USD
EUR
RUB

«Մայրը»

Անտառներում' աշնան թափուր,
Երբ թաց խավարն է իջնում,
Երբ դաշտերում մերկ ու տխուր
Ցուրտ քամին է շառաչում,
Ամեն անգամ զգում եմ նոր
Զրույցն այս խեղճ պառավ մոր:
Եվ խորհում եմ, թե արդյոք ուր,
Մեզնից մոտիկ կամ հեռուն,
Որ անտերունչ խեղճին հիմա
Չարի ձեռքն է հարվածում...

Չգիտեմ երբ եվ որ շենում
Իրեն որդու, հարսի քով
Մի խեղճ պառավ մայր է կենում,
Ծանր ականջ, կույր աչքով:
Ոտ ու ձեռից ընկած, անճար,
Հաց չտային, չէր ուզում,
Եվ օրն ամբողջ նրանց համար
Աղոթքներ էր մրմնջում:

Օֆ, ասում էր հարսն ամեն օր,
Մերդ բեռ է իմ վրա
Բանս թողած' օրը բոլոր
Փեշն եմ բռնել ես նրա:
Աչքը անկուշտ, ինչքան որ տամ,
Միշտ անեծքը բերանին,
Նստել է մեր շնչի վրան,
Տար, կորցրու' ազատվիմ...

-- Այ կին, ինչ չար բան կխոսաս,
Մարդ էլ ծնող մորն էսպես...
Կբարկանա աստված վրաս,
Մեղա' աստծու, մեղա' քեզ:

Բայց ամեն օր հարսն անողորմ
Ամուսնու սիրտն էր կրծում,
Եվ խստաբար պահանջում էր
Իր չար կամքին գոհացում:
Ու մի օր էլ ճչաց, լացեց,
Պոկեց մազերը գլխից,
Վրա պրծավ, դուռը բացեց,
Թե մորդ տար իմ տնից,
Թե ոչ, հիմա դուրս կթռնի
Ու կձենե աշխարհում,
Թե մարդն իրեն օր չի տալիս,
Թե ուրիշին է սիրում...

Թշվառ մարդն էր. ճարը կտրած
Վերցրեց մորը պառավ,
Անգութ հարսի աչքի առաջ
Պարկը դրեց, ուսն առավ:
Գլուխը կոր' ճամփա ընկավ,
Միտքը մռայլ ու խոլոռ,
Սեվ ամպերից գիշերն իջավ,
Ճամփան' մթին ու մոլոր...
Ուշ գիշերին հասավ անտառ,
Խոր ծմակում, ծառի տակ,
Պարկը ձգեց - մորը անճար
Ձգեց անտեր ու մենակ:

Աշնան քամին էր հեծկլտում,
Գայլն էր տալիս կալանչին,
Ոտքը փոխեց, որ դառնա տուն,
Մոր ձայնն հասավ ականջին.

-- Երթաս բարով, Աստված քեզ հետ,
Ոտքդ քարի թող չգա,
Տղաս, վերցրու պարկը քեզ հետ,
Պարկը տանը պետք կգա...

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս
«Երազ» «Խարիսխը» «Արտիստին» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 25» Մեր մանկության խաղերը. «Թաշկինակ» «Փողոցի երգը» Թե ինչպես ինձ նահանգապետ ընտրեցին «Ճանապարհը» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 24» Մեր մանկության խաղերը. «Մուկ–կատու» «Պատուհանիս տակ» «Գունդը ափի մեջ» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 23» Մեր մանկության խաղերը. «Գայլն ու ոչխարը» Իմ գնալուց հետո դու աչք չփակես. վերև չնայես «Սովորականն անսովոր է» «Ազատություն» «Դու որ կարող ես» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 22» Մեր մանկության խաղերը. «Գայլ, թող գիշերենք քեզ մոտ» Ավետիք Իսահակյանի մասին «Ծառա Սիմոնը» «Մի մկան պատմություն» «Կյանքից թանկ բանը» «Արևի մոտ» «Արջն ու օձը» «Պանդուխտ որդին» «Կտակ» «Ասպետի սերը» «Ռավեննայում» «Մեկը չեղավ» «Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ» «Ահմեդի ուղտը» «Համբերանքի չիբուխը». Համառոտ «Քնքուշ լուսնի շուշան-փոշին» Սպիտակը ցուրտ է «Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ» «Ալագյազ» «Քու՛յր իմ նազելի» «Թաթիկներըդ լուսեղեն»
website by Sargssyan