Հովհաննես Թումանյանի տուն- թանգարան

Հովհաննես Թումանյանի թանգարանը, հիմնադրվել է 1953 թվականի ապրիլին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։

Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։

1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։

Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծնունդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։

Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։

Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքը բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։

Թանգարանի գողտրիկ անկյուններից է «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով՝ այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը։

Թանգարանն ունի ընդարձակ, լուսավոր դահլիճ՝ նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար և երկու այգի։

Թանգարանը թումանյանագիտական ու մշակութային գործուն կենտրոն է, որտեղ բացի թումանյանական ընթերցումներից, պոեզիայի երեկոներից ու հեքիաթին նվիրված տոնահանդեսներից՝ կազմակերպվում են նաև տարաբնույթ ցուցահանդեսներ։

Թանգարանը գտնվում է բարձունքի վրա, Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան 40 հասցեում, և թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան՝ որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում