Լուսերեսն ու Վարդերեսը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ որբևայրի կին։ Ապրելիս է լինում մի փոքրիկ տնակում։ Տնակի առջև մի պարտեզ է ունենում, պարտեզի մեջ՝ երկու վարդի թուփ, մինը՝ սպիտակ վարդի, մյուսը՝ կարմիր։ Էն վարդի թփերի նման էլ երկու փոքրիկ աղջիկ է ունենում, մեկի անունը՝ Լուսերես, մյուսինը՝ Վարդերես։ Երկուսն էլ էնքան էին լավն ու բարի, էնքան սրտով մաքուր ու աշխատասեր, որ կարծես թե հենց էն երկուսն էին էնպես, որ կային բովանդակ աշխարհքում։

Միայն թե Լուսերեսն ավելի հանգիստ էր ու քնքուշ, իսկ Վարդերեսն՝ ավելի կայտառ ու աշխույժ։

Վարդերեսը շատ էր սիրում հանդերում ու մարգերում թռչկոտել, ծաղիկ քաղել ու թռչուն բռնել, իսկ Լուսերեսը նստում էր տանը, տնտեսության մեջ օգնում էր մորը, կամ թե չէ՝ եթե գործ չկար, նրա համար գիրք էր կարդում։ Երկու քույրն էլ էնքան էին իրար սիրում, որ հենց թև թևի տված էին ման գալի, ու երբ Լուսերեսն ասում էր.

— Մենք երբեք չպետք է բաժանվենք իրարից,— Վարդերեսը պատասխանում էր.

— Երբեք, քանի կենդանի ենք։— Իսկ մերն ավելացնում էր.

— Մեկդ ինչ որ կունենաք՝ պետք է կիսեք մյուսիդ հետ։

Երկուսով հաճախ գնում վազվզում էին անտառներում ու պտուղ էին քաղում, ու ոչ մի կենդանի վնաս չէր տալիս, ամենքը վստահ գալիս մոտենում էին նրանց։ Նապաստակը հենց նրանց ձեռքից առնում որոճում էր կաղամբի թերթիկները, եղնիկն արածում էր նրանց կողքին, եղջերուն անհոգ ու զվարթ անցնում էր նրանց մոտից, իսկ թռչունները հանգիստ ուսներին թառած երգում էին, ինչպես կարող էին երգել և ինչ որ գիտեին։ Եթե բան է, ուշանում էին անտառում, ու գիշերը վրա էր հասնում, միասին պառկում էին մամուռի վրա ու քնում մինչև լուսաբաց։ Իրենց մերն էլ գիտեր ու անհանգիստ չէր լինում։

Մի անգամ էլ, երբ անտառում գիշերում են ու լուսաբացին զարթնում են, տեսնում են՝ կողքներին կանգնած ճերմակ ու փայլուն շորերով մի սիրուն երեխա։ Էս երեխան վեր է կենում, ժպտալով նրանց նայում ու, առանց մի խոսք ասելու, հեռանում, մտնում անտառի խորքն, անհետանում։ Էստեղ երեխեքը մտիկ են տալիս չորս կողմները, տեսնում են, որ իրիկունը մթնով եկել են քնել մի անդունդի եզերքի ու եթե մթնումը մի երկու քայլ էր արած լինեին՝ պետք է անդունդը լինեին գլորված։ Գալիս են, իրենց մորը պատմում։ Մերն ասում է.

— Էս անպատճառ պահապան հրեշտակն ինքն է եղել, որ միշտ պահպանում է բարի երեխանց։

Լուսերեսն ու Վարդերեսն իրենց մոր տնակն էնպես իստակ ու մաքուր էին պահում, որ մտիկ անելիս մարդու դյուր էր գալիս։

Ամառը գլխավորապես Վարդերեսն էր տան բանը շինում ու ամեն առավոտ, մոր զարթնելուց առաջ անկողնի կողքին մի փունջ ծաղիկ էր դնում, փնջի մեջ էլ՝ երկու վարդ, մինը՝ սիպտակ, մյուսը՝ կարմիր։ Ձմեռր Լուսերեսն էր կրակ անում ու պղինձը դնում կրակին։ Պղինձն էլ էնպես մաքուր սրբած էր լինում, որ ոսկու նման պսպղում էր։ Իրիկուններն էլ, երբ դուրսը ձյունը փաթիլ-փաթիլ բրդում էր, մերն ասում էր.

— Լուսիկ ջան, գնա դռան փակը գցիր։

Հետո նստում էին բուխարու առջև։ Մերը գիրք էր կարդում աղջիկների համար, իսկ աղջիկները լսում էին ու մանում։ Կողքներին պառկած էր լինում իրենց գառը, ետևները՝ թառի վրա քնած սիպտակ աղավնին, գլուխը կոխած թևի տակը։

Մի իրիկուն էլ, երբ էսպես նստած են լինում, մինը դուռը ծեծում է։ Մերն ասում է.

— Վարդուշ ջան, շուտ վեր կաց, դուռը բաց արա․ անօթևան ճամփորդ կլինի, դուռը ծեծում է։

Վարդերեսը գնում է, դռան փակը ետ գցում, համոզված, որ դուռը ծեծողը մի խեղճ մարդ պետք է լինի, մին էլ ի՞նչ տեսնի. դռան ետևը կանգնած մի ահագին արջ, որ դուռը բացվելուն պես ներս է կոխում իր հաստ գլուխը։ Վարդերեսը վախից ճչում է ու ետ թռչում, գառն սկսում է մայել, աղավնին թևերն է թափահարում, իսկ Լուսերեսը մտնում է մոր մահճակալի ետևը։ Այնինչ արջը լեզու է լինում ու խոսում։ Ասում է.

— Ինչո՞ւ եք վախենում․ ինձանից մի՛ վախենաք, ես ձեզ վնաս չեմ տալ։ Քիչ էր մնում ցրտից սառչեի, եկա մի քիչ տաքանամ։

— Վա՜յ, խեղճ իմ արջ ախպեր,— բացականչում է մայրը։— Դե արի, արի կրակից մոտիկ պառկիր, միայն թե զգույշ կաց, բուրդդ չմրկի… Աղջկե՛րք, Վարդուշ ջան, Լուսիկ ջան, դուրս եկեք, եկեք էստեղ, արջ ախպերը ձեզ ձեռք չի տալ, արջ ախպերը բարի է։

Աղջիկները դուրս են գալիս, կամաց-կամաց մոտկանում են արջին, գառն էլ, աղավնին էլ, ու շուտով ամեն ահ ու երկյուղ վերանում է մեջտեղից։ Արջն էլ ասում է.

— Երեխեք ջան, թե կարաք՝ էս իմ բրդի ձյունը մի թափ տվեք։

Աղջիկները վազում են, ավելը բերում, արջի բուրդը մաքուր սրբում են, ու արջը բավականությունից մռնչալով մեկնվում է կրակի առջև։ Աղջկերքը ձեռաց ընտելանում են իրենց անճոռնի հյուրին ու սկսում են հետը հանաքներ անել։ Բրդի հետ են խաղում, ականջներից են քաշում, մեջքին են կանգնում, հատակին դեսուդեն են գլորում, ճիպոտով խփում են, իսկ եթե սկսում է վռչալ՝ ծիծաղից թուլանում են։ Արջի իրեն քեֆն էլ է գալիս։ Բայց երբ շատ են նեղացնում՝ վռչում է. — Մի՛ տանջեք ինձ, մի՛ սպանեք, այ աղջկերք։

Ա՛յ Լուսերես, ա՛յ Վարդերես,
Ձեր սիրելի փեսան եմ ես։

Քնելու ժամանակը որ գալիս է, ու աղջիկները գնում են քնեն, մերն արջին ասում է.

— Դե դու էլ օջախի առաջը պառկիր, արջ ախպեր, համ տաք կլինի տեղդ, համ քամուց պատսպար։

Օրը բացվում է թե չէ՝ արջը էլ ետ ձնի մեջ քարշ գալով գնում է դեպի անտառի խորքը։ Էն օրվանից էս արջը սովորություն է շինում, ամեն իրիկուն միևնույն ժամին գալիս է սրանց մոտ։ Պառկում է օջախի առջևն ու թողնում է հետը խաղան, ինչքան կուզեն։ Սրանք էլ էնպես են սովորում, որ իրիկունները, մինչև արջը տուն չի գալիս, դուռը փակում չեն։

Ձմեռն անց է կենում․ գարունքն ընկնում է, երկիրը դալարում, ու մի օր էլ արջը Լուսերեսին ասում է.

— Դե հիմի արդեն ժամանակն է, որ ձեզանից հեռանամ, ամբողջ ամառը էլ ինձ չեք տեսնիլ։

— Ո՞ւր ես գնում, արջ ախպեր,— հարցնում է Լուսերեսը։

— Պետք է անտառ գնամ, իմ գանձերն ու հարստությունները չար թզուկներից պաշտպանեմ։ Ձմեռը, գետնի սառած ժամանակը, նրանք անհետանում են իրենց մթին այրերում, բայց արևը երկիրը տաքացնում է թե չէ՝ էդ գող անպիտանները լուս աշխարհք են դուրս գալիս ու, ինչ որ աչքները տեսնում է, էլ տիրոջն օգուտ չի անում, գողանում են տանում։

Արջիս բաժանվելու համար շատ է տխրում Լուսերեսիկը, իսկ երբ դուռն առաջին բաց է անում, որ գնա, հանկարծ արջն ընկնում է դռան փակին, բրդիցը մի փունջ մնում է փակի վրեն, ու բրդի տակիցը ոսկու պես մի բան է պսպղում։ «Երևի աչքիս թվաց»,— մտածում է աղջիկն ու մտքիցը հանում է էս բանը։ Արջն էլ շտապում է դեպի անտառն ու անհետանում է ծառերի ետևը։

Մի օր էլ մերն աղջիկներին անտառն է ղրկում, որ գնան ցախ ու մախ հավաքեն բերեն։ Գնում են աղջիկները, ման են գալիս, ման, մին էլ տեսնում են՝ անտառում ընկած մի ծառ, ու էս ծառի վրա, խոտերի միջին մի բան էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում․ բայց թե ինչ բան է, գլխի չեն ընկնում։ Մոտենում են, տեսնում են՝ մի թզուկ, դեմքը պառավկոտած, միրուքն էլ սիպտակ ու երկա՜ր, երկար։ Էն, որ ասում են՝ ինքը թիզուկես, միրուքը գազուկես, հենց էն ինքն է, որ կա։ Միրքի ծերը մնացել է ծառի ճեղքում, դեսուդեն է ընկնում ու չի իմանում, թե ոնց հանի։ Աղջկերանցը որ տեսնում է՝ արնոտ աչքերը վրաները չռում է ու գոռում.

— Ի՞նչ եք տնկվել էդտեղ։ Չե՞ք կարող մոտ գալ ու օգնել։

— Էդ ի՞նչ է պատահել, գաճաճ քեռի,— հարցնում է Վարդերեսը։

— Ապո՛ւշ, անասո՛ւն, հարցնում է՝ ի՞նչ է պատահել… Ի՞նչ պետք է պատահեր․ ուզում էի ծառը ճղեմ, մանր տաշեղներ անեմ մեր խոհանոցի համար, թե չէ՝ մեծ փետերից էրվում են մեր կերակուրները, մենք հո էնքան շատ չենք ուտում, ինչքան դուք, էդ կոպիտ ու անկշտում խալխդ, սեպը զարկեցի, հանկարծ դուրս թռավ, ծառի ճեղքն էլ էնպես արագ փակվեց, որ վրա չհասցրի միրքիս ծերը միջիցը հանեմ։ Միրքիս ծերը մնաց ծառի ճեղքի մեջն, ու ահա էսպես չարչարվում եմ, չեմ կարում հանեմ, իսկ դուք կանգնել եք, բերաները բաց եք արել ու հռհռում եք. ապուշնե՛ր, լպստածնե՛ր… թո՜ւ, զահլես ինչպես է գնում…

Աղջիկները վրա են գալի, ուժ են անում, քաշում են, քաշում են, չեն կարողանում թզուկի միրուքը ծառի ճեղքիցը հանեն։

— Կացեք, ես գնամ մարդիկ կանչեմ,— ասում է Վարդերեսը։

— Հիմարի գլուխ,— վրա է պրծնում թզուկը.— ի՞նչ եմ անում մարդիկը։ Դուք հերիք չե՞ք, որ զահլես գնա, դեռ ուրիշներին էլ կանչեցեք։ Կարող ե՞ք, մի ուրիշ բան էլ հնարեցեք…

Լուսերեսն ասում է. — Մի քիչ համբերիր, ես ճարը գտա։— Ասում է, գրպանից մկրատը հանում ու թզուկի միրքի ծերիցը կտրում։ Թզուկն ազատվում է թե չէ՝ իսկույն շալակն է գցում իր ոսկով լիքը տոպրակը, որ ծառի փչակումը պահել էր, ու գնում է քթի տակին փնթփնթալով.

— Ա՛յ քեզ անտաշ խալխ… եկան էս փառավոր միրքիս ծերը կտրեցին թողին։ Գետինը մտնեք դուք, գետինը…

Էսպես մրթմրթալով տոպրակը շալակում է, առանց ետ մտիկ տալու գնում։

Էս դեպքի վրա մի քանի ժամանակ անց է կենում, մի օր էլ աղջիկները գնում են ձուկը բռնելու։ Գետափին մոտենում են, տեսնում են՝ ծղրիդի նման մի բան էստեղ ետ ու առաջ է թռչկոտում ու քիչ է մնում՝ ջուրն ընկնի։ Մոտ են վազում, տեսնում են՝ իրենց ծանոթ թզուկը։

— Էդ ի՞նչ ես անում էդտեղ, գաճաճ քեռի,— հարցնում է Վարդերեսը։

— Ապուշնե՛ր, չե՞ք տեսնում՝ ինչ եմ անում… Չե՞ք տեսնում՝ անիծած ձուկն ինձ ուզում է ջուրը քաշի…

Դու մի՛ ասիլ՝ թզուկը գետափին նստած՝ կարթով ձուկը բռնելիս է լինում, հանկարծ քամին փչում է ու միրուքը փաթաթում կարթի թելին։ Հենց էդ խառնված ժամանակը մի մեծ ձուկն է ընկնում կարթի մեջն ու թզուկին զոռ է անում, քաշում է դեպի ներս։ Սա գետափի թփերից ու խոտերից է կպչում, բայց բան չի դառնում, ձուկը տանում է։ Աղջիկները ժամանակին վրա են հասնում, իրեն պինդ բռնում են ու աշխատում են միրուքը թելից բաժանեն, չեն կարողանում, էնպես խճճված են լինում իրար։ Էլ ուրիշ ճար չի մնում, մկրատը հանում են, դարձյալ միրքիցը կտրում, իրեն ազատում։ Ազատվում է, տեսնում է՝ միրքիցը էլի կտրել են, սկսում է վրաները ճղճղալ.

— Ա՛յ դուք անասուններ, էս մի՞թե կարգ է, հը՞։ Դուք համարձակվեք իմ երեսն էսպես այլանդակե՞լ… Հերիք չէր էն օրը միրքիս ծերը կտրեցիք, հիմի էլ ամենալավ մասը տարաք, հը՞… Ես հիմի ի՞նչպես մերոնց երևամ… Ա՛յ գետինը մտնեք դուք, գետինը…

Վերցնում է իր մարգարտով լիքը տոպրակը, որ թաքցրել էր եղեգնուտում, ուսովն է ձգում ու անհայտանում մոտիկ քարի ետևը։

Սրանից մի քանի օր ետը մերն իր աղջիկներին մոտակա քաղաքն է ուղարկում՝ թել, ասեղ, մատնոց և ուրիշ էս տեսակ մանրուք առնելու։ Մի քարքարոտ դաշտով անց կենալիս էս աղջիկները նկատում են, որ մի մեծ թռչուն օդում պտուտ եկավ, պտուտ եկավ ու նետի նման ներքև սլացավ, զարկեց մի քարի տակի։ Թռչունի զարկելուն պես մի սրտաճմլիկ աղաղակ է բարձրանում, ու էս ձենի վրա աղջիկները վազում են, տեսնում են՝ իրենց հին ծանոթ թզուկը, արծիվը ճանկել է, ուզում է տանի։ Բարեսիրտ աղջիկները իսկույն բռնում են թզուկից ու կախ ընկում ու էնքան են արծվի հետ էս կողմ, էն կողմն ընկնում, էնքան են կռիվ տալիս, մինչև որ արծիվը որսը թողնում է, թռչում գնում։ Առաջին սարսափն անց է կենում թե չէ՝ էս թզուկը նորից իր ճղճղան ձենովը աղջիկներին վրա է պրծնում.

— Էս ի՞նչ արիք․ չէի՞ք կարող ավելի քնքուշ ժաժ գալ, հը՞… բարակ շորերս պատառոտեցիք թողիք… անճոռնի անպիտաննե՛ր…

Ճղճղում է, անգին քարերով լիքը տոպրակը ուսը գցում ու անցնում քարերի ետևը, կորչում գնում իր քարանձավը։ Աղջիկներն արդեն սովոր են լինում նրա ապերախտությանը, շարունակում են իրենց ճամփեն, քաղաքում իրենց առուտուրն անում են ու ետ վերադառնում։ Վերադարձին գալիս են, դարձյալ պատահում հանդում մի տեղ նստած թզուկին։ Տեսնում են՝ մի իստակ տեղ իր տոպրակը շուռ է տվել, թափել, կիտել անգին քարերը, մտածելով, թե էնպես ուշ էլ անց կենող ու տեսնող չի լինիլ։ Վերջալուսի շողքերն ընկել են փայլուն քարերի վրա, ու գույնզգույն քարերն էնպես են վառվում, շողշողում, հուրհուրատին տալիս, որ աղջիկները տեղները մարում են, մնում հայիլ-մայիլ կտրած՝ մտիկ անելիս։

— Ի՞նչ եք բերաններդ բաց արել, կանգնել,— գոռում է թզուկը, ու նրա գորշ դեմքը փոխվում է ծիրանի գույնի։ Ուզում է, ինչքան որ կարող էր, մի հայհոյի, մին էլ հանկարծ մի մռնչոց է լսվում, ու անտառից մի արջ է դուրս վազում, հարձակվում վրեն։ Սարսափահար թզուկը տեղիցը վեր է ցատկում, բայց մինչև վրա կհասցներ մտնի իր խորշը՝ արջր բռնում է։ Զարհուրած սկսում է աղաչել.

— Իմ սիրելի, իմ տեր արջուկ, առ, ահա քեզ լինեն իմ բոլոր գանձերը, միայն թե խնայիր ինձ։ Մտիկ տուր, մի տես, թե ինչ շքեղ անգին քարեր են էնտեղ թափված։ Ինձ բաշխիր իմ կյանքը։ Ի՞նչ օգուտ ես տանելու, եթե սպանես ինձ, էսպես մի փոքրիկ, վտիտ արարածի։ Ատամիդ տակին իսկի չեմ էլ երևալ։ Ա՛յ, թե ուզում ես ուտես՝ էս անօրեն աղջիկներին կեր, հասկանում եմ․ լորի պես գեր ու տխլիկ․ անուշ պատառ են… սրանց կեր, քեզ անուշ լինի…

Արջը ականջ էլ չի դնում, թե ինչ է ասում թզուկը, ծանր թաթը ետ է տանում ու որ մի զարկ է հասցնում, թզուկս տեղնուտեղր հանգչում է։ Աղջիկները լեղապատառ սկսում են փախչել։ Արջը ետևներից կանչում է.

— Լուսի՛կ, Վարդո՛ւշ, մի՛ վախենաք, սպասեցե՛ք, ես էլ եմ ձեզ հետ գալիս։

Աղջիկները ճանաչում են, որ էս իրենց սիրելի արջի ձենն է, կանգնում են։ Արջը մոտենում է նրանց, ու հանկարծ մորթին վրիցն ընկնում է, տակիցը դուրս է գալիս մի գեղեցիկ պատանի՝ ոտիցը գլուխ ոսկու մեջ կորած.

— Ես թագավորի տղա եմ,— ասում է նա։— Էս անսիրտ թզուկը ինձ կախարդել, գազան էր շինել ու հափշտակել իմ բոլոր գանձերը։ Եվ ես դատապարտված էի անտառներում թափառելու մինչև սրա մահը։ Ահա վերջապես սա առավ իրեն արժանի պատիժը, իսկ ես՝ իմ առաջվան պատկերը։

Էստեղից գնում առնում են էն անհուն գանձերը, որ դիզել էր թզուկը իր մթին քարանձավում։ Ապա թե թագավորի տղեն ամուսնանում է Լուսերեսի հետ, իսկ եղբայրը՝ Վարդերեսի։ Հետներն առնում են և աղջիկների պառավ մորը, գնում ետ իրենց աշխարհքը, ապրում են ուրախ ու երջանիկ։ Ու սրանցից մեկի լուսամուտի տակ սիպտակ վարդի թուփն է ծաղկում, մյուսի լուսամուտի տակ՝ կարմիր վարդի թուփը։

 Թարգմանել է Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում