուրիշ ձևով է օգնում տանտերերին: Մագնիսական լևիտացիայի հաշվին 360 աստիճանի տակ անաղմուկ պտտվող տեսախցիկը, տեսաձայնագրելով տան ամբողջ անցուդարձը, ինֆորմացիան անմիջապես ուղարկում է օգտատիրոջ հեռախոսին` տվյալ դեպքում տանտիրոջը կամ տանտերերին, ասենք, մայրիկին ու հայրիկին: Ինչի շնորհիվ անգամ տեսախցիկը գողանալու դեպքում կատարվածի սկզբից մինչև տեսախցիկն անջատելու պահն ամեն ինչ տեսնում և լսում են տանտերերը: Ի դեպ, ինֆորմացիան անհասանելի է կողմնակի մարդկանց համար, անվտանգության մասին մասնագետները հոգացել են նախ և առաջ. «Moon-ը տեսագրությունը և´ իր մեջ է պահպանում, և´ հեռախոսին է ուղարկում: Այն գողանալն անգամ վտանգավոր է, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի գողին գտնելը: Հեռախոսին ուղարկված ինֆորմացիայից հնարավոր է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել դեպքից մեկ րոպե առաջ»,-ասում է Սերգոն:

Անվտանգության համակարգ ներառող հայկական ստարտափը կարող է ոչ միայն օգնել` հեշտությամբ գտնելու գողին, այլև կանխելու գողությունը: Ձայների վերլուծության մեխանիզմն անմիջապես կհուշի` բնակարանի պատուհանն է ջարդվել, շունն է հաչում, թե երեխան է լացում: Իսկ կապը խափանվելու դեպքում անպայման կզգուշացնի:

Եթե բնակարաններում և գրասենյակներում Moon-ը ապահովում է, նախ և առաջ, անվտանգությունը, ապա կոնֆերանսներում մաքուր ձայն է ստանում: Առանց մարդկային գործոնի` պտտվելով ձայնի ուղղությամբ` ունիվերսալ սարքը ձայնագրում է խոսողին` չեզոքացնելով շրջապատի մյուս ձայները:

Թե կոնկրետ երբ շուկա կհանվի աշխարհում իր ֆունկցիոնալությամբ նմանը չունեցող Moon-ը, դեռ հստակ չի, բայց Indiegogo-ում կամ այլ օնլայն հարթակում քրաուդֆանդինգ արշավին արդեն կհետևի մասսայական արտադրությունը: «Հիմա գյուտի գրանցման հարցերով ենք զբաղված: Այս` առաջին ապրանքի հաջողության դեպքում, կյանքի կկոչենք մեր մյուս մտահղացումները: Մեր նպատակն էր՝ գտնել ձևաչափ, որը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն կտա մնալ և աշխատել Հայաստանում, բայց ունենալ սպառման շուկա ամբողջ աշխահում: Այդ դեպքում Հայաստանի հեղինակությունը ՏՏ ոլորտում կբարձրանա, ինչը կհանգեցնի պատվերների աճին»,-վստահեցնում է Սերգոն:

Իսկ թե ինչ հաջողություն կունենա հայկական ստարտափն աշխարհում, մեծապես կախված է մյուս համահեղինակից` գերմանահայ Իգոր Խաչատուրյանից, ով գծել է Moon-ի դիզայնը և իր վրա վերցրել այն աշխարհին ներկայացնելու պարտավորությունը:
Ապրանքի առաջմղման գործում ջանք չխնայելու դեպքում Moon-ը հավակնում է մեծ շուկա ձեռք բերել թե´ Եվրոպայում, թե´ Ամերիկայում, բայց Սերգոն վստահ է` ունիվերսալ տեսախցիկն ամենաշատ գնահատողները կունենա ԱՄն-ում, Կանադայում, որոշ չափով` Սինգապուրում և Ավստրալիայում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում