«Որպեսզի ֆիլմը ստացված լինի, անհրաժեշտ է հետաքրքիր պատմություն ունեցող հերոս» Թերրի Ջորջ

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ օրերս Հայաստանում էր օսկարակիր կինոռեժիսոր, The Promise և Hotel Rwanda ֆիլմերի ռեժիսոր Թերրի Ջորջը։

Սեպտեմբերի 23-ին՝ ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում, Թերրի Ջորջը հայ երիտասարդ կինոգործիչների ու ֆիլմասերների համար անցկացրեց վարպետության դաս՝ կիսվելով մասնագիտական գաղտնիքներով և փորձառությամբ։ Այս մասին տեղեկացնում է cultural.am-ը։

Օսկարակիր ռեժիսորը վարպետության դասի ընթացքում հիմնականում ներկայացնում և զուգահեռներ էր տանում Ցեղասպանության թեմայով նկարահանած իր երկու ֆիլմերի միջև՝ The Promise և Hotel Rwanda։

«Ինձ համար ֆիլմ ստեղծելը հերոսին գտնելու պրոցես է։ Որպեսզի ֆիլմը ստացված լինի, անհրաժեշտ է հետաքրքիր պատմություն ունեցող հերոս։ Այդպիսին էր The Promise-ի հերոս Միքայելի պատմությունը»,- պատմում էր Թերրի Ջորջը՝ նշելով, որ նախքան The Promise-ի նկարահանման աշխատանքները սկսելը նա եղել է Ստամբուլում, այցելել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին։

Ռեժիսորի խոսքով՝ բացի տպավորիչ սցենարից և հերոսներից, որակյալ և հետաքրքիր արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է լսարանին փոխանցել զցացմունքների «փունջ»։

«Նրանք, ովքեր ապահովում են ֆիլմի ստեղծման ֆինանսական կողմը, բնականաբար ցանկանում են իրենց ներդրած գումարը հետ վերադարձնել։ Իսկ լսարանը ցանկանում է վճարել և զվարճանալ։ Դրա համար անհրաժեշտ է կարողանալ կադրերով կամ որևէ երկխոսության միջոցով փոխանցել զգացմունքներ՝ ծիծաղ, տխրություն, հրճվանք և այլն»,– մանրամասնում էր Թերրի Ջորջը։

Նշենք, որ սա օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի երկրորդ այցելությունն էր Հայաստան։ Առաջին անգամ նա Հայաստան այցելել էր 2013 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում