Գայլն ու Գառը

Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից.
Մեկ էլ դեմի ձորակից
Գայլն է կտրում վեըեւը,
Խոսքին տալով էս ձեւը.
– Էս ի՞նչ լրբություն,
Ի՞նչ հանդգնություն.
Ա՜յ, դու փսլնքոտ,
Ոչխարի լակոտ,
Դու ինչի՞ տեր ես.
Որ գաս դնչովդ,
Քթով-պնչովդ
Ջուրս պղտորես.
Բռնեմ դունչդ
Կտրի շունչդ:
– Մի՛ բարկանար, պարոն գայլ,
Քեզնից ցած եմ քանի քայլ,
Էնպես բան ես ասում որ …
– Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր,
Էդ էլ չլինի հերվանը,
Չեմ մոռացել էն բանը,
Որ հենց էստեղ, նույն օրը,
Հայհոյեցիր իմ հորը:
– Մի տարեկան դեռ չկամ …
– Է՛հ, եղբայրդ էր, անզգամ:
– Ես մի ծին եմ, մինուճար:
– Խնամիդ էր անպատճառ,
Կամ մեկը ձեր պիղծ ցեղից:
Էլ ժաժ չգաս քո տեղից,
Ձեր շների,
Հովիվների
Ոխը քեզնից ես հանեմ,
Տես, գլուխդ ինչ բերեմ:
Ասավ,
Հասավ
Գառանը,
Առավ, թռավ
Անտառը:
Էստեղ ինչն է գլխավոր:
Ուժեղի մոտ
Միշտ էլ թույլն է մեղավոր:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ(Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում