USD
EUR
RUB

Թույլ, թե ուժեղ մի բջիջ գտա

Օրվա` կարմրաերկնագույն մանկություն ունեցող հերոսի փոշոտ անկողինը ցնցվում էր, դատարկությունից... ու մի ումպ գարեջուր ցանկացող տղամարդու գեղգեղուն խառնվածքով, գիշեր էր պատվիրում մի դասական պոռնիկի համար ու իր երկարաքարշ աղոթքի վերջում կրկնում էր. «Մի ' գողացիր, մի' շնացիր, հարգի'ր մերձավորիդ, սիրի'ր թշնամուդ»...

Մթության մեջ շարունակ նստած` գնում գալիս էր ճռճռացող ճոճաթոռը, հետո հպվելով մերկ, նոսրացած հոգուն, տնքացնում էր` պղծելով ականջներին կախված մի բուռ ճշմարտության ներկայությունից… Լերդացած հոգու կենտրոնում շարունակվում էր ճռճռալ ճոճաթոռը, որովհետև հասկանում էր ճշմարտության ծանրությունն ու բացակա ուրախությունը: Բառերի աղյուսյակը հենց այնպես չէր շարվում նրա օրգանական մտածողության վրա: Իր մեջ խտտող մտքերն ու տիղմնավորված ապրումները օգնում էին ինքն իրեն չհավատալ, չվստահել հուսախաբությանն ու վարձու խոճկորներին: Նա հիմա ավելի շատ մտածում էր ածող հավի ու նրա արժեքի գոյության մասին: Փակ աչքերով լուսադեմին գիշեր էր պահանջում ու ապրում էր` անհամ պղպեղի, կծու սառնության մեջ վաստակած մաքուր քրտինքով, ուր հարյուր քայլ այն կողմ միայնությունն ու կես քայլ այս կողմ` մեղավոր կեղծությունն էր շղարշված: Նրա համար հստակ քայլերը, պարզ նայելը չէր, որ կարող էր ակամա հարց առաջացնել նրա զգայական մտածողության վրա, նրա մոտ մինչև կանգնելը, մի հատ մտածել էր պետք ու մինչև պարզ նայելը` մի անգամ հասկանալ մարդու աշխարհը:

Թույլ, թե ուժեղ մի բջիջ գտա: Երկարափեշ ծանրությունը փռել էր գոգիս ու իմ չխոսկան մտքի ամլությամբ` հստակ սահման էր գծել, որտեղ մտորելու համար սահման չպետք է գոյություն ունենար… մի քիչ կին պետք է լինեիր, որ կարողանայիր ճիշտ մտածել ու մի քիչ էլ տղամարդ, որ դուրս գայիր… դիմակայելու թուլությանը: Կնոջ արյան գույնը հավի ու խոճկորի արյան երանգն ու միևնույն նմանության ձևն ունեին, բայց նրա արյան խտությունը հավի ու խոճկորի բաղադրությանը, ինչքանով էլ բազմապատկեիր, բաժանեիր, նրանց միասնությունից ոչինչ դուրս չէր գալու, որովհետև նա կին էր` ուրիշ ցեղի քաղցրությամբ ու ջերմությամբ, իսկ նրանք հավ ու խոճկոր` այն էլ տարբեր մտատանջություններով օժտված: Մի քիչ հասկանալով կնոջն ու նրա ապրումները` որոշեցի մի քիչ մտածել նրանց պես, բայց խոսքը մեր մեջ` ոչինչ չստացվեց, որովհետև կինը ուրիշ մտածողության, ամենասուր հոտառության տերն է, տղամարդը` այդ ուրիշ մտածողության, ամենասուր հոտառության, պատրաստի գնորդն ու վայելողը: Երևի չսկսեի այս աննորմալ պատմությունը, եթե չլիներ այդ տարօրինակ հակումներով օժտված աղջնակը...

Աղջիկը երեսուն տարեկան էր... ու երեսուն տարվա հիվանդ: Սաստիկ ագրեսիվ էր, անհրապույր, թունավոր մտքերով... չափազանց նյարդային: Աղջիկը վերլուծական փնտրտուքների մեջ էր ապրում: Միակ հարստությունը նրա ձեռքերում խաղացվող, անընդհատ իրեն հիշեցնող անմեղությունն էր: Չգիտեմ ինչքանով կարելի է տղամարդուն ու կնոջը իրար համեմատել, անկեղծ համեմատելուց հետո չգիտեմ, ինչ դուրս կգա, բայց կնոջ համար մահացու հիվանդությունից էլ ծանր բան է միայնակ մնալն ու հետն էլ միայնակ աղջկական անմեղություն հաղթահարելը: Նա, որ երբևէ միայնակ երթուղային տաքսի նստած չկար, այժմ առանց պատճառի նստում էր երթուղային` վարորդի կողքին, աչքերով իրեն համապատասխան տղամարդ էր գտնում... բոլոր տեսակի գործող ծանոթություններից օգտվել էր, բայց ոչ մի արդյունք չէր ունեցել:

Այդ օրը նստել էր երթուղային, վարորդի կողքին ու ժպտուն հայացքով, փայլփլուն աչքերով, ձեռքերի, մատների ճարպկությամբ, խաղացնելով իջեցնում էր թիթեռնիկ բլուզը: Ցույց էր տալիս վարորդին բլուզի տակից ուռած-փսսած կրծքերը: Վարորդը, եթե իսկական տղամարդ լիներ իր անելիքը իսկույն կհասկանար, բայց ըստ էության վարորդը գործի մեջ էր: Տեսակցության օր ու ժամ պետք է նշանակվեր: Աղջիկը, ինքն իր վիճակից նյարդայնացած, դուրս գցեց իրեն երթուղայինց: Աղջիկը անառակ գորշություն ու թեթևամտություն էր ձեռք բերել... Այդ վիճակը նրան դրդում էր ամեն մի կեղտոտ քայլի, միայն թե ձերբազատվեր այդ մահացու կուսաթաղանթից, որը ծանրացել էր հոգում ու պատրաստվում էր քանդել հոգու պատերն ու տանիքը: Այնքան հաբ էր ընդունել, որ այժմ անորոշությունից գիրացել էր, փուչիկ դարձած` գլորվում էր փողոցներով ու միայն կկանգներ այն ժամանակ, երբ կհանդիպեր մի մեծ քարի... ու ոտքը քարին դեմ կտար:

Չէր հավատում Աստծուն, որովհետև մտածում էր, որ չկա այդ Աստված կոչված ծերունին ու նա երբեք էլ գոյություն չի ունեցել, որովհետև չէր պատկերացնում, որ նա վերևում պարապ-սարապ նստած կարող էր հետևել նրա ամեն մի քայլն ու դատապարտեր: Այդ երեսուն տարվա հիվանդը, խավարի մեջ նստած, երեսունմեկի մեջ էր հաստատվում, առանց զարդանախշերով արարված տորթի վրայի երեսունմեկ մոմը փչելու ու առանց ինչ-որ մեկի` «Ծնունդդ շնորհավոր» ասելու: ՈՒ այդ օրը, մինչև մութը, լույս կդառնար ու արև կխաղար վերևում, նա այդ ընթացքում կհասցներ գնալ եկեղեցի ու մի զույգ մոմ վառել: Հետո թեթևացած տուն կգար ու չհավատալով Աստծուն` կխմեր իրեն լույս աշխարհ բերողի կենացն ու վերջում կհիշատակեր վերևում նստած ճերմակափայլ շորերով, երկար միրուքով ծերունուն, որը ընդմիշտ հետևում, պաշտպանում էր իրեն:

Չէր ուզում հավատալ Աստծուն, բայց ամեն կիրակի պարտադիր գնում էր եկեղեցի, փառաբանում էր Տիրոջն ու Աստվածաշունչ կարդալով` ապրում, հայացքն հառած երկնքին հավատացնում էր, որ Աստված մի հատ է ու ամենակարողը... հույսը թողնելով` Աստծուն, ապրում էր, սիրում ու աղոթում: Հետո նստում էր ու հավատում տղա-աղջիկ ցանկությունների, հարաբերությունների... նույնիսկ գնահատում էր բժիշկ-բժիշկ մանկական խաղերի տարբերակը... լրջորեն նստում էր տանն ու ինքն իրեն խաղում... հիվանդ մարդկանց էր ընդունում, իբր բոլոր մարդիկ հիվանդ են, իսկ նա նրանց բուժող բժիշկը: Դեղատոմսեր էր բաժանում փողոցով անցնող մարդկանց, համոզում էր, թե նրանք ինչքան ծանր հիվանդներ են... հետո մտքերով վերադառնում էր իր նախկին չլուծված հարցին ու այլայլված դեմքը ձեռքերի մեջ էր առնում... ուզում էր մեռնել: Իրար հաջորդող զուգահեռ պատկերները տեսիլքի նման հայտնվում էին նրա տեսողական համակարգում, իբր երեխան գիրկը` քնեցնում է... օրորոցային երգում, երեխայի ձայնով լաց է լինում, խաղը երկար կարող է տևեր, մինչև նրա քունը տանելը, հետո արթնանում էր ու հեծկլտում...

Սովորական առավոտ նա փողոցում հանդիպեց հեզիկ-նազիկ հավին` իր արքայազնի ձեռքից ամուր բռնած, մամա-պապա խաղալիս: Հետո գազազած կարմրակատարի լուրջ հարձակումը էգ դեղնակտուցի վրա, անլրջության ու նախանձի լուրջ կամուրջ էր ստեղծել... երեսունմեկ տարեկան աղջնակի ներքին աշխարհը լի էր անհանդուրժող մտքերով... Նա ապշել էր` տեսնելով ճկուն կարմրակատարի տղամարդկությունը: Դեղնակտուցը իրեն ուժեղ, միևնույն ժամանակ հաճելի գործողությունից հետո երջանիկ էր զգում: Քայլում էր հավին վայել դասական կեցվածքով ու կնոջը հատուկ հպարտությամբ:

Աղջնակը, մատերը հերթով բերանում տեղավորելով` նայում էր ու ինչը հասկանում` հասկանում էր, ինչը, որ մտածելու տեղ էր տալիս, հարցնում էր անցորդներից: Շարունակվում էր փողոցային ներկայացումը... Տղամարդ կարմրակատարը հեռվից նայում էր բավարարված դեղնակտուցին ու ինքն իրեն երջանիկ որձ էր համարոմ: Տղամարդ աքլորը իրեն ուժեղ էր զգում, երբ կին հավիկը ինքն իր բերանով խոստովանում էր, որ իրեն այս ինչ օրը, այս ինչ ժամին, ինչպես է իրեն զգացել...

Բնության կողմից ստեղծված այդ հրաշք առեղծվածը, նրանք փայփայում էին նեղ օրվա համար ու պահում պահպանում էին սերը` ամենակարողը: Աքլորները հասկանալով դեղնակտուցների զգալի բավարարվածությունը ցուլ էին դառնում ու հարձակվում էին ամեն պատահած կենդանու վրա: Աղջիկը, որ չէր հասկանում այդ խորթ զբաղմունքի կատարելությունը, մանրազնին ստուգում էր դեղնակտուցին: Դշխուհի դեղնակտուցը մի քանի օրվա ընթացքում, հատկապես բուռն գիշերներ անցկացնելուց հետո կորցնում էր տասնիննից քսանչորս բմբուլ ու նա մեկ շաբաթվա ընթացքում, հավի կատարած բարեգործական աշխատանքի շնորհիվ, ինքն իրեն երեսունմեկ տարվա կյանքի փորձ ունեցող կույսին շնորհեց երկուսուկես կիլոյանոց, տեղը տեղին կարած բարձ, որ նա մի բարձի ծերանար:

Աղջիկը օրորոցի մեջ նստած հիշում էր հորն ու մորը: Նա մի անգամ պետքարան, գնալիս, գիշերով հորն ու մորը իրար մեջ էր տեսել... ու զզվանքով էր լցվել հարազատների նկատմամբ: Հիշելով ծնողներին իսկույն մերկացավ, հպարտ կանգնեց հայելու առաջ: Հայելին աղջկան մերկ ցույց տվեց: Աղջիկն ամաչեց իր մերկությունից, արագ-արագ հագնվեց, վերցրեց բազմոցի վրա թխշած կլոր բարձն ու տեղավորեց որովոյնի կենտրոնում` շորերի տակ: Այժմ նա կին էր` երկու երնեկ մի տեղում, կին ու միաժամանակ մայր դառնալ պատրաստվող տիկին: Նա հիշեց իր անճոռնի մարմինն ու կրկին մերկացավ հայելու առաջ: Այժմ հայելին աչքերը չորս արած տեսնում էր կնոջ քաղցրածոր բարեմասնությունները: Նրա` հայելում հայտնված կերպարն ու մարմնի թարմ կառուցվածքը, թե դրսից, և թե ներսից լիովին ուրախացնում էր իրեն:

Աղջիկը ալ կարմիր շրթներկով կարմրացրեց սփրթնած այտերն ու մեծ պոչ ետևը ամրացնելով` խաղաց կոտրված ծաղրածույի դերը: Ով գլխարկ չուներ գլխին պպզած ու լուռ էր` ծիծաղելի: Այտերի կարմիրը մաքրեց վարժված մատների ծայրով, հետո անցավ շուրթերին ու խաղալով իջավ` ուռած-փսսած որովայնին: Հայելու առաջ տնկված վիճակով, ձեռքն առավ կարմիր մատիտը, նկարեց ինքն իրեն: Սկսվեց ցավերը... նա խորը շունչ էր քաշում, հանգստացնում էր ինքն իրեն ու միաժամանակ օգնություն ցույց տվող մեկի կերպարով ավելացրեց. «Ես սիրում եմ Աստծուն, որովհետև նա ստեղծեց Ադամին»:

Հաջորդ առավոտ, երբ երկինքը տիղմ էր գետնին տարածված, կինը շտապ եկեղեցի մտավ... Երկու զույգ մոմ վառելուց հետո, համբուրեց Արարչի լուսանկարն ու մեջք արած դռանը` դուրս եկավ, թեթևացած հոգու հանդարտությամբ: Մինչև տուն հասնելը, նրա հիշողության մեջ Ադամն էր, տղամարդու ամենակարող իդեալը... որտեղ կրակ դարձած բռնկվել էր նրա հոգու ամենաթափանցիկ լարերին ու երգ դարձած բերանում` զռռում էր: Նա ինքն իրեն առաջին կնոջ անունը շնորհեց` Եվա... ու առաջինը կերավ կարմիր խնձորը` կյանքը, կնոջ մեջ ու կնոջն սրբացնելու համար, փոխեց աշխարհի բանը:

Այդ օրը Աստված նրան նվեր արեց: Նա դրսից արագ տուն մտավ ու օրորոցի մեջ մարդ տեսավ: Օրորոցը առանց ախ ու վախի` տնքտնքում էր: Մարդը չափսերով փոքր էր, բայց միևնույն ժամանակ տղամարդ էր: Աղջիկը սկզբում խուսափեց մոտենալ նրան, նկատեց գետնին ընկած անպաշտպան տիկնիկին ու ցնորված վազեց նրա ետևը...օրորոցային երգելով, հանգստացնելով` գիրկն առավ տիկնիկն ու գրկի մեջ փորձեց քնեցնել իր պատկերացրած փոքրիկին: Ոտքերի տակ փոքրիկ երեխայի շորեր էին թափռտված... կռացավ, վերցրեց, փորձեց առաջին անգամ զգուշությամբ հագցնել փոքրիկին: Մինչև կհագցներ շորերը, նկատեց շորի, թևի մեջ խցկած մի նկար... նկարը իր ձեռքի գործը չէր, նկարի վերջում տղամարդու անուն կար` Ադամ: Կինը մտածեց, որտեղից իր մերկ մարմինը Ադամի աչքերի ներսում ու ձեռքերի վրա: Կինը սիրեց վերջապես իր անճոցնի մարմինը, որովհետև տղամարդու աչք ու ձեռք կար կպած:

Տեսիլքի մեջ հանդարտվեց աղջնակը: Նա իր երևակայական հնարքներով` բեմադրության էր հանձնել կյանքը, մի սովորական մարդու հոգեվիճակի հետ խաղալով` վտանգել էր իրեն, այժմ ծանր հիվանդ էր աղջիկը...

Մթության մեջ գնում գալիս էր ճոճաթոռը... այժմ նա մեծացել էր` քիթը երկարել, մատները դողդողում էին... ամեն ինչ հանգիստ, անվրդովվ` հանգչում էր... քաղաքում էլ հիվանդ չկար... վերջացել էր:

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Դուռը բացվեց. մտնող չեղավ Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները Առավոտը Հայոց մարտիկներ Սելիմի քարավանատունը 685 տարեկան է Իրիկուն Սիրեցի, յարս տարան Այսօր հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մահվան 60-րդ տարելիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին Երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ. Արթուր Աբրահամ Առյուծը և մարդը Տերևաթափ Այրի կինը և խորթ որդին Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին Չկաս ու չես լինելու Ամենից լավ տունը Աղվեսը և թղթատար գայլը Լոյս զուարթ Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է Չքնաղ երազ Եթե Մարոն Ինչու է ֆինանսիստն աշխատել կինոյի մասին օրենքի նախագծի վրա Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ ՆԱՄ-ում «Միչիգանի հայակական եկեղեցու հոգևոր հովվի առաջարկն էր ստեղծել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երկ» Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքրիկ «Ժամանակին տպավորված էի երտասարդների անգրագիտությամբ» Նյու-Ջերիսում հայտնաբերվել է Ռոդենի կերտած Նապոլեոնի կիսանդրին Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը Հայերուս թուքը Երբ է կնոջ կյանքն օրհնվում. ինչ է ասում Աստվածաշունչը Քսանհինգ տարվա սերմանված բարեգործության պտուղները Մայրիկի օրորը Մշակույթը մեր ԴՆԹ-ն է. Միխայիլ Պիոտրովսկի Հուսո Առագաստ Փառք ի բարձունս Աստուծոյ Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
website by Sargssyan