USD
EUR
RUB

Ոսկու կարասը

Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը` իրենց պապերից, նրանց պապերն էլ` իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը: Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են: Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին:
Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի: Եզները լծած թողնում է, վազում է գյուղը` հողատիրոջ մոտ:

- Հեյ, աչքդ լուս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար:
- Չէ´. ախպե´ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը:
- Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է: Սկսում են վիճել. սա ասում է` քունն է, նա թե չէ` քունը: Վեճը տաքանում է, իրար ծեծում են: Գնում են թագավորի մոտ գանգատ: Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ` աչքերը չորս է բաց անում: Ասում է.

-Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել - իմն է:
Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի: Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում - ի՞նչ ոսկի - կարասը լիքը օձ...

Զարհուրած ու կատաղած ետ է գալի: Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել:

- Չէ՜, թագավորն ապրած կենա, -գոռում են խեղճերը,- մեզ ինչո՞ւ ես սպանում. լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի...
Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն: Մարդիկը գնում են, ետ գալի, թե` ճշմարիտ, ոսկի է:

-Վա՜հ, -զարմանում է թագավորը: Ասում է` երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր: Վեր է կենում մին էլ գնում:
Կարասը բաց է անում,- դարձյալ մեջը լիքը օձ:

Էս ի՜նչ հրաշք է, ի՜նչ միտք ունի,- չեն հասկանում:
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին:
-Բացատրեցեք,- ասում է,- ո´վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա: Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել: Ես եմ գնում - կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում - ոսկի: Էս ի՞նչ կնշանակի:
-Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ,- ասում են իմաստունները: - Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար: Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես տեսնում:

Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու:-Լա´վ, - ասում է,- դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին:-Իհարկե հողատիրոջը,- ձայն է տալի վարող գյուղացին:
-Չէ, վարողինն է,- մեջ է մտնում հողատերը: Ու նորից սկսում են կռվել:
-Լա´վ, լա´վ. կացե´ք,- կանգնեցնում են իմաստունները,- ի՞նչ ունեք դուք - տղա կամ աղջիկ:

Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ: Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց: Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը: Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին:
Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ:

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
Համո Սահյան․ Կարդում է Սոս Սարգսյանը Համո Սահյան․ Կարդում է Սոս Սարգսյանը Մեծ պահքին հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից, սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Երիտասարդի աղոթք Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը» Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել Բարի իրիկուն Բեռլինալեում Բրեյվիկի մասին ֆիլմ է ցուցադրվել Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է մասնագիտական դասընթացները սիրիահայերի համար Ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը վախճանվել է Ասա ինչ գիրք են նվիրում քեզ, ասեմ ինչ են սպասում քեզնից Փոքրիկ ընթերցողին ներկայացվեց Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն Տարեկան աղոթքի օրը` նվիրված թեմի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան մեր տոնավաճառի մեխն է դարձել. Ռուզան Տոնոյան Արտավազդ Փելեշյանը ցանկություն ունի ֆիլմ նկարահանելու Երվանդ Քոչարի մասին Երևանի կոնսերվատորիայում տարածաշրջանում առաջինը Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա կստեղծվի Քշիշտոֆ Պենդերեցկի․ «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր»։ Բամբասանքի մեղքը Հայկ Պետրոսյան․ «Սասունցի Դավիթը մի քիչ դմբո էր, Փոքր Մհերն էլ վերջում խռովեց ժողովրդից» Ծովաստղիկս Մայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Քրիստոնեական հանդիմանություն Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) «Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»․ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան Թանկյանի՝ 5,000 ԱՄՆ դոլարանոց մրցանակի հաղթողներն են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Լինել, թե չլինել Արարատ Բեռլինի փառատոնում «Դովլաթով» ֆիլմը ծափահարություններով է ընդունվել Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն Արարատին Հասմիկի ճաշը Նուռը Քարե վարդ Սիրեցի ինչպես հեռացածին… Քո լռությունը թթվածին է
website by Sargssyan