«Մի մկան պատմություն»

Իր թաքստից` մթին ու խոր,
Մկան մեկը ելավ մի օր,
Գանգատ գնաց բնության մոտ.
— Քո դեմ, ասաց, գանգատ ունիմ,
Ով բնություն.
Այս ի՞նչ բախտ ես վիճակել ինձ.
Առջևս` մահ,
Սրտիս մեջ` ահ,
Հանգիստ չունիմ
Դաժան ու չար
Կատուներից:
Կամ հոգիս առ
Եվ կամ դարձրու
Ինձ էլ կատու:

Դաժան ու չար կատու դառած`
Մուկը վազեց մտավ մառան,
Շուրջը սփռեց այնքան երկյուղ, Որ մկները թավագլուխ,
Ծակ ու ծերպեր շունչներն առան:

Բայց շներից հալածական
Փախավ, եկավ բնության մոտ:
Կամ հոգիս առ,
Կամ ինձ դարձրու Շուն ահարկու:

Եվ ահարկու գամփռ դաոած`
Մուկը վազեց, մտավ փարախ,
Գայլերի հետ կռվեց անվախ.
Բայց երբ լսեց զարհուրելի
Մռնչյունը վես առյուծի,
Լեղապատառ
Իրեն ձգեց բնության մոտ.
– Կամ հոգիս աո,
Կամ ինձ դարձրու
Ահեղ առյուծ,
Որ վախ չունի
Ուրիշ և ոչ մի կենդանուց:
Առյուծ դառած` խրոխտ ու սեգ,
Մուկը գնաց, մտավ անտառ,
Անցավ դաշտեր և առապար,
Մահ տարածեց ամենուրեք:
Սակայն մի օր մարդը հանկարծ
Առյուծի դեմ հպարտ ցըցվեց.
Առյուծն ահեղ` կռվի պատրաստ` Բաշը ցնցեց:
Սակայն մարդը կայծակնաթափ
Հուր արձակեց — ամպ ու որոտ:
Եվ առյուծը մահախուճապ,
Շունչը առավ բնության մոտ.
— Միայն, միայն մարդ դարձրու ինձ.
Նա է հզոր մեր բոլորից,
Նա է տերը մեր բոլորիս:

Եվ մարդ դառած մուկը զինվեց
Հրով-սրով սպառնալից.
Ամեն մի շունչ ու կենդանի
Փախչում էին նրա շուքից:
Բայց ավելի մեծ սարսափով
Վախում էր նա հիմա սաստիկ
Իր նմանից:
Տեսավ` մարդիկ
Իրար ահից
Չեն երկնչում, կարծես, մահից,
Օդն են ելնում ամպերից վեր
Եվ սուզվում են ծովերի տակ:
Թնդանոթով և ռումբերով
Եվ թույներով հազար տեսակ
Զինվում են ու զինավառվում:
Եվ օրից օր զենքերով նոր
Զինվում են ու նորից զինվում:
Եվ բյուրավոր
Բանակներով
Հարձակվում են իրար վրա,
Եվ խելագար,
Անհագաբար,
Կոտորում են,
Կոտորում են
Մարդիկ իրար…
Եվ ահաբեկ խորհում էր նա.
-Լավ չի՞ արդյոք,
Որ վերստին
Մուկիկ դառնա…

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում