USD
EUR
RUB

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,


Ա՜ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս համար:
Վարձիդ համար միամիտ մընա՜,
Համա-համա շատ չուշանա:
―Աչքիս վըրա, քեռի Քուչի.
Մի գըդակ ա, հո մի քարք չի.
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա.
Ի՛նչ մեծ բան ա, տո՜, հե՜ր օրհնած,
Միա՛յն, միա՛յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին՝
Ուստից առաջ՝ բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով՝ ծանըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա... փափախս ո՞ւր ա...
— Մի քիչ կացի— հրես կերևա:

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ... վա՛հ, տընա՜շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
— Դե հե՜ր օրհնած, Էտե՜նց ասա,
Էդ բարկանալդ Էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ՝ ասա՜ էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,
Քանի՞, ա՜խպեր, գընամ ու գամ...
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գըլուխը բաց:

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար,
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՛ր, էլ հեր ու մե՛ր,
Էլ գող Փիսո՛, էլ քաչալ Շո՛ւն...
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկա:
Գըլուխն առավ ու մի գիշեր,
Հայդե՛, կորավ, էն կորչիլն էր...

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել.
Մըտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնամ ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
Քաջ Նազարը Անբան Հուռին Մեր սիրո աշունը Ես հաշտ էի ապրում Անոր Որովհետև սիրել եմ ես Գայլն ու կատուն Տերն ու ծառան Անհաղթ աքլորը Գյուղացին ու ծառը Քո հայացքը շատ էր փոխվել Քո պատճառով Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ Աչքերը քո․․․ Պոչատ աղվեսը Կարո՞ղ է բարիքից չարիք ծնվել Ռազմիկ Մարուքյանը հանդես եկավ իր երազած դերապարով Լույս է տեսել Գարեգին Եղոյանի հեղինակած 10 կառուցված առանձնատան մասին պատմող մենագրությունը Անխելք մարդը Պոչատ աղվեսը Արմատներն ու տերևները Դու ինչպես մի աստղ Հռոմի պապին Lamborghini են նվիրել Չախչախ թագավորը Ինչպե՞ս է Վրուբելի կտավը հայտնվել Ռուսաստանում․ չափազանց հետաքրքրված են նաև թանգարանի աշխատակիցները Տուր ինձ ափդ բաց Առաջին անգամ հնչել են փայտափողային-դաշնամուրային քառյակի համար գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները Մուկն ու կատուն Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ ջերմությունն ու անկեղծությունը անփոփոխ են մնացել. Սարգսյան Ով ալարի, ոչ դալարի Ծիտը Պուտինը Սարգսյանին է հանձնել 22 տարի առաջ Երևանում գողացված Միխայիլ Վրուբելի հայտնի կտավը Գունեղ երաժշտական նոյեմբեր՝ «VIZA» ամերիկյան հանրահայտ ռոք խմբի հետ «Փողոցի» լուսանկարիչը հասել է օպերա «Մանկական Եվրատեսիլ»-ի հայ մասնակիցը երազում է Արցախում խաղաղության մասին Աստվածաշունչը զգուշացնում է կասկածամիտներին Ինչպես բալետը տեղափոխվեց մետրոպոլիտեն Պար Պսակի Մարտիկի երգը Քիչ ենք, բայց հայ ենք
website by Sargssyan