USD
EUR
RUB

Թռչնաձուկը

 
 

Կա՞ր, թե՞ չկար, չկա՞ր, թե՞ կար…
Կա´ր: Չկային չե´մ հավատում…
Ծովում ոսկե մի ձկնիկ կար,
Իսկ երկնքում` ոսկե թռչուն:

Ձուկը երգն էր, բախտն էր ծովի`
Ոսկեթեփուկ, ոսկելողակ`
Ձկնիկն էր նա հորինովի,
Կապույտ ծովում` փոքրիկ շողակ:

Չէր ճանաչում ոչ ոք նրան.
Ապրում էր գոհ, ձկնավայել,
Նրա համար ոչ մի ձկնորս
Դեռ ոսկեղեն ցանց չէր կարել:

Ծովից բարձր, լազուրում պերճ,
Երկնքի լուրթ մաքուր ծոցում
Թևածում էր, երգում անվերջ
Մի հորինված ոսկե թռչուն:

Չէր նկատել ոչ ոք նրան,
Չկար նրան փնտրող աչքեր,
Նրա համար ոչ մի որսորդ
Չէր հորինել ոսկե նետեր…

Ապրում էին ձուկ ու թռչուն`
Միայնակ, գոհ ու անընկեր,
Մեկն իր ծովի կապույտ գրկում,
Մյուսն իր ծավի երկնքին տեր:

Հետո ինչպե՞ս, ինչպե՞ս եղավ`
Ձուկը մի օր իր երազում,
Մի լուրթ կապույտ երկինք տեսավ
Ու երկնքում`ոսկե թռչուն:

Իսկ թռչունը տեսավ ծավի
Անեզրություն մի ալեծուփ,
Ուր թռչում, թե լող էր տալիս
Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ…

Երբ ցնորքը հալվեց-անցավ,
Ասես երբեք չէր էլ եղել,
Ձուկը միայն նոր հասկացավ,
Որ երբեք չի նայել վերև:

Նայեց, տեսավ ծովի վրա
Ուրի՜շ- ուրի՜շ եթեր մի լուրթ,
Ուր թռչում թե լող էր տալիս
Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ…

Ձուկը ուզեց երկինք լողալ`
Ինքնասպան ճիգով անզոր,
Անվե ՜րջ- անվե՜րջ վեր բարձրանալ,
Գրկել անհաս երազն իր նոր…

Լո´կ մի վայրկյան պոկվեց ջրից,
Թվաց` ամբողջ մի դար տևեց,
Ու շնչահեղձ ընկավ նորից
Ծովի կապույտ ջրերի մեջ:

Նա զգաց, որ երկինք չունի
Եվ չունի վեր տանող թևեր,
Որ Արարչի հորինումը
Նրան որպես ձուկ է ձևել…

Եվ ծովը, որ չուներ սահման,
Դարձավ հանկարծ նեղ մի վանդակ,
Ինքը` խխունջ որդանման,
Անձև, անշուք ու այլանդակ:

Իջավ-սուզվեց խորքը ծովի,
Բանտվեց մի մութ, խուլ անձավում,
Ուր արևի ոչ մի շողիկ
Ու ոչ մի ձայն չէր թափանցում:

Ուխտեց` երբեք չբարձրանալ,
Ապրել իր մութ մղձավանջում,
Չտառապել, չցանկանալ
Ո´չ թռիչք, ո´չ անմիտ անկում:

Իսկ թռչունը ծովի վրա
Իր բախտի ձուկն էր որոնում,
Ցած էր կանչում ծովը նրան,
Ալիքների խաղով գերում:

…Մի գիշեր, երբ խավարը սև
Ծով ու երկինք մութով պատեց,
Հանկարծ ցածում ջրերի մեջ,
Հավքը ձկանն իր նկատեց…

Ճիչով անզուսպ, ինքնամոռաց
Հավքը իրեն ծովը նետեց,
…Անդրադարձը լուսնի դողաց,
Լուսնեղջյուրը ամպում խեղդվեց…

Երկնքից լուրթ երազների
Թե կարոտի ծովից կապույտ,
Հրաշքներով այգը հղի
Ծնեց ոսկե մի թռչնաձուկ…

Որդին` երկու Կապույտների,
Որ չգիտե ոչ մի սահման,
Մեկ թռչում, մեկ լող է տալիս,
Թռչունի ու ձկան նման,

Որ Կարոտը հավերժ թևի,
Որ Երազը մնա անեղծ,
Տենչը Սիրո հարատևի
Թե´ երկնքում, թե´ ծովի մեջ:

Կա ՞ր, թե ՞ չկար, չկա ՞ր, թե ՞ կար…
Կա´ր, չկային չեմ հավատում…
Ես երազում նրան տեսա,
Դուք էլ փնտրեք ձեր երազում:

Սամվել ԶՈՒԼՈՅԱՆ

Բանաստեղծ  Սամվել Զուլոյանը  ծնվել է 1956թ. Կիրովականում (այժմ Վանաձոր):
Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետը: Առաջին անգամ տպագրվել է 1979թ. «Ավանգարդ» թերթում: Պարբերաբար տպագրվել է հանրապետական մամուլում:

Հայաստանի Գրողների միության անդամ է 1995-ից:
1996-2000թթ. եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահը:

Վախճանվել է 2000թ.:

Հետմահու լուսյ է տեսել նրա “Մարդը պատի վրա” բանաստեղծությունների ժողովածուն, որ ներառում է հեղինակի գրեթե ամբողջ գրական ժառանգությունը:

Լրահոս
Ալ այլուղս Պատմի՛ր նրա մասին «Եթե ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանից բացի մյուսների տներն էլ մտնի, այնքան գողացված նկար կգտնի, որ կարող է մի մեծ պատկերասրահ լցվի»․Սամվել Գալստյան Ուր ես, մայր իմ Կիկաբիձեն 80-ամյակը կնշի Բաթումիում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արամ Մանուկյանի արձանի բացմանը Միսակ Խոստիկյան. «Ամենայն հայոց» ոճով խոսակցությունները ոչնչի չեն տանում» Ջորջ Քլունին ամենաբարձր վարձատրվող դերասանն է Հանդիպում Երևանի թ.135 դպրոցի աշակերտների հետ Լիլիթ Մակունցը` հեղափոխությունը թանգարան «տեղափոխելու» մասին Մեր կառույցներն որևէ առնչություն չունեն պետական բյուջեի հետ. Կարեն Աղամյան Կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան Այս անբարտավան գործողությունները ուղղված են ոչ թե կաթողիկոսի, այլ Առաքելական եկեղեցու դեմ. Լարիսա Ալավերդյան «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի տնօրինությանը նախազգուշացվել է Ի՞նչ տարբերություն… Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած Հին ուրվականները Գուլո Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ վերադառնալ Մոնտե Կառլոյի օպերային թատրոն» «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ Սուրբ Մեսրոպ Մենավոր ծառ Աղուեսական Վանիչկա Տխուր երեխա Ձյուն Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ Հասմիկ Պապյան․ Աշնանային երգեր Հայ և հայություն «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են Մի լուսանկարի պատմություն Գարուն Բադիկ Կատու Աշուն
website by Sargssyan