Օ, ՍԻՐՏՆ ԻՄ…

Օ սիրտն իմ՝ բազմասենյականոց
հանրակացարան,
ու ամեն թռչուն բույն ունի այնտեղ,
ու ամեն անցորդ՝ մի բաժակ թեյ…
Դու, թողած դուռը, պատուհանով եկար,
թողած բաց փեղկը՝ ապակին
կոտրեցիր ու մտար:
Տունը սարսռաց.
ոչ ոք այնպես քնքշորեն
սառը մատներով չէր ճանկռոտել իրեն,
տունը փակեց աչքերը,
որ իրեն ոչ ոք չտեսնի,
ու սիրեց քեզ մտքում, սիրեց:
Կոտրված ապակիները մեկիկ-մեկիկ հավաքեցիր
(հազար բոբիկ մոլորված մարդ է անցնում այդ տեղերով):
Ձեռքերդ սառն էին դանակի պես,
կոկորդիս հպված դանակի՝
գիշերային գողի:
Տունը փակեց ականջները,
որ իր հոգոցները ոչ ոք չլսի,
ու նետվեց կրակի մեջ.
թքած, թե մի քանի այրվածք կստանա:
Խարույկի շուրջ թռչկոտող ամբոխից դու
փախչել էիր ուզում.
ձեռքերդ բռնել էին, ոտքերդ՝ կապել
ու ստիպում էին պարել:
Տունը մռնչաց անկարող
սառը ձեռքերիդ հեռավորոթյունից,
իր այրված, թքոտված, լավ պաստառապատված
պատերի մերկությունից,
վեր-վեր ձգվող ու կապույտին
այդպես էլ չհասնող
պատերի ծուռտիկությունից:
Ժպտաց անկարող ու կողպվեց:

Ռուզաննա ՈՍԿԱՆՅԱՆ

Ռուզաննա Ոսկանյանը ծնվել է 1989թ. Երևանում: Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատու-
րան: Հաճախել է ՀԳՄ «Ցոլքեր» երիտասարդական գրական-լրատվական կենտրոն: Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Ցոլքեր», «Նարցիս», «Միհր» և այլ պարբերականներում, «Բառ և հույս», «Արմատ և լույս», «Խոսք և խոստում», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» և այլ անթոլոգիաներում: 2007թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին՝ «Թափանցիկ անձրևներ», 2013 թվականին՝ երկորդ՝ «Հետո և ավելի հետո» ժողովածուն: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում