Պետրոս Դուրյան. Կենսագրություն

Պետրոս Դուրյանը (Զըմպայան) ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:

16-ամյա պատանին փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան: Դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը պատանի Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի: «Բնությունն ամբողջ երգ մ’ է,- իր վերջին նամակում գրում է մահամերձ բանաստեղծը և շարունակում:- Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա – սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք…»: Ահա այդ կատարյալ կյանքին էր ձզտում բանաստեղծ պատանին, և նրա, իղձը մասամբ կատարվում է, եբբ կապվում է թատրոնի հետ: Ճիշտ է, այստեղ էլ բարքերը ճնշող էին, անհոգ ու անտարբեր դերասան-դերասանուհիների շրջապատում նա մենակ էր զգում իրեն: Երբեմն էլ իր հասցեին արված կատակներից պատառիկներ էին հասնում ականջին, որից շատ էր խոցվում նրա զգայուն սիրտը: Ըստ հուշագիրների՝ «Լճակ» բանաստեղծության մեջ չակերտներով բերված «դողդոջ է, գույն չունի», «կը մեռնի» խոսքերը բանաստեղծն իսկապես լսել է թատրոնի ետնաբեմում:

Այս ամենով հանդերձ թատրոնում, այնուամենայնիվ, հոգևոր կյանք կար, որ մոտ էր բանաստեղծի սրտին: Թատրոնի համար Դուրյանը գրում կամ թարգմանում էր պիեսներ, որոնք բեմադրվում էին: Ներկայացումների ժամանակ ինքն էլ երբեմն հանդես էր գալիս դերակատարումներով: Շուտով նա հայտնի է դառնում որպես թատերագիր: Բայց որ նա ամենից առաջ հանճարեղ բանաստեղծ էր, շատերը չգիտեին: Դուրյանի բանաստեղծությունները գրասեր հասարակության համար անակնկալ հայտնություն են դառնում նրա վաղաժամ մահից հետո միայն:

1871թ. սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում կյանքով լեցուն պատանին ղրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում: «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»:

Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը: Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն: Իսկ հաջորդ 1872թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում