USD
EUR
RUB

Սպիտակը ցուրտ է

Գետերն իրենց համար խաղաղ ու լուռ, ըմբոստ ու բուռն հոսում են, որ միանան ծովերին, տարրալուծվեն ու մեծանան, սարերն անվերջ ձգտում են հասնել երկնքին, որ հանգիստ շունչ քաշեն ու մաքուր օդ շնչեն՝ ուշք չդարձնելով ներքևում մնացածներին, իսկ մենք անուններ ենք տալիս նրանց, չափում մեծությունն ու խորությունը, բարձրությունը, որպեսզի տարբերենք:

Իսկ նրանք անտարբեր են մեր հանդեպ:

Միայն քաղաքներն են տարբեր՝ մարդակերտ ու անբնական, որոնց միշտ ձգտում են լայնացնել ու խոյացնել դեպի երկինք ու հետո լքել դրանք, անտարբեր դառնալ դրանց հանդեպ:

Բա մի բարձր կետ չունենա՞ քաղաքը, որ բարձրանաս ու աչքով չափես սահմանները, իմանաս՝ տե՞ր ես էդ քաղաքին, թե անտեր ես մնացել քաղաքում: 

Օտար տեղերում ավելի լավ է շրջել դատարկ փողոցներում, քան անծանոթ դեմքերով լցված օտարության մեջ հարազատ մի բան փորձել որոնել. միևնույն է, քոնը չէ, ճնշող է ու վանող: Հիմա կանգնել ու փորձում եմ սահման կամ գոնե հորիզոն գտնել, բայց դիմացս անսահմանություն է, աչքերս արդեն շաղվում են անվերջությունից: Կարճատես չեմ, բայց ունեցածս մի զույգ աչքով միայն մի մեծ դատարկություն եմ տեսնում: Միակ բարձր կետը հեռուստաաշտարակն է՝ մշուշոտ, աղոտ լույսերի մեջ թաղված, ամեն գիշեր անդուր կարմիր լույսերով վառվող: Իր լռությամբ ու կմախք հիշեցնող տեսքով ինչ-որ բան է կարծես զգուշացնում ու խորհրդանշում՝ դատարկ, չորացած, բայց դեպի երկինք ձգտող:

Պատուհանից կես աչքաչափ հեռու երկաթգծեր են անցնում: Չգիտեմ՝ որտեղից են գալիս ու որտեղ են գնում, բայց միշտ գնում-գալիս են գնացքները, տանում ու բերում են, չգիտեմ՝ ինչ կամ ում: Գիշերվա կեսին երկաթի ծանր շփումից ահավոր ու կցկտուր ձայներ են հասնում ականջիս. չեն թողնում հանգիստ մնալ անգամ անկողնում: Երևի պետք է միշտ արթուն լինեմ, որ հասկանամ, թե ուր են տանում գնացքներն ու որտեղ եմ հիմա ես: Մի օր, գիշերվա կեսից էլ մի բան անց հնարավոր է, որ ինձ տանեն…

Պետք է փակեն բոլոր օդանավակայանները, գնացքի գծերն ու ճանապարհները քանդեն. աղմուկն ահավոր շատ է. գնացողները շատ են:

Ամեն եկող գնացք արթնացնում է մի կտոր հիշողություն, դառնում սրտաքամ երազ, շոյում մտքերդ, մի պահ հառնում աչքերիդ դիմաց, լցնում ներսդ ու միանգամից, ակնթարթ հետո միայնակ թողնում իրականության հետ: Իրականության, որը լի է աղբով, կեղտոտ ու ցեխոտ փողոցներով, դատարկված, դեն շպրտված շշերով ու ծխախոտի մնացորդներով, հինավուրց շենքերով, կիսախարխուլ տանիքներով, պինդ փակված երկաթյա դռներով, կիսաբաց ու դատարկ աչքերով, որոնք ժամանակից շուտ ծերացել են՝ քամու և փոշու հետ հավերժական ու անվերջ կռվի արդյունքում։

Մի տեսակ հիշողության հոտ է գալիս՝ անցյալի, ապրած-վերջացած, բայց դեռ ենթագիտակցության մեջ թարմ մնացած պատմության: Իսկ գնացքները գնում են ու գալիս չգիտեմ՝ ուր, չգիտեմ՝ ինչու: Մի օր, գիշերվա կեսից էլ մի բան անց հնարավոր է, որ ինձ տանեն Քեզ մոտ:

Ամենավատը դավաճանություններից՝ երբ դավաճանում է հիշողությունդ: Ամեն հնարավոր ու անհնարին վարկած, ամեն վատ կամ հուսադրող միտք մտքովդ անցնում է, սկսում ես քեզ ներսից կրծել, մի փոքր, չնչին կետ որսալ, որից կկառչես ու կշարունակես մտքերդ, հուշերդ ճիշտ ու տրամաբանորեն շարադրել: Մեղադրում ես ինքդ քեզ, անիծում ես կյանքը, պատճառներ փնտրում արդարացումների համար:

Ամենավատը դավաճանություններից թերևս այն մեկն է, երբ ինքնակամ, ինքնաբռնության միջոցով փորձում ես հիշողությանդ, հուշերիդ դավաճանել, հրաժարվել նրանցից: Հեռանում ես նրանցից, ուրանում ես ասածներդ, զգացողություններդ, ապրածներդ ու հեռանում ես ինքդ քեզնից, ինքդ քո ներսում:

Ամենավատը դավաճանություններից՝ երբ ինքդ քեզ ես դավաճանումª հանուն կամ պատճառով ինչ-որ բանի:

Դեռ ձմեռ է այստեղ՝ փողոցներում ու տներում, գիշերով ու ցերեկը, պատերից ու սրտերից ներս: Ամենուր սպիտակ է ու դատարկ, իսկ սպիտակը ցուրտ է, ինչպես անունդ, որը սառած օդում թափառող ձյան բյուրեղների հետ ինքնասպան է լինում անշունչ փողոցներում:

Ամենուր սպիտակ է ու ցուրտ՝ մրսող փողոցներ, կծկված մայթեր, դողացող մատներ ու ծխախոտ, որի ծուխը չի տարբերվում արտաշնչվող գոլորշու անգույն ու թանձր քուլաներից:

Սևը դատարկ է ու մութ, ինչպես անունդ, որ ամեն գիշեր հնչում է ծխահարված ու լքված պատերից լսվող խուլ արձագանքների մեռելային մեղեդու ներքո՝ դանդաղ, տառ առ տառ: Որքան էլ այն փորձեմ արտաբերել սառած շուրթերիս արանքից, գոռալ դատարկ ու ցուրտ սենյակի մեջտեղում, հարվածել պատերին, որ արձագանքեն ու թնդան ականջներումս կամ թե ուրիշներին սխալմամբ քո անունով դիմեմ ծանոթ ու անծանոթ փողոցներում՝ չխորշելով խեթ ու խոժոռ հայացքներից, միևնույն է, անունդ անտեր է մնացել ու դարձել տառերի սառցակալած մի շարք, որ թափվում է բերանից ու փշրվում դատարկ փողոցներումª ինչպես տանիքներից կախված անգույն մի սառցախումբ։

Թեկուզ երկու վերնաշապիկ հագնեմ , փաթաթվեմ հաստ ու մաշված շորերի մեջ, մատներս ժամերով խցկած պահեմ ջեռուցիչի նեղ արանքներում, միևնույն է, սպիտակը ցուրտ է, սևը՝ մութ:

Վերմակի տակ կուչ եկած ու սեփական արտաշնչած օդի ջերմության միջից դանդա՜ղ լսվում են անտեր մնացած անվանդ տառերը, որոնք հառնում են մթից, փաթաթվում աչքերիս ու քուն պարգևում՝ քեզնից զուրկ, քեզնից հեռու, քեզնից անմաս:

Սպիտակը ցուրտ է, սևը՝ մութ, իսկ անունդ՝ սև ու սպիտակ հագած, հարություն է առնում ամեն գիշեր իմ սենյակում ու մահանում առավոտյան օդում հնչող դատարկ հնչյուններում...

Գնացքները գնում են ու գալիս սառած ռելսերի վրայով չգիտեմ՝ ուր, չգիտեմ՝ ինչու: Մի օր՝ գիշերվա կեսից էլ մի բան անց, երբ պատուհանիցս դուրս ելնող ծխախոտի տաք քուլաները կխառնվեն սառած օդի աներևույթ գոլորշուն, հնարավոր է, որ գնացքները կանգնեն պատուհանիցս կես աչքաչափ հեռու ու որոշեն ինձ տանել այնտեղ, որտեղ անունդ՝ սև ու սպիտակ հագած, երբեք չի մահանում հարություն առնելու համար:

Դավիթ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Լրահոս
Գտա Սերժ Թանգյանը հայտարարում է 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավեր Հանրահայտ ծովանկարիչ Այվազովսկու ձմեռային բնանկարները Սահմանապահ Ոսկեպարում հոգևոր կրթության օջախի բացումն ազդարարվեց Վերջապես ղողանջ կլսվի նաև Ախթալայում 33 ժամ, 2 րոպե և 41 ժամ անընդմեջ նվագ. հայ ջութակահարը՝ Գինեսի ռեկորդակիր Հայոց մարտիկներ Արցախի անկախությունը հայ ժողովրդի իրավունքն է. Արամ Ա Կաթողիկոս Ընկածները Աշնան դեմ «ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակ - 2017 Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Դուռը բացվեց. մտնող չեղավ Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները Առավոտը Սելիմի քարավանատունը 685 տարեկան է Իրիկուն Սիրեցի, յարս տարան Այսօր հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մահվան 60-րդ տարելիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին Երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ. Արթուր Աբրահամ Առյուծը և մարդը Տերևաթափ Այրի կինը և խորթ որդին Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին Չկաս ու չես լինելու Ամենից լավ տունը Աղվեսը և թղթատար գայլը Լոյս զուարթ Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է Չքնաղ երազ Եթե Մարոն Ինչու է ֆինանսիստն աշխատել կինոյի մասին օրենքի նախագծի վրա Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ ՆԱՄ-ում «Միչիգանի հայակական եկեղեցու հոգևոր հովվի առաջարկն էր ստեղծել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երկ» Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքրիկ «Ժամանակին տպավորված էի երտասարդների անգրագիտությամբ»
website by Sargssyan