Անբան Հուռին

Լինում է, չի լինում մի կնիկ: Էս կնիկը մի աղջիկ է ունենում` անունը Հուռի: Մի ծույլ, անշնորհք աղջիկ: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած: Բանն ինչ կանեմ` կեղտոտ է.

Բամբակը կորիզոտ է:
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մթնի` քնեմ:

Հարևանները անունը դնում են անբան Հուռի: Ինչ մերն է` աղջկանը հովելով ման է գալի. – լիդրը գզող, լիդրը մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով` հուրի-հրեղեն, մատները ոսկի:Էս գովասանքը գնում է մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում: Էս երիտասարդ վաճառականն ասում է` իմ ուզածն էլ հենց սա է, որ կա:

Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը: Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում տալիս կնկանը, թե` ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք:

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի: Մի օր էլ գետի ափովն անց կենալիս է լսում, որ գորտերը կռկռկում են:

-Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

-Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,- ձեն է տալիս անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ` կգզե՞ք…

-Բե՛ր, բե՛ր, բե՛ր…

Անբան Հուռին ուրախանում է: Գնում է բամբակը կրում բերում, ածում գետը:

-Դե գզեցեք, մանեցեք: Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք:

Գնում է, մի քանի օրից ետ է գալի:

Գորտերը էլի կռկռում են.

-Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…

-Աղչի Փե՛փել, Կեկել դե մանածը բերեք:

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում:

Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը:

-Վո՜ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար:

Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.

-Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք: -Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը: Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի: Հանում է տեսնում` մի կտոր ոսկի: Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է ասում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն: Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս: Գալիս է տեսնում` իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր:

-Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է:

Թե` բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է: Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք: Զոքանչին հրավիրում է, ընծաներ տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել: Քեֆ է սարքում, նստում են քեֆի:

Զոքանչը խորամանակ կին է լինում: Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի: Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում: Էս զոքանչը վեր է կենում գլուխ տալի բզեզին: Ասում է.

-Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…

Փեսեն մնում է զարմացած: Ասում է.

-Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում – մորքո՞ւրս որն է…

Զոքանչը թե. -Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ, էս բզեզն իմ մորքուրն է: Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ. էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ: Մեր ցեղն էսպես է: Շատ աշխատասեր ենք: Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում: Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի. էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա:

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում