Դսեղում բացվել է Թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը

Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում բացվել է թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը: Նոր ենթակառուցվածքային շինությունը կառուցվել է ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանի ներդրումներով։

Այս մասին տեղեկացնում է  Panorama.am։

Միջոցառմանը ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն պատմել է, ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրասբեկյանն ասել է, որ տուն-թանգարանում սանհանգույց չկա:

«Եվ մենք որոշեցինք կառուցել: Սանհանգույցի գաղափարը հանգեցրեց նաև բացօթյա ցուցասրահ ու հանգստյան տաղավար ունենալու մտքին: Հետագայում ծնվեց նաև բակն ու հարակից հրապարակը թումանյական հերոսների քանդակներով զարդարելու գաղափարը: Ուզում եմ ընդգծել, որ այս ամենն ընդամենը նախապատրաստական աշխատանքներ են, որպեսզի մենք կարողանանք 2019-ին պատշաճ մակարդակով նշել Թումանյանի 150-ամյա հոբելյանը»,- ասել է նա:

Լոռու մարզպետարանի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն քանդակները նվիրվում են համայնքին:

«Թումանյանի տուն-թանգարանում սանհանգույց չունենալն անընդունելի էր: Շնորհիվ մեր բարերարի, թանգարանն այսօր ունի ոչ միայն սանհանգույց, այլև փոքրիկ ցուցասրահ ու տաղավար, որտեղ հնարավոր է հուշանվերների վաճառք իրականացնել: Սա հրաշալի նվեր էր ոչ միայն Դսեղին, այլև ողջ Լոռու մարզին»,-ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանն էլ նշել է, որ կատարված փոփոխությունները նոր շնչառություն են հաղորդել թանգարանին: Շատերը գալիս են՝ հաշվի չառնելով անգամ վերակառուցվող ճանապարհի դժվարությունները:

Այցելուներն ավելի երկար են մնում թանգարանի տարածքում, լուսանկարվում ու հաճելի ժամանակ անցկացնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում