Հերման Հեսսեի երկու վեպերը դարձյալ ընթերցողի սեղանին են

Առանձին գրքերով վերահրատարակվել են գերմանացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի «Սիդհարթա» և «Դեմիան» վեպերի հայերեն թարգմանությունները: Այս մասին տեղեկացնում է Cultural.am֊ը։

Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին «Բյուրոկրատ» գրախանութում:

Թարգմանիչ, գրականագետ Աշոտ Ալեքսանյանի թարգմանությամբ այդ գործերը մեկ գրքով լույս էին տեսել դեռևս 2004 թվականին: Սակայն թարգմանիչը դրանք վերանայելու անհրաժեշտություն է զգացել:

«Որոշ հասկացություններ ճշգրտման կարիք ունեին,­- ասում է նա,- «Դեմիան»-ում, օրինակ, Կարլ Յունգի հոգեվերլուծական փիլիսոփայության ուղղակի տերմինոլոգիա կար, որը մի քիչ ավելի չեզոք բառերով էր թարգմանված: «Սիդհարթա»-ում հինդուիստական փիլիսոփայության որոշակի տերմինների հստակեցման խնդիր կար»:

Ըստ Աշոտ Ալեքսանյանի՝ Հեսսեի լեզվամտածողությունն ընդհանուր առմամբ դժվար չէ հայերենի փոխադրելը:

«Այդպիսի խնդիրներ հայերենը չունի, մանավանդ եվրոպական որևէ լեզվից փոխադրելու հարցում: Հեսսեի վաղ շրջանի գործերում («Կնուլպ», «Անիվների տակ» և այլն) լեզվական որոշակի ավանդական շունչ էր զգացվում: Նրա և´ լեզվի, և´ փիլիսոփայության հեղափոխությունը «Դեմիան»-ով եղավ, որին զուգահեռ գրում էր նաև «Սիդհարթա»-ն: Այստեղ իրենց դերը խաղացին նրա ուսանած նոր ուսմունքները, հոգեվերլուծական մեթոդները և այլն, որոնք բերեցին նաև որոշակի լեզվական ատաղձի մշակման Հեսսեի ստեղծագործության մեջ: Այդ ատաղձն է, որ առանձնահատուկ դարձրեց նրա լեզվափիլիսոփայությունը»,­- համոզված է Աշոտ Ալեքսանյանը:

Գրականագետը չի կարծում, որ Հեսսեի ստեղծագործությունը ընթերցող նեղ շրջանակների համար է:

«Նույնիսկ նրա հեքիաթները և կյանքի վերջին տարիներին գրած ամենամիստիկ ստեղծագործությունները բոլորի համար են ու նաև բոլոր ազգերի, որովհետև Հեսսեն ոչ թե գերմանական ոգու տեսակետից է խոսում, այլ ընդհանրապես մարդկային ոգու: Մարդկային հասարակության համար են նրա ստեղծագործություններն ու գաղափարները»:

Աշոտ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ Հեսսեն ընթերցողին գրավում է ոչ միայն իր գրողական անկեղծությամբ, պատմողի կերպարով, պատմելաոճով, լեզվով, թեմայի ընտրությամբ, այլև հոգու անտեսանելի ինչ-որ լարերի դիպչելու կարողությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում