Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Ամենասիրելի Հովհ. Թումանյանին

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:

Ձեր` Եղիշե Չարենց

Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում