Զգույշ խոսիր Հայաստանում

Զգույշ խոսիր Հայաստանում

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, –
Այստեղ ամեն գագաթ ու ձոր, 
Արձագա’նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում․․․ 
Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարվե՜ն քո դեմ լռին`
Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թե չար են` լեռները մեր, 
Հրաբխի բնե’րն անմեռ,
Որ լռել են, բայց չե’ն հանգել,
Քեզ լավայո’վ կարձագանքեն,
Որ լեռնե’ր է քշում-տանում…
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում…
Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, –
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ.
Թե բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկած,
Թե դավով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած.
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում…
Նեղ են ճամփեքը լեռնական,
Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում:
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում, –
Մենք գահ ու թագ չե’նք ունեցել,
Եվ… արքա’ է ամեն մի հայ,
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եվ… սպա է ամեն մի հայ.
Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ` ուրույն մի կերպ,
Ամեն մի հայ` մի Հայաստան
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եվ սակայն` մի`
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին
Եվ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում…
Զգո՜ւյշ գորցիր Հայաստանում։

Գևորգ ԷՄԻՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում