Միսաք Մեծարենցի մասին

Միսաք Մեծարենցի մասին

Արյուն է եղել աշխարհում։- Եղել է եղեռն ու կռիվ։
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին։
Եղիշե Չարենց

Մեծարենցը գավառական պատանեկության պաշտամունքի առարկան էր։ Մենք ատելությամբ հետևում էինք նրա դեմ սկսած պայքարը թեթևսոլիկ, անարժեք գրողների կողմից, նամակներ էինք գրում Միսաքին գոտեպնդելու համար։ Ես ստացա «Նոր տաղերը» Միսաքից նվեր։ Այդ նվերից հետո, ճիշտն ասած, հպարտ էի զգում ինձ։
Ժամերով նայում էի Միսաքի լուսանկարին և հափշտակվում, ժամերով կրկնում. «Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար»

Բանաստեղծությունների իմ առաջին գրքույկը ինձ համար մի արժեք ունի. նվիրված է Միսաք Մեծարենցի գերեզմանին։ Նվերն անարժեք էր, բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր։
Տարիներ հետո, երբ Պոլսում կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով:
Գույների այս չնաշխարհիկ երգիչը քնում էր անգույն տարածության մեջ։

Վահագն Դավթյան

Միսաք Մեծարենցը առանց որևէ տարակուսանքի հանդիսանում է արևմտահայ քնարի առաջնակարգ դեմքերից մեկը և հարազատ արտահայտիչը իր ժամանակաշրջանի։

Զապել Եսայան

Միսաք Մեծարենցը իր տրամադրություններով, բնութապաշտական, հումանիստական գաղափարներով, թարմ շնչով և խոսքի մշակված, բարձր արվեստով գրավեց արևմտահայ գրականության մեջ ինքնուրույն ու առաջնակարգ տեղերից մեկը։
Նրա ստեղծագործությունը նոր էջ բացեց արևմտահայ բանաստեղծության մեջ և գեղարվեստական խոսքը դրեց մի նոր բարձրության վրա։

Վաղարշակ Նորենց

…«Ծիածանը» մեկ, հիմա ալ՝ «Նոր տաղեր»-ը։ Մեկ տարվան մեջ երկու հատոր, երկու հարձակում, և արդեն հափշտակված է արդի պոլսահայ բանաստեղծության գլխավոր մեկ աթոռը։
…Կատարելապես ինքնատիպ է, ինքնաստեղծ է իր նկարագիրը մեր մեջ։

Հակոբ Տեր-Հակոբյան

Ստեղծագործական խառնվածքը, տաղանդի յուրահատկությունը Մեծարենցին ստիպել են այլ ուղիներով մոտենալ թե՛ հասարակական և թե՛ անձնական ողբերգություններին։ Բողոքի, ընդվզման ուղին չէ դա։ Մարդկության, գեղեցկության որոնման ճանապարհն է, որ իր հետ բերել է մի ծնկաչոք աղոթք, որ վսեմ է և լուսավոր։ Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն։ Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը։

Վահագն Դավթյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում