«Պատահական անցորդին»

Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք – ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար – գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ:
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք – ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
Ե՛ս էլ կանցնեմ – տրտում մենակ, – ու կգնամ իմ անծայր
Երազ – ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ …

Եղիշե ՉԱՐԵՆՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում