Ինձնից մինչև Ես

Հորիզոնը դեռ տանում է երեկվա
Շշուկները, խորհուրդները հեռավոր…
Սուտ է, արդեն ինձ չես գտնի, ես չկամ,
Վաղն իմը չէ, չեմ ունենա և այսօր:
Լոկ ստվերս է հուշում ձևը իմ նախկին,
Ու իմ գոյը ես տանում եմ նրա մեջ.
Այն ո՞վ էր, որ ինձ անվանեց առաջին-
Առաջինը վերջնագծին ինձ գամեց:
Ու տանում է հորիզոնը երեկվա
Պաղ դիակս ամփոփելու սնամեջ
Այն տուփի մեջ, որ կոչվում է ապագա…
Հեռանում եմ` որոնելով ինձ անվերջ:
Ամենուրեք, ամեն ինչում, միշտ առկա`
Ես կամ այսօր` երեկվա ու վաղվա մեջ:

Ես կամ այսօր` երեկվա ու վաղվա մեջ,
Ես լոկ ձև եմ, ես ստվերն եմ իմ նախկին.
Այն ո՞վ նետեց իմ վրա քարն առաջին,
Ո՞վ էր, արդյոք, որ ինձ ինձնից դուրս վանեց:
Ո՞վ դարձրեց ինձ ինձանից այսքան մեծ-
Համր ու անկյանք` քարե արձան Աստծու…
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց,
Առաջինն ո՞վ ինձ սպանեց իմ ձեռքով:
Ու քայլում եմ ստվերացած երկնքով,
Ես` կիսով դև և կիսով չափ դեռ անեղծ,
Ժամանակի անչափելի եզերքով
Քարշ եմ տալիս ուրվականն իմ սուտ ու կեղծ…
Այն ո՞վ էր, որ ինձ սպանեց իմ ձեռքով,
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց:

Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց,
Եվ ու՞մ առաջ պիտի ծնկեմ մեղավոր:-
Նախամեղքը` «սին ու չնչին» մի խնձոր,
Որի համար երկինքն ինձ «գող» համարեց:
Ո՞վ «մեղսագործ» խարանեց իմ ճակատին,
Դատապարտեց ինձ կրելու մեղքն իմ հոր,
Ո՞վ դարձրեց ինձ մուրացիկ դրախտի,
Ո՞վ դարձրեց ինձ դժոխքի թագավոր…
Եվ ես անվերջ արարելով ինձ կրկին,
Ես` բանական, մի բանական մտագար,
Կմոտենամ ինձ ի՛նձ կապող կամրջին,
Դեն նետելով թե՛ մեղավոր, թե՛ արդար,
Ու կարարվեմ նորից Ջրից ու Հողից`
Եվ ես կրկին կմոտենամ ինձ նորից:

Եվ ես կրկին կմոտենամ ինձ նորից
Եվ ճակատիս պիղծ դրոշմը նզովքի
Երկրի մաքուր ցողով պիտի լվանամ`
Առած մի նոր մարմին, գտած` նոր հոգի,
Որ ստվերս անկյանք նորից մարդանա…
Եվ թույլ ու խեղճ իմ աչքերը լուսնոտի
Պիտի կրկին երկրային փայլ ստանան,
Եվ դեն նետեմ մղձավանջն այս հնոտի…
Մերկ ու մաքուր նախահոր պես իմ նորից`
Կզգամ դարձյալ տենչն այն հսկա կարոտի,
Այն կարոտի, որ ժառանգել եմ հողից,-
Այն, որ միշտ կա թե՛ ծառի մեջ, թե՛ խոտի…
Ես` արարված երկրի կավե խմորից-
Մարդն արարիչ, ՀԱՅՐԸ մարդու և ՈՐԴԻՆ:

Սամվել ԶՈՒԼՈՅԱՆ

Բանաստեղծ  Սամվել Զուլոյանը ծնվել է 1956թ. Կիրովականում (այժմ Վանաձոր):
Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետը: Առաջին անգամ տպագրվել է 1979թ. «Ավանգարդ» թերթում: Պարբերաբար տպագրվել է հանրապետական մամուլում:

Հայաստանի Գրողների միության անդամ է 1995-ից:
1996-2000թթ. եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահը:

Վախճանվել է 2000թ.:

Հետմահու լուսյ է տեսել նրա “Մարդը պատի վրա” բանաստեղծությունների ժողովածուն, որ ներառում է հեղինակի գրեթե ամբողջ գրական ժառանգությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում