Քառյակներ

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն․․․

 

Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

 

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

 

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,
Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

 

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

 

Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում` ինչ անի,
Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, որ սահմանում, է՞ս, թե՞ էն:

 

 

Ի՜նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին.-
Ընկեր տվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին,
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

 

Խայամն ասավ իր սիրուհուն. “Ոտքդ զգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…”
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:

 

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

 

Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում,
Էսպես Էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր։

 

Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես,
Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:

 

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

 

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարակու,
Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու,
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային` հայրենիքը իմ հոգու…

 

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

 

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

 

Ասի. “Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…”
Երբ ճառագեց անծայրածիր Քո ժպիտը հոգուս դեմ.
-Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես.
Դու Աստվա՜ծ ես, դու անհու՜ն ես, անանուն ես ու անես…

 

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`
Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…

 

Բարձր է հնոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ,
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նրա հետ-
Անհաս բանից, սկզբանից, երբ չկան էլ դեռ չկար,
Մինչև վախճանն անվախճանի քննում է դարե դար:

 

Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ` անմա՜հ, անվերջ` Քեզ են երգում Քո ձենով…

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում