USD
EUR
RUB

Այսօր Սիլվա Կապուտիկյանի մահվան տարելիցն է

2006թ.-ի օգոստոսի 25-ին մահացել է Սիլվա Կապուտիկյանը: Բանաստեղծուհին հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: 2009.թ-ին նրա ապրած տանը բացվեց բանաստեղծուհու տուն-թանգարանը:

Ներկայացնում ենք հայտնի մարդկանց խոսքերն ուղղված Սիլվա Կապուտիկյանին

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Շատ սիրելի Սիլվային. Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան… շատ խավար կլիներ մեր երկիրը: Ապրի՛ր, ստեղծի՛ր, եղիր հավատարի՛մ մեր ժողովրդի իղձերին: Սրտի բոլոր ջերմությամբ` Ավետիք Իսահակյան

 

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Մեր սիրելի անզուգական Սիրվա՛րդ, Մեր մեծ հանճարեղ ժողովրդի զավակն ես դու` ամբողջովին ծնված մեր հողից, սնված մեր արմատներից, մեր տանջանքներից ու ուրախություններից, այն ժողովրդի, որը երբեք չի տիրել, չի տրորել, այլ միշտ տրորված լինելով` շարունակել է շտկել իրանը, բարձրացնել գլուխը և նորից նայել արևին, նորից ստեղծել, ստեղծել, ստեղծել … Ապրի՛ր, ստեղծի՛ր,բա՛րձր պահիր Մեծ ժողովրդի անունը, նրա իդեալները, նրա արդար դատի իրավունքը:

 

ՎԱԶԳԵՆ Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍԻԼՎԱՅԻՆ Սիլվա Կապուտիկյան` նորոգ վերծաղկում Վանա ծովու ոգու, Սիլվա Կապուտիկյան` երգիչը արդար խոսքի մեսրոպյան լեզվով, Սիլվա Կապուտիկյան` Սոսյաց անտառը լուսո Հայկազեան ցեղի, ռազմի երգերով. Սիլվա Կապուտիկյան, Քեզ գովք ու օրհնանք Սուրբ Էջմիածնի Լուսո խորանից:

 

ԻՎԱՆ ԴՐԱՉ

Թանկագին Սիլվա, Խոնարհվում եմ Ձեր արիության և քնքշության, իմաստության և սրտաբացության առաջ: Կյանքում Դուք միշտ էլ օրինակ եք ինձ համար: Ողջույն Ձեզ Կիևյան լեռներից:

 

ԷԴՎԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

Սիլվա Կապուտիկյանի “Խճանկար հոգու և քարտեզի գույներից” գիրքը երևույթ է, առաջին հերթին, իհարկե, հայ գրականության, իսկ ապա նաև` մեր ողջ բազմազգ գրականության մեջ: Կարդում եմ գիրքը և զգում մայրական սրտի տրոփյունը` ողբերգական, բազմաչարչար, բազմափորձ և անսահմանորեն բարի: Գրքի մթնոլորտը նման է հայկական լեռներին հովանի դարձած երկնակամարին` արևոտ, ջերմ, գունագեղ: … Սիլվան ոչ թե գիրք է գրել, այլ սխրանք է գործել:

 

ԵՎԳԵՆԻ ՍԻԴՈՐՈՎ

Թանկագին Սիլվա, թույլ տվեք սրտանց ողջունել Ձեզ` մեր ժամանակի նշանավոր բանաստեղծուհուն, որի բանաստեղծություններում անլռելիորեն հնչում է եղբայրական ժողովրդի ողբերգական ձայնը. Արամ, Պարույր, Մինաս, Սիլվա. այս անունները իրավացիորեն դարձան մեր օրերի գեղարվեստական Հայաստանի խորհրդանիշները, Կոմիտասի և Սարյանի երկրի ժառանգորդները: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: Ես համբուրում եմ Ձեր ձեռքը և մտածում հայ ժողովրդի ճակատագրի մասին, որը պատմական փորձություններում անպայման կանգուն կմնա, քանզի ծնում է այնպիսի մարդկանց, ինչպիսին Դուք եք:

 

ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆ

ՍԻՐՈ ԵՎ ՀԱՎԱՏԻ ՈւԺՈՎ Շատ տասնամյակներ են անցել այն ժամանակից, երբ հայ գրականության երկնակամարում շողաց մի նոր, առաքինող ասուպ` Սիլվա Կապուտիկյան: Ավելի քան կես դար այդ անունը եղել և այսօր էլ մնում է հայրենի գրականության և ընդհանրապես մեր ազգային գիտակցության կենտրոնում, ունի ներգործության տիրական ուժ: … Նրա սիրային բանաստեղծությունները հյուսվում են նվիրումի և հավատարմության, բայց նաև արժանապատվության ու հպարտության բազմաշերտ զգացումներից: Այդ բանաստեղծություններից շատերը լիակատար իրավունքով կարող են պատվավոր տեղ գրավել միջազգային սիրային պոեզիայի ընտիր հավաքածուների մեջ: Կապուտիկյանը տեսավ 90-ական թվականների Հայստանը` արցախյան շարժման հետ կապված ազգային մեծ զարթոնքով և ծանր փորձություններով, քաղաքական և բնական ցնցումներից առաջացած անթիվ ավերածություններով: Այս շրջանում ևս նա եղավ մեր ազգային-հասարակական կյանքի գործուն մասնակիցը: … Կարելի է ասել, որ Կապուտիկյանը միշտ եղել է և նախորդ, և ներկա իշխանությունների ազնիվ ընդդիմախոսի դերում` իր կոչումը տեսնելով ազգային շահերին ու արդարությանը հակասող ամեն մի շեղում ուղղամտորեն մատնանշելու և զգուշացնելու մեջ:

 

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Թող այն տպավորությունը չստացվի, թե խոսելով Կապուտիկյանի հատկապես սիրային բանաստեղծությունների մասին, ուզում եմ ինչ-որ չափով նվազեցնել նրա հիանալի հայերգության արժեքն ու նշանակությունը: Քավ լիցի: Բայց, եթե այդ թեմաներով գրած գործերում նա, թեև ոչ շատ, բայց այնուամենայնիվ, մի քանի մրցակից ունի իր ժամանակակիցների մեջ, ապա կանացի հոգեբանական գաղտնարաններին մերձենալիս հայ պոեզիայում առայժմ անմրցակից է և հենց այդ պատճառով էլ ի սկզբանե մինչև օրս Կապուտիկյանը հայ ամենամեծ բանաստեղծուհին է:

 

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Թերևս մեզանից ոչ ոք չի կարողացել իր ստեղծագործության մեջ այնպես զուգակցել միտքն ու զգացմունքը, ավանդականն ու ժամանակակիցը, ազգային ձևն ու մարդկային խորքը, եղերգականն ու մարտականը, հետիոտն, գիտակցված պրոզաիզմն ու ճախրող բանաստեղծականը, ինչպես Կապուտիկյանը:

 

ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Իմ հիշտակի խոսքը կարող էր թվագրվել 1935-36-37 թվականներին, եթե այս ալբոմը լիներ: Բայց ուրախ եմ, որ տարիներ անց հաստատում եմ քո պոեզիայի փարթամ ծաղկունքը, վկայում եմ քո հայրենասիրության հարուստ բերքը, հպարտանում եմ քո բարեկամության անդավ ու անխախտ ծիածանով: Միշտ քո ընկերն ու բարեկամը` կյանքիդ բոլոր տարիներին:

 

ՊԵՐՃ ԶԵՅԹՈւՆՑՅԱՆ

Մինչև վերջին պահը նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն, մնացածը, փառքի ընձեռած հնարավորություններից օգտվելով` ծախսեց ուրիշների համար, ծառայեց իր ժողովրդին և երկրին: Ահա այսպես նա <<շահագործեց>> իրեն: … Սիլվա Կապուտիկյանը նախ և առաջ հրաշալի բանաստեղծ էր, չմոռանանք, որ քաղաքացիական իր արու կեցվածքը <<թույլատրված>> էր նրա տաղանդի շնորհիվ և միայն տաղանդի: Ինձ հարազատ է հատկապես նրա նուրբ քնարերգությունը, նրա ես-ի պատմությունը, թեև մենք-ի մեջ էլ հրաշալի ու շիկացած շատ էջեր կան:

 

ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Մեր պոեզիայի զուլալ ձայն սիրելի Սիլվա, Միտքդ խորն է, խոսքդ` գեղեցիկ, հոգու խորքը թափանցող, շոյող ու ոգեշնչող, իսկ ամենից ավելի հմայում ես ինձ քո անհոգ հայրենասիրությամբ: Ձեռքդ միշտ դալար լինի, միտքդ` ամենազոր, և խոսքդ` հմայիչ:

 

ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆ

Նա մեծ բանաստեղծ էր, ավելի քան մեծ: Նրա քնարը օրավուր գերազանցում էր ինքն իրեն, մինչև իր վերջին օրը: Նա մեծ հրապարակախոս էր, ավելի քան հրապարակախոս: Քնարին զուգահեռ հնչեցնում էր իր հրապարակախոսությունը` շռնդալից, հրաբորբոք. ասելիքն անսպառ էր: Նա ժողովրդի հետ էր, նրա բոլոր ցավերի կրողը: Նա մարդասեր էր, ավելի քան մարդասեր: Օրը քանի-քանիսն էին դուռը բախում, գանգատվում իրենց ցավերից, և նա իր մեծ հեղինակությամբ, ամենայն ջանքով կարողանում էր օգնել նրանց, դարմանել նրաց ցավերը: Նա բնությունից շռայլաբար օժտված էր և իրեն տրված մի հատիկ կյանքը հազարապատիկ բովանդակալից դարձրեց: Նրան Աստված շռայլաբար տվել, ոչինչ չէր խնայել և ոչինչ չէր սահմանափակել: Նա իր ունեցած անսպառը անմնացորդ տվեց ժողովրդին և իր կենդանությամբ տվածի դիմաց շռայլաբար ստացավ ժողովրդի սերը:

 

ՍՈւՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Մեր ու բոլորի սիրելի Սիլվա, … Ինչ ասեմ քեզ` մեր ազգային հպարտություններից մեկին: Շատ ու շատ մտքեր ու զգացմունքներ են հեղեղում ընթերցողիդ: Որ մեկն ասեմ: Պուշկինը կասեր` “Печаль моя светла”. իրոք, քեզ համար է ասված: Ընթերցողդ համակվում է այն լուսեղեն թախծով, որ կիզելու իր զորությամբ մաքրում ու վեհացնում է մարդուն: Պոետը պոետ է, երբ նրա անձնականը դառնում է համայնի սեփականություն: Քանի-քանի սիրահարի, քանի-քանի թախծոտ մոր ու սիրագորով որդու բերան ու գիր պիտի դառնան քո տողերը:

 

ԾԱՏՈւՐ ԱՂԱՅԱՆ 

Հարգարժան Սիլվա Բարունակի, … Ձեր “Խճանկարներ հոգու և քարտեզի գույներից” նոր գիրքը մեծ սխանք է, որ զարդարում է մարդու միտքն ու հոգին, երանգավորում բազմազան գույներով: Հարցերի լայն ընդգրկումը, քաղաքական ճիշտ կողմնորոշումն ու հայրենասիրական ոգին ամբողջովին կլանում է ընթերցողին: Անչափ ուրախ եմ և շնորհակալ մտքի թռիչքներով գրված, հոգու տառապանքներով ստեղծված այդ գրքի համար: Ձեր գիրքը մեր ժողովրդի գոյատևման մի հզոր կանչ է: Սեղմում եմ Ձեր ձեռքը: Լավագույն ցանկություններով` Ծ. Աղայան

 

ԱՆԺԵԼԱ ՄԻՍԻՍՅԱՆ

Դուք լյառն Արարատի պատկերով կերպավորված ոգին եք մեր մեջ, մեր հնամյա ցեղի գոյության խորհուրդն եք դուք,Վան-Վասպուրականեն դեպի մեր հոգիները ձգված ոսկի այն կամուրջն եք, որու վրայեն բոլորս կը քալենք դեպի մենք զմեզ…

 

Դև

Թանկագին գրչաքույր, …Եղբայրաբար համբուրելով Ձեզ` մաղթում եմ հաջողություն և ստեղծագործական նոր վերելքներ, երկար կյանք, որպեսզի դեռ շատ ու շատ տարիներ Ձեր նոր ստեղծագործություններով հարստացնեք մեր հանճարեղ գրականության անդաստանն ու ծառայեք մեր փառապանծ մշակույթին, հանուն մեր հոգեհատոր ու անզուգական հայրենիքի: Շատ ապրեք, իմ սիրելի բարեկամուհի: Միշտ բարեկամական անկեղծ զգացումներով ու միշտ սիրով` Դև

 

ՀԵՐՄԻՆԵ ՊԱՍՄԱՋՅԱՆ

Այս նամակով երախտագիտությունս կհայտնեմ Ձեր գրած գեղեցիկ քերթվածներուն համար, որ կարդացողին հպարտություն կներշնչե… Ձեզ նման բանաստեղծուհի մը տեսնելով գրականության ոսկե մատյանի մեջ` մենք Ձեզ կսիրենք անվարան սիրով … Ես ալ տպավորված եմ Ձեր “Խոսք իմ որդուն” ոտանավորեն, մանավանդ այն մասը, որ Դուք Ձեր զավակին կհանձնեք մեր հազարամյա լեզուն, որ Մեսրոպ Մաշտոցի հանճարով դարձել է գիր ու մագաղաթ, դարձել է հույս, դարձել դրոշ, պահել երթը մեր անաղարտ … Թեև ծնած եմ օտար ափերուն վրա, հայրենիքիս կարոտը կա սրտիս մեջ և շուրթերուս վրա` միշտ հայերեն լեզուն, զոր միշտ պիտի գործածեմ, ուր ալ երթամ: Ձեզնով հիացող` Հերմինե Պասմաջյան

 

ՆՈՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սիլվա Կապուտիկյանը հայ ժողովրդի նվերն է աշխարհին, և մենք` հայերս, լիաբուռն ըմբոշխնում ենք մեզ բաժին հասած հպարտանքը` որպես հայ մարդ և հայ քաղաքացի: Սիլվա Կապուտիկյանը աշխարհին է ներկայանում որպես գրականության հաստատուն կաղնի` սաղարթները պարզած երկնքի անհունին, արմատները` երկրի սրտում: Ութ տասնամյակների նրա ճանապարհը պետք է որ ձերբազատված լիներ խաթարումներից, տատանումներից: Եվ որքան էլ նոր ժամանակների քամիներից տարուբերվեն սաղարթները, համոզված ենք` արմատները կմնան անսասան, և Սիլվա Կապուտիկյան մեծությունը կշարունակի աշխարհին ու իր ժողովրդին ներկայանալ իր վաստակին վայել արժանապատվությամբ, որքան էլ զորեղ ու զարհուրելի լինեն արմատներին սպառնացող քամիները:

 

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

Սրանից տասը տարի առաջ ես քո մասին ասացի. <<Մեր պոեզիայի հորիզոնում ծագում է մի աստղ: Դու ծագեցիր, պայծառացար և զարդարեցիր մեր ժողովրդի ճանապարհը>>: Շնորհակալ եմ քեզանից դրա համար: <<Շնորհակալ եմ աշխարհից, քանի որ դու կաս աշխարհում>>:

 

ԳՐԻԳՈՐ ԳՈւՐԶԱԴՅԱՆ

Ինչ իմանայի, որ կլինեմ ժամանակակիցը մեր խոշորագույն բանաստեղծուհու` Սիլվա Կապուտիկյանի, կառնչվեմ նրա հետ, կտեսնեմ նրա խելացի հայացքը, բարի ժպիտը, առ մարդն ու աշխարհն ունեցած նրա անսահման գորովը: …Սիլվան եղավ բարձրագույն չափը հայ բանաստեղծուհու, թառաչանքն ու կորուստը հայ աղջկա: Նրա սիրո պոեզիան հավերժ է:

 

Միխալկով, Պուլատով, Համզատով, Մուստայ Քարիմ, Բոնդորև, Ռասպուտին, Ռոզով, Կոզլովսկի, Նիյազի, Ոնանյան. Մոսկվա

Թանկագին Սիլվա Կապուտիկյան, Դուք վաղուց և հիմնավորապես նվաճել եք անվիճելի հեղինակություն գրական շրջանակներում և լայն հեղինակություն` ժողովրդական զանգվածների սրտում ոչ միայն որպես պոեզիայի մեծագույն վարպետ, այլև որպես ազգային ոգու կրող, որն իր ողջ անզուգական տաղանդը լրիվ նվիրել է ժողովուրդների համախմբման և ոգեղեն միասնության ազնիվ գաղափարների ծառայությանը: Ձեր ստեղծագործությունը, որը սնվում է ժողովրդական խորունկ արմատներից, Ձեզ դարձրել է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ ուրիշ երկրների սիրելի բանաստեղծն ու մտքերի տիրակալը: Ձեր արձակն ու բանաստեղծությունը վայելում են մեծ, արժանի ժողովրդականություն: Դուք, հիրավի, բերել եք նշանակալից Ձեր լուման 20-րդ դարի համաշխարհային քաղաքականության մեջ: Ցանկանում ենք, թանկագին Սիլվա Բարունակովնա, ստեղծագործական երկարակեցություն և մարդկային երջանկություն, որին դուք արժանի եք Ձեր բազմաշխատ և նպատակասլաց կյանքով:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՖԱԴԵԵՎ

Թանկագին Սիլվա Կապուտիկյան, Սրտանց շնորհակալ եմ Ձեր գրքի և ինձ հասցեագրված բարի խոսքերի համար: Կարող եք հավատալ, որ վաղուց ինձ անկեղծորեն դուր է գալիս և մոտ է իմ սրտին Ձեր պոեզիան: Ցանկանում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական ուրախություններ: Ընդունեցեք իմ ամենաբարեկամական ողջույնները:

 

ԿԱՅՍԻՆ ԿՈւԼԻԵՎ

Սիլվա Կապուտիկյանի պոեզիան ծնվել է ոչ միայն հարազատ հայոց հողի,իր ժողովրդի պատմության հանդեպ ջերմ ու համապարփակ սիրուց, ոչ միայն նրա ճակատագրի ողբերգական շրջադարձերի ցավից և վերածնության հրճվանքից, այլև հայրենիքի, նրա իդեալների հանդեպ նվիրվածությունից, կյանքի ու գեղեցիկի հանդեպ ունեցած սիրուց: Մնալով մենակ Կապուտիկյանի բանաստեղծությունների հետ` ես կարծես թե մենակ, դեմ դիմաց եմ մնում խղճի ու սիրո հետ մի մարդու, որին թանկ է ամեն բան, ինչ արժանի է հարգանքի, թանկ են բոլոր սրտակցությունները երկրի վրա: Ես կարծես ձեռքով շոյում եմ հայոց հողի քարն ու խոտը, լանջերի ձյունն ու ընկուզենիների կանաչը… Ես սիրում եմ արիությունն ու իմաստությունը այդ կնոջ, որի աչքերը ինձ են նայում ասես հայոց պատմության դրամատիկ, բայց գեղեցիկ խորքերից:

 

ՖՅՈԴՈՐ ԱԲՐԱՄՈՎ

Բանաստեղծությունները Հայաստանի մասին նման են խաչքարերի … Եվ ահա Հայաստանի մասին Ձեր գրած բանաստեղծություններում առկա է և խաչքարերի ամրությունը, և նրանց նախշերի ու գրերի գեղեցկությունը, և նրանց զարմանալի, անկրկնելի մաքրությունն ու սրբությունը:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Թանկագին Սիլվա, Ես և Թամարան հիացած ենք քո “Քարավանները դեռ քայլում են” գրքով: Մենք այդ գրքից իմացանք շատ հետաքրքիր իրողություններ մեր արյունակիցների ճակատագրերի մասին, նրանց անզուսպ ձգտման մասին` ձուլվելու մայր Հայաստանի, նրա սրբազան հողի հետ: Խորին շնորհակալություն քեզ...

 

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ

Շատ սիրելի Սիլվա, Ժողովուրդը գիտի, թե ում է մեծարում, ում է հարգում ու սիրում` անկախ տարիքից: Նա իր զավակներին գնահատում է նրանց գործով: Մանավանդ մենք մեր ակադեմիայում, խորապես գիտակցում ենք Ձեր մեծ ավանդը հայ բանաստեղծության գանձարանում և Ձեր դերը հասարակական կյանքում: Ակադեմիայի և հենց իմ անունից Ձեզ եմ հղում մեր ամենաջերմ, անկեղծ շնորհավորանքները: Մեր գլխից միշտ անպակաս լիեք: 

 

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թանկագին Սիլվա Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեր փառապանծ հոբելյանը: Դուք տաղանդավոր, ականավոր խորհրդային բանաստեղծուհի եք: Հպարտանում եմ Ձեզնով, գնահատում բարձր և ցանկանում եմ նոր, ավելի մեծ հաջողություններ:

 

ԱԼԵՔ ՄԱՆՈւԿՅԱՆ

Ազնիվ տիկին Սիլվա Կապուտիկյան. Սիրելի բանաստեղծուհի, ռուս մտավորականությանն ուղղված Ձեր խռովիչ նամակը ցնցեց վիրավոր հոգիները բոլոր հայերուն: Հույսի և հուսաբեկության այս ճակատագրական հանգրվանին Ձեր պատգամը հանդիսացավ պատմության խորքերեն արձագանքող տխուր և հարազատ ձայնը: Բովանդակ սփյուռքահայությունը անօրինակ միասնականութեամբ մը կանգնած է հայրենի ժողովրդի կողքին, ղարաբաղյան պահանջատիրության այս օրերին և հևիհև կհետևի դեպքերու զարգացումներուն: Կը հուսանք, որ այս տագնապն ու պայքարը կը հանգին բարվոք լուծումի մը օրինականության և պատմական արդարության հիմքի վրայ: Մինչ այդ, սփյուռքահայությունը կարիք ունի իր զգացումներուն հարազատորեն արձագանքող քերթող հոգիի մը: Այդ պատճառով ալ պարտք կը զգանք մեկ ամսվան ժամկետով մը Ձեզ հրավիրել Ամերիկա` Ձեր խոսքը ըսելու մեր հայրենակարոտ զանգվածներուն: Շնորհավորելով Ձեզ Ձեր պատմաշունչ նամակի համար, կը սպասենք Ձեր Ամերիկա այցին: Սիրելի ու ջերմ զգացումներով` Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ` Ալեք Մանուկյան

 

ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈւՐ

Սիրելի՛ Սիլվա Կապուտիկյան, <<Կարավաններով>> Դուք գրած եք մեծապես թանկագին գիրք մը, որուն առթիվ պետք չէ վարանիլ գործածելու դրվատանքի ամենեն լեցուն տարազները: Ընթերցողը որ եմ, և որ դժվարահաճի իր համբավը ուրիշին չէ շորթած, պիտի ուզեր չափազանցնել իր ներբողները, զանոնք լավագույնս լսելի ընելու համար: Առաջին անգամ է, որ Ձեզ կկարդամ և կխոստովանիմ, որ կարելի չէ պաղարյունությամբ խոսել գրքի մը վրա, որ ընթերցողը կալեկոծե, կխռովե ու ներքին փլուզումի ծայրավիճակներուն կհասցունե: Անզուգական իր տեսակի մեջ` ան կպարզե զգացական ու իմացական աշխարհ մը: Դուք կպարզեք առօրյա այնպիսի հատկություններ ու ձիրքեր, որ հազվագյուտ են գրչի մարդոց մոտ: Պերճացած, լեզվանի և պատրաստաբան, Ձեր անձեն կճառագայթե մագնիսական խորունկ ալիք մը, որ գիտե ամբոխները գրավել: Հավատացե՛ք, սիրելի՛ տիկին, իմ ամենաջերմ զգացմունքներուն:

 

ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Սիրելի Սիլվա, …Բայց այդ փայլեն անդին ու վեհ, հասունացավ ուրիշ լույս մը, հոգեկան բջիջներով ամրացած կամար մը իմ և քու միջև, ուր կարելի չէ թարգմանել աշխարհային լեզուներու, ոչ իսկ բանաստեղծությամբ: …Ես կհավատամ, որ անդենականը կը կապե մեր երակները տարբեր տարածության մը մեջ, ուր ժամանակը մնայուն է: Ես կհավատամ, որ վերանորոգված կը տրոփե մեր մեջ, Նարեկի հիշատակով սրբացած: Ես կհավատամ, որ այլ օրենքներով, երբ հոգիները լույսի մեկ ալիքի վրա կը հանդիպին, բացահայտ կլլա նույն էության պատկանելիությունը: Ջերմությամբ և սիրով`Ալիսիա Կիրակոսյան

 

Լրահոս
Դասադուլավոր ուսանողների հետ ինչ-որ հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս է ձեռք բերվել. «Ժամանակ» Գնդերեցը՝ զորամասի հոգևոր ծնող Ամերիկացի ռեփերը մեկ րոպեում կարդացել է 400 բառ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը շարունակվում են Առավոտ Մի հեռանա Շնորհակալ եմ, որ կողքիս ես «Երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին» Դանիել երաժիշտ Հոգևոր անդաստան. Արարատ քահանա Օրդոյան ՈՒսանողները «ծերացնում» են և «արյուն» պատրաստում Հավատում եմ Ասք գերդաստանի մասին Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին «Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Մենախոսոթյուն «Մատենադարանը մեր սուրն է՝ ընդդեմ թշնամիների» «Հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է, քան հաստատությունը՝ այցելուի համար»․ Պիտեր Քաուրին 10 պատվիրան մեր օրերի համար Կիսահույս սպասում ՈՒ ես գիտեմ Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսին ներկայացվել է նրա պատկերագիրքը Քեզ իմ սիրելիս Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել Քենեթ Բրանան և Աննա Ֆրիլը դարձել են Emmy-ի դափնեկիր «Տինտինի արկածները» կոմիքսների շարքի նկարը վաճառվել է ավելի քան 500 հազար եվրոյով Երկու ժամում 223 գիրք նվիրաբերվեց սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանին Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում Մայր հողի գանգատը Ընկույզն ու որդը Փշի գերեզմանը Քաջ Նազարը Գայլի խոստովանքը Անբան Հուռին Մեր սիրո աշունը Ես հաշտ էի ապրում Անոր Որովհետև սիրել եմ ես Գայլն ու կատուն Տերն ու ծառան Անհաղթ աքլորը
website by Sargssyan