Պարե՜ց Սասունն․․․

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Որ պարտությու՜նն անգամ ունի հպարտությու՛ն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի…

Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
–Հալա՜լ է քեզ,
Սասու՛ն, պարի՜:

Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքին է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.

Պարի՜,
Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե’ս,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջի՜ն պարես…

Գևորգ ԷՄԻՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում