Հովհաննես Թումանյանի մտքերից

Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի:

Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը` դպրոցի բովանդակությունը:

Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:

Հեքիաթները անդունդներ են` խորը, անծայր, անվերջ հարուստ ու շքեղ աշխարհ:Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում:

Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:

Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:

Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:
Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են…Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի:Դժբախտաբար մեծ մասմաբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…

Չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները: 

Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչ հենց սրանք են աշխարհում:”

… և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ: 

Մենակ տաղանդը ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ:”

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:”

… ոչ մի մխիթարության նշան չի երևում մեր երկնակամարի վրա. մարդիկ իրար ատում են, կողոպտում են, սպանում են բարոյապես և, ո՜վ ամոթ, իրենց գարշելի բերանն առած՝ ամբողջ օրը ծամում են ազնվությունը և լուսավորությունը:

Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:

… ծաղիկը դրված է մեջտեղը և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն:

Էլի խելոքությունը, իմաստությունն ու համբերությունն են ամեն բանի հաղթում։

Լավ մարդ- էտ բնության, ավելի ճշմարիտը՝ մարդկության մեջ ամենակատարյալ ու ամենասքանչելի երևույթն է – և ամենահազավագյուտ:

Մարդիկ քիչ են- գազանները շատ: Եվ այժմ ապրում ենք մի ժամանակ, երբ մեծ ասպարեզ կա մարդու էդ վայրենի բնազդին… 

Զարմանալի բան է էլի. մի քանի օրով գալիս ենք էս աշխարհում ապրելու, էն էլ սիրտներս պղտոր:

… լավ մարդիկ կան, բայց ազգային ոչ մի բովանդակություն չունեն: Ոչ էս են, ոչ են:

Մենք քաղաքակրթված ենք միայն մեր շորերով, լուսավորված ենք միայն վկայականներով… 

Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Էսպես է բնության օրենքը: Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն, և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ» և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի: Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան: Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ,բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչ որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ- մի ժողովուրդ թանկ ու համակրելի…
Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած: 

Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լուսով ու հառաջադիմությունով, բայց չարությունը դժվար է փոխել բարության: 

Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական- զուտ ազգային օրենք…

Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը: 

… շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է՝ մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքին, որ ապասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու…

Ինձ էնպես է թվում, թե մի շատ թանկագին բան եմ գտել, այսիքն մարդ եմ գտել: Չէ որ մարդը՝ գոնե մեզ համար՝ ամենաթանկ բանն է: 

… պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք: Վերջապես լուսավորությունն, արվեստներն ու գիտություններն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհքին:

… կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման: Եվ ահա ընդհարապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով: Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի՝ նեղ թայֆայական կյանք, թշնամու բանակների պես կանգանծ իրար դեմ մինչև են պստլիկ ես-ը… 

… զարմանլի է, մեր կյանքում իսկի լուսավոր, մխիթարական բան չկա, բարձր բան չկա: Արդյոք իմ հոռետեսությունի՞ց է այդպես, բայց ես հոռետես չեմ. իսկապես չկա: 

Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել: 

Խոսքը, նայած, թե ինչ մարդուց ում է ուղղցած, ամենազորեղ բժիշկն է: 

Ոչ մի բան այնքան ճշմարիտ չէ, որքան
այն, որ մեզանում ճշմարիտ, անկեղծ բան չկա, բոլորը դերասաններ են: 

Տարիներն ամցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է՝ գնացին տեսան Մոլլա Նասրէդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին՝ ընչի ես սպասում:
– Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք… ու շարունակ սպասում ենք: 

Ավա՜ղ, կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ: 

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հեգեբանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում