Թե տեսնեիր մի օր Սասու՜ն…

Դո՞ւ ծանոթ ե՞ս Աշնակ գյուղին,
Ուր ծիրանն է հասնում ճյուղին.
Ուր կտրին չիրն է քաղցրանում,
Ուր հոտը սարն է բարձրանում.
Ուր, փեշի տակ Արագածի,
Տան կտուրին նստած հացի,
Ձա՜յն են տալիս իրար հերթով
Եվ գյուղամեջ գալիս խմբով,
Աղջիկները՝ կարմիր հագած,
Տղաները՝ փուշի կապած.
Երբ զուռնան իր ձայնը զլում՝
Դափի բերնից խոսքը խլում,
Աշնակ գյուղից հյուր է կանչում
Շղարշիկին ու Աղաքչուն,
Կաթնաղբյուրին, Դավթաշենին,
Իրինդին ու Սասնաշենին,
Թե՝ հերի՜ք է հնձե՛նք , վարե՛նք,
Եկեք Սասնա պա՜րը պարենք:

…Թող Սասունն իր պարը պարի՛,
Իսկ դու դեռ մի՛ ծափահարի.
Այլ հասկացի՛ր, թե այս պարով,
Մերթ Անդոկից գրոհ տալով,
Մերթ գաղթելով սար ու քարով,
Մեկ խնդալով ու տաս լալով,
Սասունը քեզ ի՛նչ է ասում…
Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո,
Թե տեսնեիր մի օր Սասու՜ն…

Գևորգ ԷՄԻՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում