Ես այնքան բարի եմ․․․

…ու ցրտից չմեռնելու համար
(ես այնքան բարի էի) փաթաթվեցի քեզ,
և հուշեց գիշերը մաքուր արտագրված,
որ ոչ ոք չի նկատել
թուլությունս հավիտենական…
…այնքան բարի եմ,
որ կարող եմ մոռանալ քեզ` առանց տանջելու,
իսկ փողոցում թափառում է գարշահոտը մենակության.
ինչ լավ է, որ տանն եմ.
երնեկ հիմար լինեմ ու հավատամ,
որ մյուս ծայրում խոսափողի
դու ես լռում ինձ հետ,
հեքիաթասպան իմ սեր.
կրկին հեքիաթ եմ հորինել զվարճանքիդ համար.
կհանդիպենք ճիշտ նույն ժամին ու նույն տեղում.
այնքան բարի եմ, որ չեմ գալու…

Ռուզաննա ՈՍԿԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում