Ծնկաչոք եկա քեզ մոտ

Ծնկաչոք եկա քեզ մոտ.
թվաց՝ աշխարհներ եմ կտրել-անցել,
թվաց՝ ուր որ է քեզ կհասնեմ:
Ասացիր՝ խոնարհ եղիր ու կհատուցեմ,
ասացիր՝ ծառա եղիր ու կփրկեմ,
բայց դուռդ կրնկակոխ բացված գտա,
աթոռները հիմարաբար
իրար վրա կիտված,
բաժակներում գինի չկար,
իսկ ափսեներում՝ հաց:
Ասացիր՝ բացված դուռ թե տեսնես,
փակիր, խեթ չնայեն հանկարծ,
ասացիր՝ գայլ թե տեսնես, շոյիր,
ասացիր՝ թե հայհոյեն,
ականջներդ փակիր
ու էլի շատ բաներ ասացիր
ծնկաչոք արձանիս առաջ կանգնած…

Ռուզաննա ՈՍԿԱՆՅԱՆ

Ռուզաննա Ոսկանյանը ծնվել է 1989թ. Երևանում: Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատու-
րան: Հաճախել է ՀԳՄ «Ցոլքեր» երիտասարդական գրական-լրատվական կենտրոն: Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Ցոլքեր», «Նարցիս», «Միհր» և այլ պարբերականներում, «Բառ և հույս», «Արմատ և լույս», «Խոսք և խոստում», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» և այլ անթոլոգիաներում: 2007թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին՝ «Թափանցիկ անձրևներ», 2013 թվականին՝ երկորդ՝ «Հետո և ավելի հետո» ժողովածուն: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում