Ընկալ քաղցրութեամբ

Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ.
Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս.
մատիր գթութեամբ առ պատկառեալս դիմօք.
փարատեա, ամենապարգեւ, զամօթական տխրութիւնս.
բարձ յինէն, ողորմած, զանբերելի ծանրութիւնս.
անջրպետեա, հնարաւոր, զմահացու կրթութիւնս.
աւարեա, միշտ յաղթող, զխաբողին հաճութիւնս.
բացադրեա, վերնային, զմոլելոյն մառախուղ.
կնքեա, կեցուցիչ, զկորուսչին ընթացմունս.
ցրուեա, ծածկատես, զըմբռնողին չար գտմունս.
խորտակեա, անքնին, զմարտողին դիմեցմունս:
Տեառնագրեա քո անուամբդ զլուսանցոյց երդ յարկիս.
պարփակեա քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս.
գծագրեա քո արեամբդ զմուտ սեմոց սենեկիս.
կերպացո զքո նշանդ ի հետս ելից մաղթողիս.
ամրացո քո աջովդ զհանգստեանս խշտի.
մաքրեսցես ի հաղբից զծածկարան անկողնոյս.
պահեսցես քո կամօքդ զտառապեալ անձն ոգւոյս.
անխարդախ արասցես զքո շնորհեալ շունչ մարմնոյս.
կացուսցես շրջափակ զպար զօրուդ երկնայնոյ.
կարգեսցես ի դիմի ընդդէմ դիւացն դասու:
Տուր հանգիստ բերկրութեան մահահանգոյնս նիրհման ի խորութեան գիշերիս,
բարեխօսութեամբ հայցուածոց սրբուհւոյ Աստուածածնիդ՝ եւ ամենայն ընտրելոց:
Ամփոփեալ պարուրեա զպատուհան տեսութեանց զգայարանացս իմաստից,
անզարհուրելի զետեղմամբ ի ծփական խռովութեանց,
կենցաղական զբաղմանց, անրջական երազոց, խօլականաց ցնորից,
յիշատակաւ քո յուսոյդ անվնասելի պաշտպանեալ:
Եւ սթափեալ վերստին ի ննջմանէ ծանրութեան ամենազգաստ արթնութեամբ,
հոգենորոգ զուարթութեամբ ի քեզ արձանացեալ,
զայս ձայն մաղթանաց` բուրմամբ հաւատոց քեզ ամենօրհնեալ թագաւոր փառաց անճառից,
փառաբանողաց երկնագումար խմբից երգակցեալ յերկինս առաքել:
Զի դու փառաւորեալ ես յամենայն արարածոց յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» երկի ԺԲ գլխից մի հատված է, որ երգվում է Հանգստյան ժամերգության ժամանակ։ Հանգստյան ժամերգությունը Հայ Եկեղեցու 9 ժամերգություններից վերջինն է, որ կատարվում է ուշ գիշերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում