Հայրերի հող

Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,
և կարոտից արտասվում են օտար սրճարաններում
և չգիտես թե ուր լողացող նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին, Գյումրիում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Գրել և տպագրվել սկսել է դպրոցական տարիներից։ «Երգեր առանց երաժշտության» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին։

Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում՝ «Չուղարկված նամակներ» (1985), Ֆրանսիայում՝ «Constitution» (2007), Իրանում՝ «Բոլորովին ուրիշ աշուն» (2009)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում