Ազատություն

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նրանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։

Միքայել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում