Հովհան Ոսկեբերան. Մեղանչողը չպետք է հուսահատվի իր փրկության համար

Ասա՛, խնդրեմ, ո՞վ է մարդկանցից անմեղ: Քանի որ հոգեկան մեծ վերքեր կան, դրա համար էլ գոյություն ունեն պատարագն ու եկեղեցին, աղոթքներն ու պահքերը: Այդ պատճառով էլ դրանց դեմ գտնվել են շատ բուժիչ միջոցներ, և յուրաքանչյուր հոգու վերքի համար պատրաստված է համապատասխան դեղամիջոց: Դու ունես զոհ մատուցող եկեղեցի, հայրերի աղոթքներ, Սուրբ Հոգու առաջնորդությունը, նահատակների հիշատակի ժամերգությունը, սրբերի դասը և նմանատիպ շատ այլ միջոցներ, որոնք կարող են քեզ դարձի բերել մեղքից դեպի առաքինության:

Չգիտե՞ս, որ զոհասեղանի առջև կանգնածները նույնպես ենթակա են մեղքի: Նրանք էլ օժտված են մարմնով, լցված են արյունով և կազմված են ոսկորներից, մենք էլ, որ նստում ենք նստարաններին և սովորում, ենթակա ենք մեղքի, բայց հույսներս չենք կտրում Աստծո մարդասիրությունից և Նրան անողոքություն չենք վերագրում: Որովհետև մենք` ամբողջ մարդկությունս, նույն կազմվածքն ունենք և չենք դադարում սովորել` հուսալով Աստծո անհուն մարդասիրությանը: Եվ մենք, որքան շատ առավելություն ունենք սաների հանդեպ, այնքան առավել մեծ դատապարտության ենք ենթակա, քանզի այլ է աշակերտի մեղքը, այլ` ուսուցչինը, սակայն մենք չենք հրաժարվում դրանից, որպեսզի խոնարհության որևէ պատրվակի դեպքում չտրվենք անհոգության: Եվ դա տեղի է ունեցել Աստծո տնօրինությամբ, որ քահանաները նույնպես ենթակա լինեն մեղանչելու:

Եվ թե ինչպես է դա լինում, կիմանաս ստորև: Եթե ուսուցիչներն ու քահանաները չմեղանչեին և կենցաղային կրքերին հաղորդակից չլինեին, ապա նրանք ուրիշների հետ հարաբերության ժամանակ անմարդկային ու դաժան կլինեին, այդ պատճառով Աստված այնպես կարգավորեց, որ քահանաներն ու առաջնորդները ենթակա լինեն կրքերի, որպեսզի իրենք, նույն մեղքերի մեջ ընկնելով, ներողամիտ լինեն նաև ուրիշների մեղանչումների հանդեպ: Եվ միշտ, ոչ միայն այսօր, այլև հնում, Աստված այնպես արեց, որ նրանց, ում նա հաճեցավ հանձնել եկեղեցին ու ժողովրդին, մեղքի ընդունակ լինեն, որպեսզի նրանք իրենց անկումով ուրիշների հանդեպ մարդասեր լինեն: Որովհետև եթե նրանք չմեղանչեին, մեղավորների հանդեպ ներողամիտ չէին լինի, այլ բոլորին կհեռացնեին եկեղեցուց: Իսկ որ դա իսկապես այդպես է, և ես դա ենթադրելով չեմ ասում, կփորձեմ բացատրել պարզ օրինակով: Պետրոսին էին հանձնված եկեղեցու բանալիները, նույնիսկ ավելին` երկնքի բանալիները և բազմաթիվ ժողովուրդ: Քանզի ի՞նչ է ասում նրան Աստված. «Եվ քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում» (Մատթ. 16:19):

Պետրոսը մի ժամանակ չափազանց խստականոն էր, և եթե նա նույնիսկ անմեղ էլ լիներ, ապա ինչպիսի ներողամտություն կարող էին ստանալ նրանից իր աշակերտները: Այդ պատճառով էլ աստվածային վայելչությունը թույլ տվեց նրան մեղքի մեջ ընկնել, որպեսզի նա էլ ներողամիտ գտնվի ուրիշների հանդեպ: Եվ տե՛ս, թե Նա ում է թույլ տալիս մեղքի մեջ ընկնել. Պետրոսին` առաքյալներից բարձրագույնին, անսասան հիմքին, անկործանելի քարին, եկեղեցու մեջ առաջինին, անմրրիկ նավակայանին, աներեր սյանը: Այն Պետրոսը, որ Հիսուսին ասաց. «Թե քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանա» (Մատթ. 26:35), Պետրոսը, որ աստվածային հայտնությամբ խոստովանեց ճշմարտությունը. «Դու ես Քրիստոս` կենդանի Աստծո Որդին», նա Քրիստոսի մատնության գիշերը, երբ եկավ խարույկի մոտ տաքանալու, և մի ծառա, ով մոտեցավ նրան ու ասաց. «Դու էլ երեկ այս մարդու հետ էիր», պատասխանեց. «Չեմ ճանաչում այդ մարդուն», և երկրորդ ու երրորդ անգամ ուրացավ: Այդ ժամանակ, վերջապես, Հիսուսը հայացք գցելով նրա վրա, հիշեցրեց նրան Իր խոսքը, և նա հասկանալով՝ սկսեց լացել և ապաշխարել մեղքերի համար: Այդպես մարդասեր Աստված թույլ տվեց նրան մեղքի մեջ ընկնել, որովհետև գիտեր, որ նա, լինելով մարդ, փորձվեց մարդկայնորեն, բայց, ինչպես վերում ասվեց, քանի որ նրան էր հանձնվելու բազմաթիվ ժողովուրդ, այդ պատճառով է,լ եթե նա մնար խստապահանջ և անմեղ, անգութ կգտնվեր իր եղբայրների նկատմամբ: Նա մեղքի մեջ ընկավ, որպեսզի հիշելով իր սեփական հանցանքը և Աստծո ներողամտությունը` ուրիշների հանդեպ գթասրտություն ցուցաբերեր` աստվածային նախախնամությամբ, Աստծո կամքի համաձայն:

Նման ձևով թույլատրվեց մեղանչել նրան, ում հանձնվելու էր եկեղեցին, եկեղեցու սյունը, հավատքի ապաստարանը: Պետրոսին` տիեզերական ուսուցչին, թույլ տրվեց մեղանչել, որպեսզի դա ուրիշների հանդեպ մարդասիրության պատճառ դառնար: Բայց ինչո՞ւ ասացի սա, որպեսզի բացատրեմ, որ մենք` քահանաներս, ամբիոնի վրա նստելով և ուսուցանելով, ենթակա ենք մեղքի: Այդ պատճառով էլ քահանայությունը չհանձնվեց ո՛չ հրեշտակներին, և ո՛չ էլ հրեշտակապետերին, որովհետև նրանք, անմեղ լինելով, խստությամբ հանկարծահաս կայծակով չհարվածեն ժողովրդի մեջ մեղավորներին, այլ հանձնվեց մարդուն, ով ենթակա է կրքերի և մեղքերի, որպեսզի մեղավորի հանդեպ ավելի մարդասեր լինի` հիշելով սեփական մեղքերը: Իսկապես, եթե քահանան հրեշտակ լիներ, ապա նա, հանդիպելով որևէ անառակի, անմիջապես նրան մահվան կդատապարտեր` ինքն այդպիսի կրքի ենթակա չլինելու պատճառով: Դրա համար, եթե հրեշտակը քահանայության իշխանություն ստանար, ապա նա չէր սովորեցնի, այլ անմիջապես մահվան կդատապարտեր, որովհետև անձնապես չլինելով այդպես` նա բարկությամբ կբոցավառվեր այդ մարդու նկատմամբ: Այդ պատճառով քահանայությունը հանձնված է մարդու, որպեսզի նա, գիտակցելով իր մեղքը և սեփական փորձառությամբ սովորելով, մեղավորի նկատմամբ ներողամիտ լինի ու բարկությամբ չգրգռվի, և որպեսզի եկեղեցին գործածության այդ ձևով չաղքատանա:

Նաև Եղիա մարգարեն` երկինքը փակող, անձրևը դադարեցնող, երկնքից կրակ իջեցնող, լսելով Հեզաբելի խոսքը, ով ցանկանում էր սպանել նրան, փախուստի դիմեց, փախավ քառասուն օր: Երկու հաստատունները տատանվեցին կնոջից: Պետրոսը վախեցավ աղախնուց, իսկ Եղիան` Հեզաբելից, երկուսն էլ նույն մեղքի մեջ ընկան: Նա իրեն անմեղ էր համարում, սակայն, Աստծո թույլատու կամքով մեղքի մեջ ընկավ, որպեսզի գթասրտության արժանանալով` անգութ չլիներ մյուսների նկատմամբ: Եվ փախավ Եղիան 40 օր: Ո՞ւր են այն խոսքերը, որ նա ասաց զինվորների 50 հոգանոց խմբին և կրակ իջեցրեց ու այրեց նրանց: Այդպես Աստված ցանկացավ ցույց տալ, որ այն ժամանակ էլ, երբ Եղիան հրաշք գործեց, իրենով չգործեց, այլ` Աստծո զորությամբ: Եվ նայիր, թե ինչ կատարվեց: Երբ Աստված գործեց, այդ ժամանակ ընկան նաև թագավորները, իշխանները, բնակչությունը, իսկ երբ Աստված հետ քաշվեց, ապա կինն էլ սարսափելի թվաց:

Աստված հետ քաշվեց, և մարդկային բնությունն անզոր դարձավ: Տեսնում ես, թե ինչպես նրան թույլ տրվեց ընկնել փոքր մեղքի մեջ, որպեսզի զգեստավորվի մարդասիրության ամբողջական զգեստով: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես Աստված թույլ տվեց ընկնել սյուներին, պատվավորներին և ամուրներին: Դա կատարվեց նրա համար, որպեսզի նրանք սեփական անմեղության դեպքում բոլորին չհեռացնեն եկեղեցուց, որպեսզի նրանք, երբ մի մեղավորի տեսնեն և ցանկանան նրա հետ անողոքաբար վարվել, հիշեն սեփական մեղսունակության մասին և նրան այնպիսի մարդասիրություն ցույց տան, ինչպիսիին իրենք արժանացան Աստծուց: Մենք սա ասացինք ոչ թե արդարներին դատելու համար, այլ որպեսզի թեթևացնենք ձեր փրկության ճանապարհը, որպեսզի դուք, երբ մեղանչեք, չհուսահատվեք ձեր փրկության համար` հիշելով արդարների հանցանքները, այլ ապաշխարության օգնությամբ չզրկվեք ձեզ հասանելիք պատվից:

Ռուսերենից թարգմանեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ
Աղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում